August 12, 2020

Ազգային անվտանգության նոր ռազմավարության սփյուռքի բաղադրիչը

ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության նոր հայեցակարգում առանձին ներկայացվել է «Հայաստան- Սփյուռք, համահայկականության ձևավորում» ենթագլուխը:

Ըստ այդ փաստաթղթի՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների գերակա նպատակը հայության շահերի պաշտպանությունն է, ինչպես նաև հավաքական գործողություններով առաջընթացի ապահովումը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը 1lurer.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ նոր ռազմավարությունում Հայաստան- Սփյուռք հարաբերություններն անվտանգության բաղադրիչի ու գործակցության տեսքով արտացոլված են լիովին: 

«Ռազմավարության մեջ նշվում է, որ ազգային անվտանգության կարևոր բաղադրիչներից է սփյուռքի հետ հարաբերությունների և գործակցության զարգացումը, ինչը նաև համահայկական միասնական օրակարգի մշակման կարևոր նախապայմանն է  հանդիսանում: Հռչակագրային բնույթով նաև շեշտվում է, որ Հայաստան- Սփյուռք հարաբերությունները միտված են համազգային խնդիրների լուծմանը՝ մասնակցայնության սկզբունքով համահայկական ձևաչափի ստեղծման ճանապարհով: Սփյուռքը շեշտադրված է որպես Հայաստանի մրցակցային և զորեղ ներուժի մի մաս և պետությունը քայլեր է ձեռնարկելու Սփյուռքի ներգրավվածությանը` պետականաշինության, երկրի անվտանգային, տնտեսական, գիտակրթական և ժողովրդագրական, նորարարարական տեխնոլոգիական, էկոարդիականացման առումներով»,-ասաց Ալեքսանյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՁԵՌՆԱՄՈՒԽ Է ԼԻՆԵԼՈՒ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆԸ

Ազգային անվտանգության ռազմավարության մեջ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման դեմ ուղղված հիմնական սպառնալիքներ որպես թվարկված են՝ սփյուռքահայության ուծացման գործընթացը, արտերկրում գտնվող հայկական հոգևոր-մշակութային արժեքների և արևմտահայերենի վտանգվածությունը, հակամարտությունների գոտիներում գտնվող հայկական համայնքներում կենսապայմանների վատթարացումը և ֆիզիկական գոյության վտանգումը:

Փաստաթղթի շեշտադրումներից Հովհաննես Ալեքսանյանն առանձնացրեց նաև այն, որ Հայաստանը պատրաստակամ է լինել սփյուռքի կողքին, լուծելու մարտահրավերները: 

Ալեքսանյանն առանձնացրեց նաև նոր դրույթներ, որոնք նախորդ ռազմավարության մեջ չկային: «Իհարկե նախկին ռազմավարության մեջ խոսվում էր արտագաղթի վտանգավոր աստիճանի մասին, Հայաստանից մասնագիտական ներուժի արտահոսքի, այն դադարեցնելու մասին, բայց հայրենադարձության մասին այս նոր ռազմավարության մեջ առանձին կետով է խոսվում և նշվում է, որ պետությունը պատրաստակամ է հայրենադարձության իրագործմանը՝ անհատական հայրենադարձության տեսքով և հայրենադարձության խթանման ծրագրերի տեսքով»,-շեշտեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչը:

Նա նաև ընդգծեց, որ պետությունը ռազմավարությամբ պարտավորություն է ստանձնում նպաստել հայահավաքի իրականացմանը  և ՀՀ-ում հայրենադարձների կրթամշակութային ու սոցիալական ինտեգրմանը:

«Առաջին անգամ շեշտվում է, որ ՀՀ-ն ձեռնամուխ է լինելու կազմակերպված հայրենադարձության իրականացմանն այն դեպքում, եթե աշխարհաքաղաքական դիմակայության սրացում տեղի կունենա և   տարածաշրջանի հայության ազգային անվտանգության ապահովման նպատակով խնդիրներ կառաջանան»,-ասաց Ալեքսանյանը:

ՀԱՅԱՍՏԱՆ – ՍՓՅՈՒՌՔ – ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Անդրադառնալով ռազմավարության դրույթին, ըստ որի հնարավորությունների սահմաններում Հայաստանը Սփյուռքի հայրենակիցների քաղաքացիության երկրների հետ համագործակցաբար շարունակելու է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Սփյուռքի հայ համայնքներին՝ դիմակայելու անմիջական անվտանգային մարտահրավերներին, Ալեքսանյանն ասաց.

«Կարծում եմ, որ այս դրույթի ներառումը խիստ արդիական է: Հայկական համայնքների նկատմամբ մեր հակառակորդների, թշնամիների, թուրք-ադրբեջանական լոբբիի ծրագրավորված  գործողությունները մենք տեսնում ենք արդեն տարիներ ի վեր և դա միայն 2020 թվականի հուլիսի այս դեպքերի, Տավուշի սահմաններին մարտական գործողությունների հետ արտացոլված չէ, քանի որ  մենք հիշում ենք, որ այդպիսի խնդիրներ ստեղծվում էին հայկական համայնքների համար միջին Ասիայում, Վրաստանում, Մերձավոր Արևելքում: Այսօր այդպիսի մարտահրավեր է առկա նաև հետխորհրդային տարածքի մի շարք այլ երկրներում, ինչպիսին ՌԴ-ն է Մոլդովան, Ուկրաինան»:

Նա կարևորեց դրույթը, որով պետությունը պատրաստակամ է հետամուտ լինել սփյուռքի տարբեր համայնքների միջև միջհամայնքային համագործակցության, միջավայրի ձևավորմանը և համահայկական ցանցի հզորացմանը՝  տեխնոլոգիական հնարավորությունների և ռեսուրների օգտագործմամբ: Ալեքսանյանը նշեց, որ պետության կարևոր խնդիրն է՝ ունենալով այս հստակ գործիքակազմերը, ունենալ ավելի պաշտպանված ու անվտանգ սփյուռք:

«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահրամ Հովյանն էլ առանձնացրեց այն, որ հայրենիք- սփյուռք համագործակցության համատեքստում  գլխավոր շեշտը դրվում է պետականակենտրոն մտածողության վրա: Նրա խոսքով, նախքան հայրենիք-սփյուռք հարաբերությունների բաժնին անդրադառնալը, ռազմավարության մեջ կա կետ, որ ՀՀ-ն դիտվում է ոչ միայն Հայստանի բնակչության պետություն, այլ՝ համայն հայության: Փորձագետի խոսքով  դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը նաև սփյուռքահայության պետությունն է և նույն համատեքստում կարևորվում է այն, որ պետության գոյությունն է հանդիսանում  ազգի գոյատևման երաշխիքը:

ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ- ՍՓՅՈՒՌՔ- ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ

 Փորձագետը կարևորեց  ռազմավարության մեջ Հայաստան- Արցախ- Սփյուռք եռամիասնությունը, սփյուռքի ներուժի օգտագործումը Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման, խնդիրների լուծման գործում և հայրենիքի դերը՝  սփյուռքում ազգային ինքնության պահպանման հարցում: 

Հովյանն առանձանցրեց նաև գոյապահպանական խնդիրները,  ընդգծելով, որ թեև ձևակերպումները մակերեսային են, բայց  փակագծերը բացելու ու ավելի մանրամասն անդրադառնալու դեպքում գնահատականը բավական ճիշտ է ներկայացված:

«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետը կարևորեց հայրենադարձության խնդրի վերաբերյալ դրույթները՝ նշելով, որ այն դիտարկվում է որպես  Հայաստանի ժողովրդագրական խնդրի ուղիներից մեկը:

Հովյանն ուշագրավ  համարեց այն, որ  հայրենադարձության խնդրին անդրադառնալիս շեշտը դրվել է հիմնականում կազմակերպված հայրենադարձության վրա, մինչդեռ գոյություն ունի նաև տարերային հայրենադարձություն:

«Ես բազմիցս խոսել եմ այդ մասին, որ հայրենադարձությունը մեր օրերում երկու տեսակ է: Կազմակերպված հայրենադարձության համար պարզ է՝ հիմնական գրավականը զարգացած արդյունաբերական տնտեսություն ունենալն է:Երբ ունենանք այդպիսի զարգացած արդյունաբերական տնտեսություն՝ կունենանք նաև զգալի հայրենադարձություն»,-ասաց Հովյանը:

Նա  նշեց՝ ցանկալի կլիներ տարերային հայրենադարձության մասին ևս նշվեր: Փորձագետն ասաց, որ տարերային հայրենադարձություն է համարվում, երբ աշխարհի տարբեր երկրներից ֆորսմաժորային իրավիճակների պայմաններում՝ պատերազմների, ներքաղաքական ցնցումների, քաղաքացիական կռիվների, բնական, տեխնածին աղետների դեպքում սփյուռքը, համայնքի ներկայացուցիչները զանգվածաբար ստիպված են լինում հեռանալ իրենց բնակության վայրերից, և նրանց մի մասը գալիս է Հայաստան:

«Մենք վերջին 30 տարիներին ունեցել ենք այդպիսի տարերային հայրենադարձության երեք խոշոր ալիքներ: 1980-ականների վերջ 1990- ականների սկզբին ադրբեջանահայության զանգվածային ներգաղթն էր Հայաստան, այնտեղ հայատյացության, կոտորածների ջարդերի հետևանքով: Երկրորդ խոշոր ալիքը դա իրաքահայության գաղթն էր Հայաստան՝ իրաք-ամերիկյան պատերազմի հետևանքով և վերջին ամենախոշոր ալիքը սիրիահայության զանգվածային գաղթն էր Հայաստան: Ես չեմ ուզում նսեմացնել այն բոլոր քայլերը, միջոցառումները, որ ինչպես պետությունն, այնպես էլ  տարբեր կազմակերպություններ՝ այդ թվում  սփյուռքահայ կազմակերպությունները,  արել են այդ մարդկանց, ներգաղթողներին օգնելու համար: Ամբողջ խնդիրն այն է , որ պետությունը նախապես պատրաստված չի եղել նախապես չի ունեցել ռազմավարություն  այդպիսի իրավիճակների  արձագանքելու համար: Հետևաբար գործողությունները եղել են հանպատրաստից, տարերային»,-ասաց Հովյանը:

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ՝ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Փորձագետը շեշտեց, որ հայրենիքում տեղի ունեցած ցանկացած դրական կամ բացասական երևույթ սփյուռքի գիտակցության վրա թողնում է որոշակի ազդեցություն: Օրինակ՝ Հայաստանի անկախացումը 1991 թվականին, Արցախյան պատերազմում տարած հաղթանակը, Հովյանի խոսքով, բարձրացրեց սփյուռքի հայության  ազգային ինքնագիտակցությունը:

«Բացասական գործոններն էլ են այդպիսի ազդեցություն ունենում: Օրինակ նույն երկրաշարժը սփյուռքում բերեց ինքնագիտակցության վերելք: Ապրիլյան քառօրյա պատերազմը, տավուշյան իրադարձություններն էլ  բացառություն չէին»,-ասաց Հովյանը շեշտելով, որ երբ հայրենիքը վտանգի մեջ է լինում, բնական է՝ ազգային ինքնագիտակցությունը բարձրանում է:

«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետը նշեց, որ համահայկականությունը պետք է կառուցված լինի պետականակենտրոնության գաղափարի վրա, ինչը նկատվում է նոր հայեցակարգում:

Հեղինակ`Նարե Ոսկանյան

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4