September 28, 2020

Եվրոպայի Հայերի Համագումարի ուղերձը Բեռլինի հանրահավաքում

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայ ժողովուրդը դարեր շարունակ իր հայրենիքում ազատ եւ արժանավայել ապրելու համար ստիպված է եղել անհավասար մարտերում կյանքի ու մահու կռիվ տալ  օտար հողմերի ու  վայրագ նվաճողների դեմ: Այդ  գոյամարտում մենք ունեցել ենք անասելի կորուստներ, ապրել ենք ցեղասպանություն, շարունակում ենք ապրել այդ արհավիրքով՝  հայրենիքի մեծագույն հատվածի կորստի անդարման ցավը մեր սրտերում:

 Բայց եւ այնպես կյանքի արհավիրքներում կոփվել եւ հղկվել ենք եւ մեր պատմական հայրենիքի մի փոքրիկ հատվածում ստեղծել ենք մեր ազատ եւ ինքնիշխան հայրենիքը, որը դարձել է Թուրքիա եւ Ադրբեջան կոչվող պետությունների աչքի փուշը:

Հայաստանի հանրապետության այս ձախ եւ աջ հարեւանների ցեղասպանական եւ հայատյաց քաղաքականության նպատակը եղել և մնում է մեկը, այն է՝  վերջ տալ մեր և մեր պետականության գոյությանը: Ուստի, մեզ՝ աշխարհի բոլոր հայերիս, մնում է այս գոյամարտում առավել պատրաստ ու վճռակամ դիմակայել այս նենգ ու տմարդ թշնամիներին և մեր հավաքական ուժով պարտադրել նրանց հասկանալ, որ մեզ հետ սպառնալիքի լեզվով չի կարելի խոսել:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Տավուշյան վերջին դեպքերը մի անգամ եւս ապացուցեցին, որ երբ Հայոց բանակը արդիական է և իր թիկունքում ունի ողջ հայությանը և մենք նույնպես միակամ ենք ու միասնական, ոչ մի թշնամի չի կարող կոտրել մեր կամքը եւ հայրենիքում ազատ եւ անկաշկանդ ապրելու եւ արարելու մեր ձգտումը:

Այո՛, մենք կարող ենք ունենալ տարաձայնություններ, սակայն թշնամու դեմ եղել ու մնալու ենք միակամ ու միասնական: Այդ միասնականությունը այսօր ցուցադրում ենք Բեռլինում, ինչպես, որ անցնող օրերում  ցույց տվեցինք Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, եվրոպական զանազան երկրներում եւ այլուր:

Մենք միասնակամ էինք եւ հայրենի պետության կողքին, երբ ադրբեջանա–թուրքական միացյալ ագրեսիան ռազմադաշտում եւ դիվանագիտական ասպարեզում կրեց ջախջախիչ պարտություն եւ ահա այդ պարտությունը կոծկելու նպատակով էլ ագրեսիան տեղափոխեց աշխարհի տարբեր երկրներ:

Աշխարհը եւ միջազգային հանրությունը դարեր ի վեր ճանաչում է հայ ժողովրդին եւ գնահատում է նրա մշակույթը եւ համաշխարհային քաղաքակրթությանը մատուցած նրա ներդրումը:

Հետևաբար, թուրք–ադրբեջանական խաժամուժի այս սադրանքը ևս դատապարտված է ձախողության այնպես, ինչպես, որ ձախողվեց Հայաստանը իրենց տարածաշրջանային ծավալապաշտական նկրտումներին ներքաշելու սադրանքը: 

Մենք բնականաբար չտրվեցինք ու չպիտի տրվենք սադրանքների եւ մեր գործողություններում եւ հակազդեցություններում չպիտի գործենք իրենց վայրագ մեթոդաբանությամբ, այլ՝ ընդհակառակը, հարկավոր է աշխարհին ցույց տալ, որ մեզ համար համամարդկային արժեքները, համակեցությունը եւ խաղաղ ապրելու ցանկությունը վեր է ամեն տեսակ ֆոբիաներից եւ ռասայական խտրականություններից:

Մենք գիտենք ինչ են մտածում մեր հակառակորդները, մենք գիտենք նրանց հեռու գնացող ծրագրերը, ուստի հարկավոր է շարունակաբար մնանք զգոն և լինենք շրջահայաց:

Ողջունելով այսօրվա հավաքի մասնակիցներին և աջակիցներին՝ ցանկանում ենք շնորհավորել մեր այս միասնականությունը եւ մաղթել, որ սա դառնա միասնական աշխատանքի խթան`  հանուն Հայաստանի հզորացման, հանուն Սփյուռքի միասնականության, ինքնակազմակերպման եւ հանուն ողջ հայ ժողովրդի երազանքների իրականացման:

Կեցցե՛ մեր միասնականությունը,

Կեցցե՛ հայ ժողովուրդը, կեցցե՛ Հայաստանը:

Եվրոպայի հայերի համագումար

Բեռլին, 1 օգոստոսի 2020 թ.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4