September 21, 2020

Հայկական շունչը՝ Փարիզի սրտում

Փարիզի 8-րդ թաղամասի Ժան Գուժոն փողոցը մեկ օրով թոթափվել է ամենօրյա անհանգիստ երթևեկությունից և տոնական շնչով է լցվել: Հայկական տարեկան փառատոնն իր լիիրավ ընթացքի մեջ է: Փառատոնը միավորում է ոչ միայն ֆրանսիաբնակ հայերին, այլև Հայաստանին սիրահար ֆրանսիացիներին:

Հայկական փառատոն անցկացնելու գաղափարը Ֆրանսիայի հայոց թեմինն է: Փառատոնի բացման պաշտոնական արարողությանը ներկա էին Փարիզի 8-րդ թաղամասի թաղապետ Ժան դ’Օթստեղին, Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կառվունասը, փոխքաղաքապետ Սարո Մարդիրյանը, Իսսի լե Մուլինոյի փոխքաղաքապետ Արթուր Խանջյանը և այլ բարձրաստիճան այրեր։

Լայնարձակ Ժան Գուժոն փողոցում տեղադրված տաղավարներին միավորում է Հայաստանը ներկայացնելու գաղափարը։ Ֆրանսիայում գործող հայկական միությունների գործունեությունից, մինչև հայկական խորհրդանիշեր, զարդեր, գրքեր, անգամ՝ բերք ու բարիք։

Տիկին Սառադջյանը, Հայաստանից Ֆրանսիա մեղր է ներկրում 2017 թվականից ի վեր, ասում է՝ համի գիտակ ֆրանսիացիների հայկական մեղրը շատ են գնահատում, և այն մեծ պահանջարկ ունի։

Մարի Քրիստին Սառադջյան – Քաշաթաղի մեղրն է, այս մեղրն առանձնահատուկ է նրանով, որ իր մեջ է պարուրում սարերի ծաղիկների համն ու բույրը։ Այն համտեսելիս զգում եք, թե ինչպես է ջերմանում կոկորդը, որին հաջորդում է անմահական համի և բույրի պարֆյումը: Արարատի մեղրն այլ համային հատկանիշներ ունի, այն ավելի սուր համ ունի։ Տավուշի մարզում անցկացվող մեղրի փառատոնի ժամանակ ես բացահայտեցի այս մեղրը, այն եղևնու յուրահատուկ համ ունի և անչափ օգտակար է, ֆրանսիացիները այս մեղրը շատ են սիրում։

Լևոն Բաղդասարյան (Հայ մարմնակրթական ընդհանուր միության Փարիզի մասնաճյուղի ատենապետ) – 1989-են սկսեալ մենք առաջին անգամ ճամփորդեցինք սկաուտներով Հայաստան:
 
Հայ մարմնակրթական ընդհանուր միության Փարիզի մասնաճյուղի տաղավարն ամենաշատ այցելուներ ունեցողներից մեկն էր: Ֆրանսիայում բնակվող հայ երեխաները հենց այստեղ կարող են հայկական միջավայրում զբաղվել ֆուտբոլով և բասկետբոլով:

Ավելի քան 40 տարի Ֆրանսիայում զարդեր արտադրող ընկերության համահիմնադիր տիկին Էլիզաբեթն ամուսնու հետ մի օր որոշեց զարդերին տալ հայկական ուղղվածություն և հաջողեց։ Ավելի քան 5 տարի է, ինչ հայ խաչ անվանումը կրող ընկերությունը, ֆրանսիաբնակ հայերին առաջարկում է կրել հայկական այբուբենն ու հայկական խորհրդանիշերը ներկայացնող ինքնատիպ զարդեր;

Էլիզաբեթ Զեպետյան (ոսկերչական ընկերության համահիմնադիր) – Մեր զարդերը ոչ միայն հայերին են դուր գալիս: 

Փառատոնը բացահայտում էր Տեր-Պողոսյան ընտանիքի համար, պարոն Ավագը ֆրանսուհի կնոջ և երեք զավակների հետ արդեն երկրորդ տարին է այցելում, ասում է՝ նման իրադարձությունները լավ միջոց են երեխաներին ծանոթացնելու հայկական միջավայրի և առհասարակ Հայաստանի հետ:

Ավագ Տեր-Պողոսյան – Միջոցառումը, ըստ իս, հնարավորություն է տալիս վերարժևորելու հայկական մշակույթը, մոտ լինելու հայկական միջավայրին, երեխաներս և կինս նաև այստեղ բացահայտեցին հայկական երգն ու պարը և իհարկե համտեսեցին հայկական ուտեստներ:
 
Մինչ փողոցի մի ծայրում հայկական երաժշտություն է լսվում, մյուս ծայրում հայկական գինու բույրն է տարածվում, ասել է թե՝ հայկական փառատոնը հաջողվել է։

Հեղինակ`Նարե Թադևոսյան

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4