October 30, 2020

Մահացել է իրանահայ ճանաչված գործիչ Լևոն Ահարոնյանը

Հինգշաբթի՝ 27 օգոստոսի երեկոյան, Թեհրանում մահացել է անվանի ազգային-հասարակական գործիչ, գործարար և բարերար Լևոն Ահարոնյանը: Նա ճանաչված անձնավորություն էր Իրանի հայկական և պետական շրջանակներում, Հայաստանում և արտասահմանյան գործարար շրջանակներում: Ծնվել էր 1930 թվականին հայկական պատմական Սալմաստ գավառի Հաֆթվան գյուղում, կրթություն էր ստացել Թեհրանի դպրոցներում և Ճարտարագիտական համալսարանում, ապա մասնագիտացել էր Նիդերլանդներում՝ որպես գյուղատնտես – հողագետ: Մի քանի տարի աշխատել էր Իրանի գյուղատնտեսության նախարարությունում, ապա հմտացել էր միջազգային տրանսպորտի ասպարեզում և հիմնադրել էր միջազգային բեռնափոխադրման «Սաթի» ընկերությունը: Լևոն Ահարոնյանն Իրանի Իսլամական պետության հիմնադրումից հետո եղել է Թեհրանի հայոց թեմական խորհրդի նախագահ, տարիներ վարել է այդ պատասխանատու պաշտոնը և մասամբ նաև պետական շրջանակների հետ ունեցած իր կապերի շնորհիվ, Իրանի հեղափոխական այդ ալեկոծ օրերին՝ համախոհների հետ միասին կարողացել է ցնցումներից զերծ պահել հայկական համայնքը: Լևոն Ահարոնյանն Իրանում ավելի ճանաչվեց, երբ 1980-ի ապրիլի 24-ին, Իրանի պետական ռադիո-հեռուստատեսության առաջին ալիքի լուրերի հիմնական թողարկման ժամանակ ունեցած իր ելույթով,-որպես թուրքական յաթաղանը տեսած Ատրպատականի հայության շառավիղ-, ջախջախեց թուրք դեսպանի ստապատիր ելույթը: Լևոն Ահարոնյանը տարիներ շարունակ եղել է Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ և Իրանի ղեկավարների և գործարարների հետ այցելել է Հայաստան: Նա Հայաստանում կատարել է մի շարք բարեգործություններ՝ այդ շարքում Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի հրդեհից վնասված դպրոցի հիմնանորոգումը, կարիքավոր դպրոցներին գրասեղան նվիրող «Հայ Դպրոց» բարեգործական միության հիմնադրումը և «Հայաստանի կենդանական աշխարհ» թանգարանի նոր շենքի գնումն ու կահավորումը: Իրանաբնակ բարերարի ծախսով Թեհրանում կառուցվել է «Ահարոնյան» մանկապարտեզը և երկու մատուռ: Լ. Ահարոնյանը Իրանի «Հույս» ամսագրի արտոնատերն էր և ֆինանսավորողը: Նա իր կյանքի մայրամուտին գրեց իր հուշերը՝ «Փոթորկոտ կյանքիս օրերը» վերտառությամբ:

aravot.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4