September 21, 2020

ՀԱՊԿ և ՆԱՏՕ. միջազգային ռազմական համագործակցությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունում

ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության նոր հայեցակարգում առանձին գլխով ներկայացվել է խաղաղության ու միջազգային փոխգործակցության ամրապնդման կարևորությունը: «Միջազգային փոխգործակցություն, անվտանգության և խաղաղության խթանում» ենթագլխում ընդգծվել է,  որ Հայաստանը կարևորում է միջազգային ռազմաքաղաքական համագործակցությունը՝ պաշտպանական ոլորտի կարողությունների ամրապնդման, Հայաստանի համար բարենպաստ արտաքին անվտանգային միջավայրի ձևավորման, ինչպես նաև համաշխարհային և տարածաշրջանային կայունությանն աջակցելու համատեքստում:

1lurer.am-ի հետ զրույցում անդրադառնալով հայեցակարգի ռազմական բաղադրիչին՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը նշեց, որ խաղաղությունը և միջազգային փոխգործակցության ամրապնդումն ազգային անվտանգության ռազմավարության մեջ ներառված են ազգային շահերի թվում, և միջազգային ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական համագործակցությունն ուղղված է խաղաղության ամրապնդմանը՝ միջազգային փոխգործակցության, ինտեգրման մակարդակի բարձրացման միջոցով:

«Միջազգային համագործակցությունն ընդհանուր առմամբ միմյանց լրացնող երկու հիմնական խնդիր է լուծում: Առաջինը պաշտպանության ոլորտի կարողությունների զարգացումն է, քանի որ ստեղծվում են լայն հնարավորություններ մեր բանակի կենսագործունեության բոլոր ոլորտների զարգացման համար՝ սկսած պլանավորման, հրամանատրման համակարգից մինչև զինված ուժերի մարտունակության ամրապնդման խնդիրները, արդիական միջոցներով համալրման հարցը»,- ասաց Այվազյանը:

ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ ձևավորվում է նաև բարենպաստ արտաքին անվտանգային միջավայր, քանի որ միջազգային համագործակցության արդյունքում ստեղծվում է միջազգային երաշխիքների համակարգ՝ զարգացնելով և ամրապնդելով դաշնակցային և գործընկերային հարաբերությունները, միջազգային իրավապայմանագրային դաշտն ու փոխադարձ հանձնառությունների ինստիտուտը:

Ազգային անվտանգության ռազմավարությունում նշվում է, որ Հայաստանը շարունակելու է զարգացնել պաշտպանության և անվտանգության ոլորտներում Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը՝ ինչպես բազմակողմ ձևաչափով, այնպես էլ՝ հավաքական պաշտպանության կարողությունների ընդլայնման և դաշնակցային հարաբերությունների շարունակական ամրապնդման ուղղությամբ:

Այվազյանը նշեց, որ միջազգային համագործակցության շրջանակում այդ գործակցությունը Հայաստանի համար շարունակում է առաջնահերթ նշանակություն ունենալ:

«Երկարաժամկետ բնույթ ունի մեր ռազմավարական դաշինքը ՌԴ-ի հետ՝ երկկողմ ձևաչափով, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում: Մեր դաշինքը ՌԴ-ի հետ հիմնված է հավաքական պաշտպանության գաղափարի, ինչպես նաև մեր համատեղ անվտանգային շահերի, հետաքրքրությունների վրա: Այն ունի շատ լայն իրավապայմանագրային  բազա, որն ընդգրկում է պաշտպանության բոլոր ասպեկտները և կյանքի կոչելու համար ունի գործուն ընթացակարգեր, մեխանիզմներ»,- ընդգծեց Այվազյանը:

Միջազգային համագործակցության անվտանգության խնդիրները կարևորությամբ ու  խորությամբ դիտարկելով՝ ՊՆ ներկայացուցիչը պայմանականորեն դրանք բաժանեց մի քանի գոտիների:

«Ռազմավարության գլխում կարող ենք տեսնել, որ կա առաջին՝ դաշնակցային գոտի: Դա մեր ռազմավարական դաշինքն է Ռուսաստանի Դաշնության հետ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում: Երկրորդ գոտին մեր գործընկերային գոտին է, որը ներառում է երկկողմ և բազմակողմ համագործակցություն մեր գործընկերների հետ՝ սկսած ԱՄՆ-ից մինչև Չինաստան, գրեթե բոլոր եվրոպական երկրներ, մերձավորարևելյան երկրներ: Մեզ համար հատուկ նշանակություն ունեն նաև մեր հարաբերությունները հարևանների հետ, որովհետև դրանք ներառում են մեր պետության անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող  խնդիրներ»,- ասաց ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետը:

Հայեցակարգում նաև նշվում է, որ ԱՄՆ-ի հետ համագործակցության շրջանակում Հայաստանը շարունակելու է կարևորել ռազմաքաղաքական խորհրդակցությունները և փոխգործակցությունը՝ միտված պաշտպանական ինստիտուտների բարեփոխմանը և Հայաստանի զինված ուժերի փոխգործունակ կարողությունների զարգացմանը: Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ պաշտպանական ոլորտի բարեփոխումները և միջազգային խաղաղության աջակցման գործողությունները Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության առանցքային ուղղություններից են: Հայաստանը շարունակելու է ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսությունը պաշտպանության և անվտանգության բնագավառներում: ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանի քաղաքականությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության տեսանկյունից չի փոխվել և  ունի երկարաժամկետ բնույթ:

«ՀԱՊԿ շրջանակներում, ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցության խնդիրները միմյանցից տարբերվում են, սակայն չեն հակասում միմյանց, այլ, ընդհակառակը, լրացնում են: Եթե ՀԱՊԿ-ի պարագայում մենք, հանդիսանալով այդ կազմակերպության հիմնադիր անդամ, այնտեղ ձևավորում ենք հավաքական պաշտպանության գործուն մեխանիզմներ, ապա ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունը հիմնականում ուղղված է փոխգործունակ կարողությունների ամրապնդմանը, պաշտպանության ոլորտի բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաև մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական բնույթի որոշ փոխադարձ զսպումների համակարգի ձևավորմանը»,- ընդգծեց ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:

Ռազմավարության հայեցակարգում հստակ նշվում է, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ՀԱՊԿ-ի շրջանակում իրականացվող համատեղ նախաձեռնություններին՝ ի նպաստ անդամ պետությունների կողմից միմյանց շահերի արդյունավետ պաշտպանության և կառույցի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման: Հայաստանը շարունակելու է աշխատել ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից միմյանց հանդեպ դաշնակցային պարտավորությունների կատարումը երաշխավորելու և կազմակերպության արդյունավետությունն առավել բարձրացնելու ուղղությամբ:

Հեղինակ`Նարե Ոսկանյան

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4