October 30, 2020

Իսրայելական անօդաչուները՝ Լեռնային Ղարաբաղի երկնքում

Վերեւից նայող աչքը

Սպասում ենք դիրքեր գնալու թույլտվությանը․ հրետանու մարտ է ընթանում: Գրեթե առանց դադարի՝ մի քանի ժամ երկու կողմից հարվածներ են հասցնում: Այս պատերազմում էլ հրետանին ստանձնել է հիմնական ծանրությունը: Ու հակառակորդն ամենուր փնտրում է նրանց տեղակայման վայրերը՝ հարվածներ հասցնելու համար: Մերոնք էլ անընդհատ շարժման մեջ են: Մեքենայի մեջ նստած սպասում եմ, փորձում եմ նկարագրել անօդաչու սարքի ձայնը, չի ստացվում: Յոթ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարբեր բնակավայրերում, շփման գծի տարբեր հատվածներում լսել եմ դրա ձայնը: Բայց հիմա մեքենայի մեջ նստած փորձում եմ նկարագրել դրոնի ձայնը, չի ստացվում: Մի քիչ մեղվի բզզոցի է նման, բայց դա հետախուզություն իրականացնողն է, իսկ «կամիկաձեն» լրիվ «լավ տղայի» կերպարի է նման, թքած ունի ամեն ինչի վրա, կորցնելու բան չունի, իր համար կանոն չկա, ինքնասպանության գնով ոչնչացնում է իր «ընտրյալին»:

Հետախուզականը միանգամայն այլ է՝ զգույշ, խորամանկ, հետախույզի նման, փորձում է աննկատ մնալ: Գալիս է տեղեկություններ հավաքելու եւ հաղորդելու: Վերեւից նայող աչքը՝ անօդաչուն, ներքեւում ամեն ինչ տեսնում է, նկարում բոլոր մանրուքներն ու փոխանցում կառավարման կենտրոն, որտեղ հաշվարկներից հետո այդ տվյալները դառնում են կոորդինատներ: Հարավի մի հատվածում՝ դիրքերի մոտ, նման մի անօդաչու կանգնել էր մեր գլխավերեւում, բոլորս տեսնում էինք․ կարծես անթարթ կանգնել էր տեղում ու բզզում էր: Հանգիստ էր, երեւի տեսել էր, որ իրեն խոցելու հարմար զենք չկար ներքեւում: Դիրքեր եկած կամավորականների խումբը սկսում է կրակել անօդաչուի ուղղությամբ: Այն մի քիչ թեքվեց մի կողմի վրա եւ սկսեց բարձրանալ, հետո անտեսանելի դարձավ, սակայն ձայնը լսվում էր: Այս պատերազմում երկու հիմնական դերակատարներ կային առաջին շաբաթը՝ նրանց անօդաչուները եւ մեր հրետանին:

Իսրայելը եւ Թուրքիան Ադրբեջանի անօդաչու սարքերի հիմնական մատակարարներն են: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում խփված իսրայելական անօդաչու սարքի դետալներից մեկն է, որի վրա գրված է՝ «Made in Germany» (տես լուսանկարը): 

Գերմանացի իմ գործընկերներին առաջարկում եմ հետաքննել, թե ինչպես են Գերմանիայում արտադրված դետալները, հայտնվելով իսրայելական մասնավոր ընկերություների ձեռքում, դառնում մահաբեր «կամիկաձեներ»՝ օգտագործվելով խաղաղ բնակավայրերի ավերման եւ խաղաղ բնակիչների մահվան համար:

Իսրայելական անօդաչու սարքերի մասին այստեղ խոսում են բոլորը՝ զինվորականները, խաղաղ բնակիչները: Քաղաքաներում գիտեն, որ երկնքում դրոնների հայտնվելուց որոշ ժամանակ հետո տարբեր զինատեսակներից սկսում են հրետակոծել եւ հրթիռակոծել այդ վայրերը: Ստեփանակերտում, Հադրութում, Շուշիում ավերվել են շենքեր ու շինություններ, ենթակառուցվածքներ: Ադրբեջանական զինված ուժերն իսրայելական անօդաչուները լայնորեն սկսել են օգտագործել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ 2016 թ. ապրիլյան հարձակման ժամանակ։

«2016 թ. ապրիլի 2-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՊԲ-ի կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում շարքից հանվել է 20 անօդաչու թռչող սարք»,-2018 թ․ հունիսին ֆեյսբուքյան իր էջում գրել էր  ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Առաջին անգամ իսրայելական անօդաչու սարք խփել ենք 2011 թ.: Վերջին 10 ամսվա ընթացքում մեր զինուժը խոցել է իսրայելական արտադրության 3 հատ անօդաչու թռչող սարք, որից 2 միավորը «Orbiter-3» է, վերջին խփածը՝ «Orbiter-4»»,- այս տարվա օգոստոսին «Հետքին» տված հարցազրույցում ասել է ԼՂՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը:

Սեպտեմբերի 27-ին ադրբեջանական բանակը լայնածավալ հարձակումը սկսել է իսրայելական «կամիկաձեների» կիրառմամբ:

Հայաստանն առայսօր այս կապակցությամբ պաշտոնապես որեւէ բողոքի նոտա չի հղել Իսրայելին։ Բայց հոկտեմբերի 1-ին ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ Իսրայելից Ադրբեջանին զենք մատակարարելու ֆոնին Հայաստանը որոշել է այդ երկրում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանին հետ կանչել խորհրդակցությունների նպատակով: Սմբատյանն Իսրայելում դեսպան էր նշանակվել 2018 թ. մարտի 31-ին, բայց Թել Ավիվում Հայաստանի դեսպանությունն սկսել է գործել այս տարվա ամռան վերջից (մինչ այդ կառույցը Երեւանում էր)։ Պաշտոնապես դեսպանատունը պետք է բացվեր այս տարեսկզբին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով այն հետաձգվեց ու մինչ օրս տեղի չի ունեցել։

Առաջին լուսանկարում՝ 2016 թ․ ապրիլին Արցախում խոցված իսրայելական ԱԹՍ#Ռազմական գործողություններ Արցախում, 2020

hetq.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4