
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:
Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտը մտահոգված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության երեկվա պաշտոնական հայտարարությամբ այն մասին, որ իրենք կարող են հրթիռակոծության ենթարկել Հայաստանի Մեծամորի Ատոմային էլեկտրակայանը (ԱԷԿ): «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշված է Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի պաշտոնական հայտարարության մեջ՝ ընդգծելով, որ մարդու իրավունքները սահմաններ չունեն:
«Այս հայտարարությունը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ սպառնալիք է և կարող է բերել հումանիտար աղետի: Այսպիսի հայտարարությունները խաթարում են մարդու իրավունքների միջազգային համակարգը: Միջազգային մարդասիրական իրավունքը բացարձակ արգելում է քաղաքացիական բնակչությանն ուղղված նման ահաբեկումը: Մարդու իրավունքներն ունիվերսալ են. դրանք պետք է պաշտպանվեն ամբողջ աշխարհում՝ լինի դա Եվրոպայում, Ասիայում, Ամերիկա մայրցամաքում, թե աշխարհի որևէ այլ վայրում»,-նշվել է հայտարարության մեջ։
Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտը խիստ մտահոգված է քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ իրականացվող բռնության կապակցությամբ, որը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին։
«Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտը, առաջնորդվելով բացառապես մարդու իրավունքների սկզբունքներով, խստորեն հորդորում է երկու կողմերին պաշտպանել խաղաղ բնակավայրերը և անհապաղ հրաժարվել խաղաղ բնակչության նկատմամբ գնդակոծություններից և հրետանակոծություններից՝ առանց քաղաքական ազդեցությունների»,-ասված է հայտարարության մեջ:
Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտը կշարունակի մանրամասն հետևել իրավիճակին՝ մարդու իրավունքների պաշտպանության նպատակով։ Նշվում է, որ օմբուդսմենների միջնորդական առաքելությունն իրենց երկրների քաղաքական որոշումներ կայացնողների հետ այս դժվար իրավիճակում պետք է ունենա երկու երկրների քաղաքացիական բնակչություններին պաշտպանելու և մարդու իրավունքների իրացման տեսանկյունից գործելու շարունակական նպատակներ:
Արձագանքելով հայտարարությանը՝ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ, որպես Մարդու իրավունքների պաշտպան, իր երախտագիտությունն է հայտնում Ժոզեֆ Սիգելեին մարդու իրավունքների արժեքներին նվիրվածության և ցանկացած երկրի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու ջանքերի համար՝ անկախ որևէ հանգամանքից:
Leave a Reply