October 2, 2023

Այդքան էլ խուճապի մեջ չէ մեր ժողովուրդը, և սթրեսն այդքան էլ չի պատել իրենց

Lragir.am-ի հարցերին պատասխանել է հոգեբան Արկադի Մեհրաբյանը

Պարոն Մեհրաբյան, այս փուլում մարդկանց մոտ կարծես սթրեսներն ու վախերը շատացել են, ինչպե՞ս է կորոնավիրուսն ազդում մարդկանց հոգեվիճակի վրա։

Վախկոտ մարդու մեջ միշտ էլ վախ կա, և կապ չունի՝ դա covid-ի հետևանք է, թե այլ պատճառ ունի։ Մենք այս փուլում չենք աշխատում, դժվարանում եմ ասել՝ այս փուլում հոգեբաններին դիմողները շատ են, թե ոչ։ Բայց ես կարծում եմ՝ մարդիկ արդեն ադապտացվել են այս վիճակին, տագնապային վիճակները ճգնաժամային իրավիճակների սկզբնական փուլում են լինում։ Օրինաչափությունն ընդհանրապես դա է, բայց քանի որ հայ ժողովուրդը մի քիչ չի սիրում ենթարկվել օրինաչափություններին, գուցե այլ պատկեր լինի։ Սովորաբար ցանկացած սթրեսային իրավիճակում որոշակի ժամանակ՝ 2-3 շաբաթ անց լինում է ադապտացիոն փուլ։ Ես կարծում եմ՝ մեզ մոտ էլ պետք է ադապտացված լինեն այն վախերին, որոնք առաջացել են համավարակի հետևանքով։

Ինչի՞ց են նման իրավիճակներում վախենում մարդիկ, մահի՞ց։

Բոլոր վախերի հիմնական վերջնակետը դա մահն է։ Պարտադիր չէ իրենց մահը լինի, կարող է հարազատի կորուստը վախ առաջացնի մարդկանց մոտ։ Մարդու համար շատ էական չէ, թե վախի պատճառը որն է։ Ինքը վախենում է, որ կմահանա։ Եվ այն, ինչը վտանգ է ներկայացնում կյանքի ու առողջության համար, մարդը դրանից սկսում է վախենալ, եթե ինքը բնույթով այդպիսին է։ Դա կոչվում է «տագնապային կասկածամիտ» տեսակ։

Որպես հոգեբան՝ ի՞նչ խորհուրդ կտաք մարդկանց այս փուլում։

Պետք է չվախենալ ու խուճապի չմատնվել, որովհետև դա ավելի է սրում իրավիճակը։ Այստեղ խնդիրն այն չէ, թե վտանգավորության աստիճանը չափազանցված է, թե ոչ։ Պետք է սթափ գնահատել իրավիճակը, և ամենակարևորը՝ կանոնները պահել, ինչը, ցավոք, բացակայում է մեր ժողովրդի մոտ։

Ի՞նչն է պատճառը, որ մարդիկ չեն սիրում կանոններն ու օրենքները պահել։

Մարդու տեսակից է, մենք մի քիչ թիմային չենք, ավելի եսակենտրոն ենք։ Եվ մարդիկ սովորաբար առաջնորդվում են  իրենց սեփական մոտեցմամբ։ Եթե ինքը գտնում է, որ միգուցե իշխանությունը ճիշտ չի վարվել, բայց եթե թիմային մտածողություն ունի, միևնույն է, պետք է ենթարկվի, անգամ եթե համաձայն չէ դրա հետ։ Մեզ մոտ սովորաբար մեր եսն ու ճիշտն ենք առաջ տանում և չենք մտածում ընդհանուր գերակա շահի մասին։

Իսկ այս 4-5 ամիսներին այս առումով ինչ-որ բան փոխվե՞լ է, կարծես սկսել են կանոնները պահպանել։

Ինֆորմացիոն հոսքի շնորհիվ, որ վիրուսը վտանգավոր է, դարձյալ զուտ իրեն եսից ելնելով, արեցին դա։ Իսկ մտածողություն փոխելու համար ոչ թե մեկ ամիս կամ մեկ տարի կպահանջվի, այլ 1-2 սերունդ պետք է փոխվի։

Իսկ ինֆորմացիոն ճնշումն ինչպե՞ս է ազդում մարդկանց վրա, արդյոք կորոնավիրուսի շուրջ տեղեկատվությունն ուռճացվա՞ծ  է։

Դժվար է գնահատել՝ ուռճացնում են, թե ոչ, բայց այս ինֆորմացիոն շրջանում ոնց ուզեն, այնպես էլ կանեն, ինֆորմացիոն դարաշրջան է։ Եվ, այո, կարող են զանգվածներին կառավարել՝ ինֆորմացիոն այս կամ այն հոսքերի շնորհիվ։ Հաստատ 20 կամ անգամ 10 տարի առաջ այս ինֆորմացիոն հոսքը չկար։ Քսան կամ տասը տարի առաջ գրիպների համաճարակի ժամանակ համաշխարհային սարդոստայնը այսպիսի լայն տարածում չուներ Հայաստանում։ Նախկինում մարդկանց 10 կամ 20 տոկոսն էր ինֆորմասված, հիմա՝ 70-80 տոկոսն է։ Այդքան անգամ մեծացել է ինֆորմացիայի տարածման աստիճանը։

Մարդիկ ինչպե՞ս կողմնորոշվեն այս ինֆորմացիոն հոսքի մեջ, քանի որ վիրուսի մասին բազմաբնույթ տեղեկություններ կան։

Ցավոք սրտի, այստեղ հանդիպում ենք ինֆորմացիայի բացասական կողմին, և մարդիկ չեն կարող կողմնորոշվել։ Իրենց մնում է ապավինել կամ բժշկությանը, կամ առողջապահության նախարարության ու իշխանության բարեխղճությանը։ Ամեն անհատ, որ վերցնի ու իր համար վերլուծի այդ ստացվող ինֆորմացիան, կստացվի քաոս, իսկ այդ դեպքում ավելի վատ հետևանքներ են լինում։ Դրա համար պետք չէ դա անել, երբ ինձ հարցնում են՝ ո՞նց ինֆորմացիա ստանանք, ես ասում եմ՝ պետք չէ ստանալ, ինչքան քիչ ստանաք, այնքան ավելի լավ։

Հետաքրքիր է այն հարցի պատասխանը, թե սթրեսներն ու վախերը թուլացնում, թե՞ ամրապնդում են մարդու դիմադրողականությունը, իմունիտետը։

Ոչ, ընդհակառակը, սթրեսը բարձրացնում է մարդու դիմադրողականությունը։ Իմունիտետի առաջացման կարևոր նախապայմանն է սթրեսը, եթե ոչ միակ։ Սթրեսը մարդու իմունային համակարգն արտաքին անբարենպաստ պայմաններին ադապտացնելու կարողությունն է։ Բայց այն դեպքերում, երբ սթրեսի չափաբաժինը շատ է կամ օրգանիզմը հյուծված է, չունի դիմադրողականություն, սթրեսն սկսում է  հակառակ էֆեկտը տալ։ Բայց դա քիչ դեպքերում է, հիմնական դեպքերում սթրեսը նրա համար է, որ մարդ աճի, հոգեբանական կամ ֆիզիոլոգիական աճ ունենա։ Բայց կրնկնում եմ՝ երբ ուղղակի չափաբաժինն այնքան է, որ մարդը չի կարողանում դա մարսել, դա արդեն վտանգ է։

Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանում համավարակի պատճառով առաջացած սթրեսը նաև օգտակար է մարդկանց համար։

Կարծում եմ՝ այս սթրեսի չափաբաժինը շատ չէ մեզ մոտ։ Եթե շատ լիներ, հիմա պետք է զանգվածային խուճապ լիներ, մարդիկ տներից դուրս չգային, ինչը չի դիտվում։ Նկատվում է, որ այդքան էլ խուճապի մեջ չէ մեր ժողովուրդը, և սթրեսն այդքան էլ չի պատել իրենց։

Իսկ իշխանությունները կարողացա՞ն ճիշտ կողմնորոշվել այս իրավիճակում։

Ես կարծում եմ՝ հիմնականում ճիշտ են գործել։ Սա նոր խնդիր է։ Եթե այլ խնդիրների դեպքում իշխանությունների կողմից լինում են մշակված ռազմավարություններ, ապա այսօր ամբողջ աշխարհում խնդիրը նոր է։ Այսինքն՝ փորձնական պետք է անեն, որ հասկանան՝ ոնց են դուրս գալու այս վիճակից։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4