
Բաքվի տավուշյան պարտությունից հետո Ադրբեջանի ռազմա-քաղաքական յուրացումը իրականացնող Անկարան ձեռնամուխ է եղել շղթայական շարունակության, ինչպես ենթադրվում էր: Ադրբեջանի ռազմա-քաղաքական խժռման թուրքական նպատակը բոլորովին չի սահմանափակվում Կովկասով եւ հայկական պետականությունից պաթոլոգիական տագնապով:
Ադրբեջանն Անկարայի համար ցատկահարթակ է դեպի Կասպիցի տարածաշրջան եւ Կենտրոնական Ասիա: Թուրքիան արդեն կատարում է առաջին քայլերը, թիրախավորելով կենտրոնասիական ռեգիոնի միակ ոչ թյուրքական պետությանը եւ էթնոսին՝ Տաջիկստանին եւ էթնիկ տաջիկներին:
Անկասկած է, որ Անկարայի հարվածն ուղղված է Իրանին: Թուրքիան պաշտոնական Տաշքենդի լուռ համաձայնությամբ ձեռնամուխ է եղել Սամարղանդում եւ նրան հարակից տարածքներում բնակվող տաջիկների ճնշման քաղաքականության, ճնշելով այդ շրջանում տաջիկների ազգային ինքնության վերականգնմանն ուղղված նախաձեռնությունները:
Անկարայի ճնշումը հաջողությամբ շարունակելու դեպքում անկասկած էապես բարձրանալու է ռեգիոնում թուրքական ազդեցությունը, իր հերթին բերելով Իրանի ազդեցության նվազման՝ աստիճանական դուրսմղման հեռանկարով: Ընդ որում, դա իր հետ բերելու է Կասպիցի ավազանում Իրանի դերակատարության նվազման վտանգի:
Փաստացի, Թուրքիան «եղբայրության երդումներով» Ադրբեջանը վերածել է ռազմա-քաղաքական հենակետի դեպի Կասպից եւ Կենտրոնական Ասիա: Ինչպես է դա անդրադառնալու այդ ռեգիոնի պետությունների եւ ժողովուրդների Բաքվի հանդեպ վերաբերմունքի վրա:
Այդտեղ առաջին ահազանգը Ադրբեջանը ստացել է շատ ավելի վաղ՝ ղազախ սահմանապահներից: Մեծ հավանականությամբ դա լինելու է առաջին, բայց ամենեւին ոչ վերջինը, հաշվի առնելով Թուրքիայի նկրտումներն ու նախանշվող թիրախները:
Կհաջողվի՞ Անկարային խաղարկել կենտրոնասիական ռեգիոնի բարդ հանգույցներն ու ազգամիջյան նուրբ թելերը սեփական շահերն առաջ տանելու եւ Իրանի համար էական խնդիրներ առաջացնելու գործում: Ինչպե՞ս են հետեւելու դրան Ռուսաստանն ու Չինաստանը, տալու՞ են ռեգիոնալ ազդեցության նոր տարածք Թուրքիային:
lragir.am
Leave a Reply