September 25, 2023

Պատշաճ արձագանքը կլինի միջազգային հանրության կողմից ԼՂ անկախության ճանաչումը. Նիկոլ Փաշինյան

Ֆրանսիացի լրագրողի՝ վարչապետ Փաշինյանին ուղղած հենց առաջին հարցը հրադադարի մասին է։ «Թիվիսընքմոնդի» մեկնաբանը հետաքրքրվում է՝ արդյոք 12-օրյա մարտերից հետո այս երեկո Հայաստանի ղեկավարը Ղարաբաղում հրադադարի կո՞չ է արել։ Փաշինյանն արձագանքում է հստակ, նկատում, որ Ղարաբաղի հայությունն այժմ ցեղասպանության վտանգի առաջ է, առերեսվում է ահաբեկչական հարձակման հետ, և այս իրավիճակում իր կոչը միջազգային հանրությանը այլ բանի մասին է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այս պահին Ղարաբաղի հայությունը գոյութենական վտանգի առաջ է, ցեղասպանության վտանգի առաջ և առերեսվում է ահաբեկչական հարձակման հետ: Այսօր խաղաղ քաղաքները, քաղաքացիական ենթակառուցվածքները, ներառյալ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը, հրթիռակոծվում են ըստ էության շուրջօրյա: Եվ այս իրավիճակում, երբ Ղարաբաղը կանգնած է հումանիտար ճգնաժամի և ցեղասպանության վտանգի առաջ, իմ կոչն այն է, որ նախ եվրոպական հանրությունը, միջազգային հանրությունը դատապարտի ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական հարձակումը:

Փաշինյանը կրկին ընդգծում է՝ լայնածավալ պատերազմն Ադրբեջանը սկսել է Թուրքիայի քաջալերմամբ և անմիջական մասնակցությամբ: Թեման շարունակելով՝ ֆրանսիական հեռուստաընկերության լրագրողը հետաքրքրվում է՝ արդյոք կա՞ն ապացույցներ, որ թուրքիան ցեղասպանություն է պլանավորում։ Վարչապետն արձագանքում է՝ թուրքիան Սիրիայից վարձկաններ և ահաբեկիչներ է տեղափոխել Ադրբեջան։

Նիկոլ Փաշինյան – Այն, ինչ տեղի է ունենում հիմա Ղարաբաղում հենց դրա վկայությունն է, այլապես ինչի՞ համար են եկել ահաբեկիչները Ղարաբաղ, իսկ ինչի՞ համար են շուրջօրյա հրթիռակոծվում խաղաղ բնակավայրերը: Եվ ես ասում եմ, որ հարյուր տարի անց Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու հայ ժողովրդի ցեղասպանության քաղաքականությունը:

Ընդ որում՝ ինձ համար ակնհայտ է, որ դա ունի կոնկրետ աշխարհաքաղաքական պատճառ, որովհետև Հարավային Կովկասի հայերը Թուրքիայի ճանապարհի վերջին խոչընդոտն են՝ շարունակելու էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք: Եվ սա պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում Հունաստանի նկատմամբ, Կիպրոսի նկատմամբ, այն քաղաքականության, որ վարում է Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, և սա թուրքական կայսրությունը վերականգնելու քաղաքականություն է: Եվ ըստ էության, ես համոզված եմ, որ հենց այս հարցն է լուծվում Հարավային Կովկասում:

Վարչապետը կրկին շեշտում է՝ այս իրավիճակում պատշաճ արձագանքը կլինի այն, որ միջազգային հանրությունը և եվրոպական երկրները իրենց մեջ ուժ գտնեն, վճռական քայլ անեն ու ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Նման ակնկալիք Փաշինյանն ունի նաև Ֆրանսիայից։

Նիկոլ Փաշինյան – Կարող եմ ուղիղ ասել՝ ակնկալում եմ, որ Ֆրանսիայի նախագահը և Ֆրանսիան ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև այն մտահոգությունները, որ Էմանուել Մակրոնը բարձրացրել է, այսօրվա իրավիճակում այդ մտահոգությունները լուծելու այլ տարբերակ ուղղակի չկա, որովհետև սա կարող է վերածվել մի մեծ հումանիտար աղետի: Բայց որը նաև իր ահաբեկչական ճառագայթները և իր ահաբեկչական ալիքները կարող է տարածել մեր տարածաշրջանում ավելի լայն իմաստով: Եվ իհարկե, սա ուղիղ սպառնալիք է գլոբալ անվտանգությանը՝ հաշվի առնելով Թուրքիայի գործոնը և քաղաքականությունը։

Հարցազրուցավարը նաև հետաքրքրվում է տարածաշրջանում Ռուսաստանի դերով, նկատում՝ Դաշնությունը առանձնահատուկ հարաբերություններ ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ: Ըստ նրա՝ ադրբեջանցիների համար Պուտինը դժվար հասանելի է, բայց Փաշինյանի հետ կապի մեջ է: Մեկնաբանն ուղիղ է հարցնում՝ ինչ է Փաշինյանը խնդրել Ռուսաստանի նախագահից:

Նիկոլ Փաշինյան – Մենք մշտական կապի մեջ ենք Ռուսաստանի նախագահի հետ, և Ռուսաստանն այստեղ մի քանի դերակատարում ունի: Նախ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող երկիր է, և երկրորդ՝ Ռուսաստանն ունի որոշակի անվտանգային պարտավորություններ: Հայաստանը և Ռուսաստանն ունեն անվտանգային ոլորոտում ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ: Այս առումով, Ռուսաստանն անվտանգային որոշակի պարտավորություններ ունի Հայաստանի Հանրապետության նկատմամբ, և երեկ էլ Ռուսաստանի նախագահը հրապարակային հայտարարեց, որ Ռուսաստանն ըստ անհրաժեշտության իր անվտանգային պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ կկատարի:

«Թիվիսընքմոնդի» մեկնաբանը մեջբերում է նաև Թուրքիայի ու Ադրբեջանի՝ Ղարաբաղի տարածքներն օկուպացնելու պնդումները: Ըստ լրագրողի՝ այդ երկրները հղում են միջագզային իրավունքին, նշում ՄԱԿ-ի բանաձևերը։ Փաշինյանն արձագանքում է՝ շատերն են խոսում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ մինչև 1993 թվականն ընդունված բանաձևերի մասին, բայց ոչ բոլորն են ուշադիր կարդացել, թե ինչ է գրված այդտեղ։

Նիկոլ Փաշինյան – Այդ բանաձևերում գրված է, որ Ադրբեջանը, խախտելով զինադադարի միջազգային պայմանավորվածությունը, դրա արդյունքում ունեցել է տարածքային կորուստներ, որովհետև Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերը ստիպված են եղել պաշտպանվել, այսինքն՝ արձագանքել հրադադարի այդ խախտմանը: Շատերն ասում են, մեջբերում են Հայաստանին այդ համատեքստում, բայց Հայաստանի ներգրավվածության մասին Անվտանգության խորհրդի բանաձևերում որևէ բան գրված չէ:

Ես էլի ուզում եմ ընդգծել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն ընդունվել են 1993 թվականին, շատ կոնկրետ օպերատիվ իրավիճակում և վերաբերել են հենց այդ կոնկրետ օպերատիվ իրավիճակին: Իսկ դրանից հետո ձևավորվել է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային ֆորմատը, և ԵԱՀԿ Մինսկի համանախագահության մասին է խոսքը, որը որոշակի բանաձև է առաջարկել, աշխատանք է իրականացրել հարցի կարգավորմանը հասնելու համար:

Հեղինակ`Անուշ Մուրադյան

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4