August 12, 2020

Ինչպիսի քաղաքականություն է հետապնդում Ազգային Բևեռը

Հայ ժողովրդի ողբերգական անցյալը աչքի առաջ ունենալով, մեզանից շատերը ահը սրտերում, տագնապով հետևում են վերջին երկու ամսվա, մանավանդ վերջին շաբաթների իրադարձությունները Հայաստանում։ Քաղաքական դաշտում նկատվում է,  բոլորը, բոլորի դեմ կարգախոսը։ Բացի այդ, իշխանության ու հարստության  մոլուցքով տարված անձինք, ամեն գնով փորձում են ետ դարձնել պատմության անիվը, որպեսի կարողանան նախկինի նման, կրկին տեր ու տնօրինություն անել երկրում․․․ Նման պատկերը, մեզ՝ զոհերիս, տարագիրներիս, այնքա՜ն ծանոթ է, այնքա՜ն վհատեցնող, այնքա՜ն արգահատելի․․․

            Անցյալ իշխանությունների ներկայացուցիչները վերամիավորել են իրենց շարքերը, ներառնելով պատեհապաշտ անձանց և այլ ուժերի։ Դա ավելի քան օրինաչափ է և տրամաբանական, օրինաչափ է նաև, որ նրանց է միացել նաև Դաշնակցություն կուսակցությունը։ Ինչպիսի՞ համարձակություն, ապերախտություն հայ ժողովրդի կողմից, նրանց խաղից դուրս թողնել։ Ավելի քան օրինաչափ է նաև, որ  վերջապես նրանց է միացել, կամ միանալու է, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Վերջին երկու տարում նկատվում էր, որ Գագիգ Ծառուկյանը և նրա տղաներն ու աղջիկները, իրենց անհանգիստ էին զգում ԱԺ-ում։ Դա նրանց տեղը չէր։ Նրանց շրջապատը չէր, նրանք սովոր չէին՝ թափանցիկ, ժողովրդավար, ոչ չարաշահ ու ոչ ինքնաշահ մարդկանց շրջապատում լինել։ Նրանք որքան էլ ցանկանային, չէին կարող երկարաժամկետ, իրենք՝ իրենց կեղծել, ժողովրդավարի և ազգայինի դիմակ դնել։ Նման հավակնության ապացույցը, վերջին շաբաթների նրանց ջղագրգիռ պահվածքն է։ Հայ ժողովուրդը Ծառուկյանի նման շատ իշխանիկներ է ունեցել, որոնք՝ կուրանալով այլ ազգանվեր ու կենտրոնաձիգ իշխանների հմայքից, շատ հաճախ պետականության անկումի գնով, դրսի ուժերի գիրկն են թռել, իրենց դավաճանության, մատնության գինը՝ 30 ոսկին ակնկալելով։ Ապա նրա աղջնակը՝ Նաիրի Զոհրաբյանը, իհարկե որ նա չէր կարող իր շվաքի վրայով թռչել, նրան քավության նոխազ էր պետք։ Այդ ինչո՞ւ, ինչպե՞ս, այդ ո՞ր իրավունքով է՝ սփյուռքահայը, Հայաստանից հեռացածը՝ համարձակվում խառնվել Հայաստանում տեղի ունեցող խմորումներին, հանդգնում է ծափահարել, պաշտպանել՝ Փաշինյանին և նրա իշխանություններին։

            Երկու տարի է նա և Ծառուկյանի մի այլ մանկլալավիկ՝ Պետրոս Գևորգյանը  իրենց պատռելով, իրենց ճղճղոցներով, “պետականություն են կառուցում”։ Ամենուր մարդու, հայի իրավունքներ են պաշտպանում․․․ Այդ ողորմելիները հաստատ չգիտեն, թե իրենք որտեղ են, ինչո՞ւ են հատկապես այդտեղ, այո, իրապես, սխալ տեղում են նրանք։ Ավելի լավ կլիներ նրանք կարգվեին Ծառուկյանի առյուծներին խնամելու ու մարզելու վերակացու, “Ծառուկյան արքայական” կրկեսում, հատուկ համարի տակ հանդես գալու համար, հաստատ որ նրանց ականջ խլացնող ճղճղոցները և ձեռքերում ճոճվող մտրակները, առյուծներին կստիպեն, կրկեսում՝ հլու, հնազանդ, ցատկոտել իրենց տիրոջ՝ աջ-ձախ ձեռքերում բռնած՝ օղակների միջով․․․ 

            Որ վերոհիշյալ բոլոր անձինք լծվել են իրենց իշխանությունը ետ բերելու, կամ իրենց ապօրինի կուտակած հարստությունը փրկելու, դա հասկանալի և սպասելի է։   Անհասկանալի է սակայն, այսպես ասած Ազգային Բևեռ-ում ի մի եկած, իրենց ասելով՝ հեղափոխությանը աջակցող և իշխանություններին սատարող ազգային ուժերի պահվածքը և մոտեցումը։ Նրանք այսօր, հանդերձ անցյալ իշխանությունների վտանգավոր թափ առնելու պարագայի և Կորոնայի համաճարակի բացասական զարգացումներին, ավելի հաճախակի են քննադատում իշխանություններին, նրանց մեղադրում են անփորձության, անգործունեության, ոչ արդյունավետ աշխատանքի և իրենց առաջարկներին չընդառաջելու պատճառով։

            Բայց որո՞նք են նրանց առաջարկները, որո՞նք են նրանց մտահոգությունները, որոնց նրանք վերջին երկու տարում, միալար ու միակուռ, սակայն գնալով ավելի հաճախակի, հնչեցնում են “Բաց Օրը” հեռուստակայանի էկրանից, որի շուրջ էլ հավաքվել են նրանք։

            Դա այլ հարց է և ո´չ անկարևոր, թե՝ ի՞նչ նպատակ է հետապնդում այդ կայանը, իր՝ ընդգծված, ինչ որ տեղ նաև հայ ժողովրդի ազգային անվտանգությանը անհարիր՝ հակառուսական, հակաէջմիածնական դիրքորոշմամբ․․․

            Այն ինչ ազգային բևեռի լիդերները կառավարության ականջի տակ միալար, թող ներվի ասել՝ մինչև հոգնեցնելու չափ, հնչեցնում են, կարելի է բաժանել երկու մասի.

            ա-  Վիլսոնի քարտեզի և 1920-21 թվականների ռուս-թուրքական պայմանագրերի վերանայում․․․

            Ի՞նչ է իրենից ներկայացնում Վիլսոնի քարտեզը։ Արդյո՞ք հարգելի պարոններ Արկադի Վարդանյանը և Արա Պապյանը լրջորեն կարծում են, որ այն վկայակոչելով, կարելի է ինչ որ ժամանակ հասնել՝ սահմանների փոփոխության, թե՝ դրա և ռուս-թուրքական պայմանագրերի վերանայելու պահանջները, ավելորդ անգամ սրելու են, առանց այն էլ տարածաշրջանում եղած, ինչպես նաև Արցախի և Նախիջևանի շուրջ ստեղծված, լարվածությունը։ Հետո՝ բավական չե՞ն արևմուտքի դռներն ընկնելու անցյալի դառը դասերը և “Հայկական Հարցի” միջազգայնացման ձախողման փաստերը․․․

            Իրոք որ անհասկանալի է, նրանք ասես՝ մոռացության են մատնել, անտեսում են՝  տարածաշրջանում, պանթուրքիզմի իրական վտանգը, որը հավասարազոր սպառնում է՝ Հայաստանին, Իրանին, Ռուսաստանին և անխուսափելի է դարձնում այդ երեք երկրների քաղաքական և ռազմական դաշինքը․․․

            բ- Նրանք ամենայն լրջությամբ և բոլորովին հաշվի չառնելով շուկայական և ապրանքափոխանակության առավել մատչելի և հնարավոր միջոցները, քննադատում են Եվրասիական շուկային ՀՀ-յան անդամակցությունը։

            Նրանք անտեսում են այն փաստը, որ Ռուսաստանը միշտ էլ եղել է Հայաստանի գյուղատնտեսական մթերքների և այլ արտադրանքների սպառողը։ Իսկ ներկայումս դրան կարող են ավելի զարկ տալ ՌԴ-ում բնակվող հայերը, այն ինչ հնարավոր են դարձրել ԴԳ-ում բնակվող թուրքերը, որոնց շնորհիվ այսօր գերմանիայի շուկաները լցված են թրքական գյուղատնտեսական մթերքներով և երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ 35-40 միլիարդ դոլար․․․

Սամվել Հովասափյան

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4