September 21, 2020

Բեյրութում պայթյունի ուժը Հիրոսիմայի պայթյունի ուժգնության մոտ 10 տոկոսն է. գիտնական

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած հզոր պայթյունն առաջացրել է 3.3 մագնիտուդ երկրաշարժին համարժեք սեյսմիկ ալիքներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում Է CNN-ը ՝ վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:

Այնուամենայնիվ, 3.3 մագնիտուդն «ուղղակիորեն համեմատելի չէ նման ուժգնության երկրաշարժի հետ», քանի որ մակերեսային պայթյունները նման հզոր ալիք չեն առաջացնում,  հաղորդում Է CNN-ը՝ վկայակոչելով Երկրաշարժերի մասին տեղեկատվության ազգային կենտրոնի երկրաֆիզիկ Դոն Բլեքմանին:

Բլեքմանն ասել է, որ էներգիայի մեծ մասը նման պայթյունների ժամանակ մղվում է օդ և դեպի շինություններ:

Լիբանանյան իշխանությունների տվյալներով՝ նավահանգստային պահեստում պայթել է 2750 տոննա ամոնիումի նիտրատ։ Նյութերը պահվել են նավահանգստում ոչ պատշաճ կերպով գրեթե վեց տարի: Թե ինչն է հրդեհի և հետագա պայթյունի պատճառ դարձել, դեռևս պետք է պարզի հետաքննությունը:

Համացանցում հայտնված տեսանյութերում երևում է, որ չափազանց հզոր պայթյունի ալիքը ակնթարթային ավերածություններ է առաջացնում հսկայական շառավղով: Ըստ որոշ աղբյուրների՝ պայթյունի ձայնը լսվել է նույնիսկ Կիպրոսում՝ դեպքի վայրից 240 կմ հեռավորության վրա։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի միջուկային գիտության և տեխնիկայի ամբիոնի դոցենտ Արեգ Դանագուլյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում պնդում է, որ 2700 տոննա ամոնիումի նիտրատի պայթյունը տրոտիլային համարժեքով 1,1 կիլոտոննա է: Նա նշել է, որ թերմոդինամիկա է օգտագործել վերլուծության համար։

«Սա տրոտիլային համարժեքով 1,1 կիլոտոննա է՝ ոչ մեծ միջուկային ռումբի ուժգնության, մոտավորապես Հիրոսիմայի պայթյունի ուժգնության 10 տոկոսը», – գրել է նա՝ միաժամանակ հստակեցնելով, որ խոսքը միջուկային պայթյունի մասին չէ, այլ ուժգնությունը հիշեցնում է միջուկային ռումբի պայթյունի ուժգնություն:

Al Jazeera-ի հաղորդմամբ՝ Բեյրութի նահանգապետ Մարվան Աբուդն ասել է, որ 200 000-250 000 մարդ կորցրել են իրենց տները՝ ընդհանուր գնահատմամբ կրելով 3-5 մլրդ դոլարի վնաս:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել էր պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է: Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ էր հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վնասվել է ավելի քան 4 հազար մարդ:

Թարգմանեց Նորայր Շողիկյանը
SparaՀամօգտագործել

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4