September 21, 2020

Արցախի Տիգրանակերտը շարունակում է զարմացնել իր գանձերով

Արցախի Տիգրանակերտը շարունակում է զարմացնել հնագետներին: Այս տարվա 40 օր տևած պեղումներն արշավախմբի ղեկավարը արդյունավետ է գնահատում: Ուսումնասիրության հարուստ նյութ են գտել վաղ քրիստոնեական հրապարակում և անտիկ թաղամասերում:

Համլետ Պետրոսյան – Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար – Պատկերացրեք՝ մոտ 100 քառակուսի մետրի վրա 20 թոնիր է բացվել: Այդ թոնիրների մեծ մասը բացօթյա է: Փոքրի թոնիրները բնակարաններում կամ սենյակներում են, մեծ թոնիրները՝ բացօթյա, ինչպես այսօր Արցախում է:

Հնագետ Ինեսսա Կարապետյանը գտածոները դասավորում է խնամքով, որ Երևանում մասնագետները ուսումնասիրեն: Հայտնաբերել են և՛ տեղական գունազարդ խեցեղեն, և՛ ոչ տեղական ծագման ապրանքներ:

Ինեսսա Կարապետյան – Հնագետ – Մենք ունենք, Տիգրանակերտի բրենդ ենք համարում, տեսակներ, որ Տիգրանակերտում են ստեղծվել: Առայժմ մյուս տեղերում չենք հանդիպում, և իրենց շերտագրությամբ իրենք թվագրվում են, օրինակ՝ Ք.ծ.ա. առաջին և մեր թվարկության երկրորդ դարաշրջանով: Եվ որտեղ հիմա որևէ հուշարձանում եթե դրանից գտնվի, թվագրումը պարզ պիտի լինի:

Ամրացված թաղամասն այս տարի ևս արդարացրել է մասնագետների սպասելիքը: Դասական հելլենիստական ճարտարապետությամբ պարսպապատի մի մասը ձգվում է դեպի արքայական աղբյուրներ:

Լյուբա Կիրակոսյան – Ճարտարապետ – Դեպի արևելք իջնող մի պարսպի բազուկ, որն այդ երկարությամբ և այդ մոնումենտալությամբ նախկինում դրսի կողմից կցված մենք չէինք ունեցել:

Տիգրանակերտի պեղումների այս տարվա արդյունքներին ծանոթացել է Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարը: Լուսինե Ղարախանյանն ասում է՝ պատմական քաղաքը պետք է խնամքով պահպանել և շարունակել պեղումները:

Լուսինե Ղարախանյան – Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարար –  Տիգրանակերտը եկավ և չեզոքացրեց ուղղակի հարևան Ադրբեջանի քաղաքական, գիտական բոլոր ավանդազրույցները չակերտավոր՝ իրենց տեղաբնիկ լինելու մասին և ընդհանրապես:

Տիգրանակերտի արշավախումբն այս տարի նաև պեղել է Ցից սար կոչվող տարածքի վաղքրիստոնեական եկեղեցին և ժայռափոր ջրանցքը: Մասնագետները ենթադրում են՝ Տիգրան Մեծի օրոք ջրանցքով Խաչենագետից ջուր են բերել:

Նժդեհ Երանյան – Հնագետ – Ժայռը հեռացնելու փոխարեն թունելներ են փորել: Շատ գեղեցիկ թունելներով, շատ լավ մշակված, մեծ աշխատանք արած: Տեղ-տեղ տեսնում ենք, կարելի է ասել՝ ֆիլտրացման համակարգ են արել:

Արցախի Տիգրանակերտում պեղումներն իրականացվում են 2006 թվականից:

Հեղինակ`Նարեկ Սահակյան

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4