November 23, 2020

Համաժողովրդական տոնակատարություն. այսօր Նավասարդ է

Երկիր մոլորակի կատարած մեկ լրիվ պտույտն Արեգակի շուրջը կոչվում է տարի։ Տարվա գաղափարն առաջին անգամ ծագել է Հին Արևելքի մշակութային կենտրոններից մեկում՝ Եգիպտոսում։ Այն կապվել է Նեղոս գետի վարարման հետ։ Նեղոսի վարարման սկիզբը համընկնում էր Սիրիուս աստղի երևալուն։ Եվ ահա, այդ աստղի և Նեղոսի վարարման միջև ընկած ժամանակաշրջանն էլ կոչեցին տարի։

Այսպես, օրինակ, հին պարսիկների նոր տարին սկսվում էր գարնանային գիշերահավասարից և կոչվում էր «վարդի և գինու» օր։ Հետագայում այն ընդունեց մուսուլմանական աշխարհը և դրան տվեց «Նովրուզ» անունը, որն այսօր էլ նշում են մեծ շուքով։ Ռուսները նոր տարին նշում էին սեպտեմբերի մեկին, անգլիացիները՝ մարտի 26-ին, իսկ Ֆրանսիայում այն զուգադիպում էր Զատկի տոնին։

Հին հայկական օրացույցով տարին ուներ 13 ամիս. 12 ամիս՝ 30 օրով, ու ևս մեկ ամիս, որը բաղկացած էր միայն հինգ օրից: Այն տևում էր օգոստոսի 6-10-ը և կոչվում էր «հավելյաց:

Հին տարուց անցումը նոր տարվան ժամանակին մեր պապերը տոնել են գարնանը, գարնանային օրահավասարին, և համարվում է, որ ընդհուպ մինչև 20-րդ դարասկիզբ մեծ շուքով նշվող գարնանային առաջին տոն Բարեկենդանը պետք է որ սկիզբ առած լիներ երբեմնի գարնանային Ամանորից։

Ավելի ուշ Ամանորը տեղափոխվեց աշուն` նշվելով աշնանային օրահավասարին: Հայաստանի որոշ շրջաններում, կրկին, մինչև անցյալ հարյուրամյակի սկիզբը ակտիվորեն նշվում էր աշնանային ամանորը ժառանգած Նավասարդ-Նախրաթողը, որպես տնտեսական տարվա փակման, «նախիրը թողնելու» (նախիրն անցնում է ախոռային կերի, այլևս չի տարվում արածելու) տոն։

Մինչև աշուն տեղափոխվելը, սակայն, ամանորյա-նավասարդյան տոները նշվել են ամռանը` որպես «Ամենաբեր նորոց պտղոց», Հունձքի տոներ, որոնք քրիստոնեության ընդունումից հետո փոխարինվեցին Հովհաննես Մկրտչի և Աթանագինեսի տոնով և տարրալուծվեցին Համբարձման և Վարդավառի մեջ։

Օգոստոսի 11-ից սկսվում էր Նավասարդը. այդպես էր կոչվում նաև տարվա առաջին ամիսը: Ըստ Անանիա Շիրակացու և Հովհաննես Իմաստասերի՝ Նավասարդը Հայկ Նահապետի դուստրն է, որի անունով նախահայրն անվանել է Նոր տարվա առաջին ամիսը։ Այն կազմված է նավա-նոր և սարդ-տարի բառերից։

Նավասարդը տոնում էին Հայկի տարած հաղթանակի պատվին, այդ պատճառով այն նշում էին մ.թ.ա. 2492 թվականից մինչև XVIII դարի սկիզբ, երբ կաթողիկոս Սիմեոն Երևանցու հրամանով Նոր տարվա սկիզբ պաշտոնապես համարվեց հունվարի 1-ը:

Նավասարդը մեկնարկում էր օգոստոսի 11-ին՝ ժողովրդական խրախճանքով, և շարունակվում էր մինչև սեպտեմբերի 9-ը:

Մեր պապերը նշել են Նավասարդը երգով, պարով ու ավանդական զվարճանքներով: Տոնակտարությունների ժամանակ մեծարում էին հեթանոս աստվածներին, հատկապես՝ Վահագնին, Աստղիկին և Անահիտին: Նավասարդյան տոների շարքում էին նաև մարզական մրցումները՝ Նավասարդյան խաղերը՝ նվիրված Արամազդ աստծուն և խաղողօրհնեքը՝ նվիրված Անահիտ աստվածուհուն: 

Կար նաև տոպրակ կախելու սովորությունը։ Երդիկներից կախում էին գույնզգույն գուլպաներ, այն ակնկալությամբ, որ դրանց մեջ Նոր տարվա նվերներ կհայտնվեն։

«Եթե համեմատենք այսօրվա մեր նշած ձմեռային Ամանորի հետ, ապա ամառային Ամանորը շատ ավելի հրապարակային էր, եղանակն էլ էր դրան նպաստում, շատ ավելի համախումբ էր, դրան մասնակցում էին հասարակության բոլոր խավերը՝ արքայական, իշխանական, գյուղական:

19-րդ դարի վերջի նյութերով վկայվում է, որ Վարդավառը նույն Նավասարդի շատ գծեր իր վրա է վերցրել: Օրինակ՝ վանեցիները մինչև 19-րդ դարի վերջ համարում էին, որ Հայկի և Բելի կռիվը տեղի է ունեցել հենց Վարդավառի օրը, և դրա համար էլ շատ ընդունելի էին մարտ ներկայացնող խաղերը: Ենթադրաբար, այդ խաղերը նաև Նավասարդի բաղկացուցիչներն էին»,- 1lurer.am-ի հետ զրույցում նշեց ազգագրագետ Գոհար Ստեփանյանը:

Լեգենդի համաձայն՝ Նավասարդին աստվածներն իջնում էին երկիր և լողանում Արածանիի ջրերում, իսկ հետո դիտում տոնակատարությունը ձյունապատ լեռներից: Ժողովուրդն էլ գոհացնում էր աստվածներին զոհաբերություններ անելով:

Բարեկենդանը և Վարդավառը կրում են երբեմնի «համաշխարհական, աշխարհաժողով» ամանորյա-նավասարդյան տոների շատ իրողություններ: Ինչպես վկայել են պատմիչները, հնավանդ այս տոներն ունեին համաժողովրդական բնույթ և պահպանեցին իրենց այդ բնույթը նաև քրիստոնեության ընդունումից հետո:

Աշնանային ամանորի` Նավասարդ-Նախրաթողի գլխավոր ուտեստը Կորկոտն է կամ Քաշիկան, որ հատկապես տարածված է Արցախում և Սյունիքում։ Քաշիկա-Կորկոտը պատրաստվում է ամանորյա գիշերը, ճիշտ այն ժամանակ, երբ հին տարին փոխարինվում է նորով: Քաշիկան շերտ առ շերտ դարսված և աղով համեմված ցորեն-ձավարով ու ոչխարի, այծի, տավարի կամ խոզի մսով ուտեստ է, որի գլխավոր սկզբունքը չխառնված լինելն է: Ժողովրդական ընկալմամբ՝ այն չպետք է խառնվեր, որպեսզի գալիք տարին էլ խառնակ չլիներ։ Ազգածին առասպելի վերականգնման օրն էլ 19-րդ դ. վերջին համարվում էր նոր տարվա սկիզբը: Այս է պատճառը, որ այն ներգրավված էր ամանորյա ավանդույթ ունեցող տոների՝ Նավասարդի, Վարդավառի մեջ:

Հեղինակ`Ռոզա Խաչատրյան

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4