August 12, 2020

Եվրոպայի հայերի համագումար։ “Սփյուռքի ներկա իրավիճակը և ինքնակազմակերպման անհրաժեշտությունը”։

Եվրոպայի Հայերի Համագումար

Համառոտ զեկույց       հունիս 2020

Հարգելի հայրենակիցներ, ինչպես տեղեկացրել էինք Եվրոպայի Հայերի Համագումարի կողմից Մայիսի 23, 24–ին Գերմանիայի Քյոլն քաղաքում նախատեսված երկօրյա համաժողովը անժամկետ հետաձգվեց Covid–19 համաճարակի պատճառով: Համագումարի խորհուրդը այնուհանդերձ անցնող այս երկու օրերի ընթացքում ունեցավ հեռահար հանդիպում՝ նախնական քննարկման առարկա դարձնելով կոնֆերանսի օրակարգում արծարծվելիք թեմաները եւ նյութերը:

Այսու համառոտ հանրության եւ հետաքրքրասեր շրջանակներին ենք ներկայացնում խորհրդակցության եզրակացությունները՝ նպատակ ունենալով առաջիկայում նմանատիպ առցանց հանդիպումներ կազմակերպելու անհատների եւ կառույցների հետ, ովքեր մասնակցության հայտ էին ներկայացրել եւ բոլոր այն հայրենակիցների հետ ովքեր ցանկություն կհայտնեն մասնակից դառնալու Սփյուռքի առավել ինքնակազմակերպման եւ զարգացման գործին:

Եվրոպայի հայությունը կազմակերպվում է.

հանուն
Սփյուռքի  հնարավորությունների եւ կարելիությունների  հավաքագրման եւ Եվրոպահայության ներկայացուցչական համակարգի ստեղծման.

հանուն
 Հայաստանի եւ Արցախի անվտանգության, համակողմանի զարգացման  եւ հզորացման. 

հանուն
Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության համահայկական ծրագրերի կենսագործման:

On the way to a well-organized Armenian diaspora

for the sake of

  • mobilizing the potential and capabilities of the Diaspora and creating a representative system for the Armenians of Europe

for the sake of

  • the security, extensive development and strengthening of Armenia and Artsakh  

for the sake of

  • bringing to life pan-Armenian projects as part of the Armenia-Artsakh-Diaspora trinity

Եզրահանգում:

Քննարկված թեմաներ ըստ օրակարգի:

  1. (Սփյուռքի ներկա իրավիճակը և ինքնակազմակերպման անհրաժեշտությունը)

Ներկայացուցչական մարմնի ստեղծման անհրաժեշտություն եւ մոդելավորում՝ ի մասնավորի Եվրոպայում:

(The current state of the Diaspora and the need for self-organization)

(The need for creating a representative body and its model, particularly for Europe)

Սփյուռքը աշխարհագրական հսկայական տարածությամբ միմյանցից անջատ, միեւնույն ժամանակ որոշակիորեն ազգային գիտակցության տարբեր մակարդակներում գտնվող՝ նույն լեզուն, մշակույթը, ավանդույթները, հոգեւոր ժառանգությունը եւ պատմական հիշողությունը կրող ազգային հատկանիշներով եւ ապագայի նկատմամբ համանմնան տեսլականով  հավաքականություն կամ հավաքականություններ են:

Աշխարհագրական այս տարանջատությունը սակայն մեր ժամանակներում կրում է հարաբերական բնույթ եւ այսօր կապը, հաղորդակցությունները եւ բնակչության հարաճուն  տեղափոխումը բերում են իրենց որոշակի ազդեցությունները:

Կազմակերպչականորեն բազմաբնույթ, բազմաբովանդակ եւ բազմաշերտ լինելուն զուգընթաց Սփյուռքը տառապում է համահայկական բնույթ եւ բովանդակություն ունեցող կենտրոնական  ներկայացուցչական մարմնի պակասից, ինչը թույլ չի տալիս լիակատար կերպով օգտագործելու, ի հայտ բերելու եւ գործադրելու իր բոլոր ռեսուրսները եւ կարողությունները:

Ուստի ինքնակազմակերպումը եւ հեռանկարում ներկայացուցչական մարմնի կամ մարմինների ստեղծումը ոչ թե ինքնանպատակ՝ այլ անհետաձգելի անհրաժեշտություն է:

Հայաստանում 2018 թվականի թավշյա հեղափոխությունը դրականորեն խթանել եւ առաջացրել է կազմակերպչական ավելի բարձր հարթակի ստեղծման անհրաժեշտությունը:

Սփյուռքը կարիք ունի ձերբազատվելու եւ իր վրայից թոթափելու  բոլոր տեսակի հատվածապաշտական եւ խմբակային նեղ շահերին ծառայող  հոգեբանությունից  եւ ժամանակակից կենսունակ հասարակությունների  պահանջներին համապատասխան նորոգվելու եւ առավել ընդունելի եւ ժողովրդավարական կառույցների ստեղծմամբ՝ ճանապարհ հարթելու դեպի զարգացում եւ հզորացում:

Գոյություն ունեն ներկայացուցչական կառույցների տարբեր մոդելներ, սակայն  դժվար թե գտնվի դասական առումով համընդհանուր մի այնպիսի մոդել, որը հնարավոր լինի նույնությամբ կիրառել սփյուռքի բոլոր համայնքներում եւ երկրներում: Երկրները ուր գործում են հայկական համայնքները ունեն քաղաքական, հասարակական եւ օրենսդրությունների, ազատությունների եւ իրավունքների տարբեր համակարգեր, այնպես որ հարկ է ցուցաբերել հարմար եւ ճկուն մոտեցումներ:

Եվրոպական երկրների պարագայում սակայն հնարավոր է կիրառել միանման մոդել եւ ձեւավորել ներկայացուցչական մի մարմին, որը իրավասու կլինի խոսելու Եվրոպայում բնակվող հայության անունից:

Ներկայացուցչական մարմինը այս պարագայում կարելի է պատկերացնել երկու տարբեր հարթակներում, որոնք ըստ էության կարող են ունենալ մեկը մյուսին լրացնող հատկություն:

Առաջին հարթակում նման մարմինը կարող է լինել ներկայում գոյություն ունեցող կառույցների, միությունների, ինչպես նաեւ անհատների անմիջական համագործակցությամբ՝ անուղղակի ընտրությունների միջոցով:

Գործող այս միությունները  միավորվելով կազմելու են  համաեվրոպական մի կառույց, որը համապատասխան իր ունեցած կարելիությունների եւ ներգործության աստիճանի կարող է ներկայացնել Եվրոպահայությանը:

Երկրորդ հարթակը ավելի բարձր ներկայացուցչականություն ապահովող կառույց է, որը հիմնված է լինելու համայնքների անդամների կողմից ուղղակի ընտրությունների վրա:

Գործնականում հնարավոր է երկու տարբերակները համադրելու եղանակով՝ աշխատել նախ առաջին տարբերակի վրա, այն է անհատների եւ կառույցների միջոցով հասնել համապատասխան կառույցին եւ կամ էլ պրոցեսի ընթացքում ի հայտ կգան այնպիսի հնարավորություններ եւ պահանջ, որով անհրաժեշտ կդառնա առանց  մեծ փոփոխությունների  առաջին տարբերակից անցում կատարել դեպի երկրորդ ուղղակի ընտրությունների տարբերակին:

Այսպիսով երկու տարբերակները ոչ թե գալու են մեկը մյուսին հակասելու, այլ ընդհակառակը՝ միմյանց լրացնելու:  

–––––––––– 

  1. Երիտասարդության եւ նոր սերնդի ազգային գիտակցության եւ ինքնության հարցերի վերաբերյալ քննարկում եւ լուսաբանություն. 

Discussion and presentation of issues of national consciousness and identity of the youth and new generation

Ներկա արագ փոփոխվող աշխարհում տարեց եւ նոր սերնդի պատկերացումների, ընկալումների, հայացքների եւ գիտակցության միջեւ տարածությունը եւ տարբերությունները անհամեմատ ավելի շատ են, քան կարելի է պատկերացնել:

 Հենց այդ պատճառով էլ հարցը չափազանց նուրբ է եւ պահանջում է Սփյուռքի երիտասարդության նկատմամբ լայն ճանաչողություն եւ հասարակագիտական խոր գիտելիքներ:

Սփյուռքյան ընտանիքը եւ հայկական համայնքային կառույցները առաջին կենտրոններն են ուր երիտասարդ սերունդը հնարավորություն ունի սովորելու եւ խոսելու իր մայրենի լեզվով, ծանոթանալու հայկական մշակույթի հետ եւ ստանալ հայեցի դաստիարակություն:

Երիտասարդ սերունդը հատկապես Եվրոպայում այնքան էլ հակված չէ կուրորեն հավատալու գոյություն ունեցող քաղաքական ավանդական կառույցների գործելաոճին, մեթոդաբանություններին եւ հատկապես մասնակից դառնալու այդ հողի վրա առաջացող կոնֆլիկտներին, այլ՝ ապրելով առավել ազատ եւ ժողովրդավարական միջավայրում հակված է հարցերը լուծելու համերաշխ եւ հանդուրժողական մթնոլորտում:

Հարկավոր է մեծ խնամքով եւ ուշադրությամբ վերաբերել երիտասարդության հետ, դասեր քաղել անցյալի քայքայիչ ու անտեղի նեղ խմբակային շահերի  սահմանագծեր քաշելուց, եւ  նրանց համար հնարավորություն ստեղծել զարգացնելու իրենց անհատականությունը, նախասիրությունները եւ ազգային գիտակցությունը:

Այս գործում հայրենիքի հետ անմիջական շփումը, կապը եւ տարբեր ասպարեզներում նրանց անմիջական ներգրավումը լավագույն արդյունքը կապահովի:

Ուծացումը եւ արմատներից հեռացումը հնարավոր է կասեցնել կազմակերպված եւ գիտակից ծրագրերի մշակումով եւ գործադրությամբ:

Երիտասարդների հետ աշխատելը չափազանց դժվար է: նրանք ունեն իրենց ուրույն հետաքրքրությունները, ուրույն համոզմունքները եւ ընկալումները:

Գոյություն ունեն երիտասարդական, եւ ոչ միայն երիտասարդական այնպիսի  կառույցներ, որոնք կրում են այլ եւ այլ ընդհանուրբնույթ ունեցող անուններ,  բայց իրականում ունեն կուսակցական պատկանելիություն եւ հանդիսանում են տարաձայնությունների հիմնական աղբյուրը եւ համերաշխության  ամենամեծ խոչընդոտը:

Յուրաքանչյուր կուսակցություն բնականաբար կարող է ունենալ իր երիտասարդական կամ կանանց բաժինները, սակայն դա բացառապես պիտի լինի իրենց հստակ կուսակցական անուններով եւ ծրագրով: Սակայն նրանք ցավոք գործում են մարզական, մշակութային, սկաուտական, բարեգործական, կանանց եւ այլ ընդհանրական անունների քողի ներքո, որոնց կուսակցականացումը կամա թե ակամա գալիս է ջլատելու երիտասարդության եւ հասարակության միասնական ուժն ու կարողությունները:

–––––

  1. Տեղեկատվական եւ հաղորդակցությունների հայկական ցանցերի ընդլայնման եւ զարգացման հարցեր: 

Development and expansion issues of Armenian information and communication networks.

Աշխարհը գնում է ցանցային հարաբերությունների օրըստօրե ավելի լայն կիրառումների եւ տարածման ուղիով: Աշխարհում լսելի դառնալու համար տեղեկատվական դաշտում բառացիորեն պատերազմ է գնում: Հայկական աշխարհի համար անհրաժեշտ եւ հարկավոր պայման է համակարգված տեղեկատվական ցանցի ստեղծումը, զարգացումը եւ ընդլայնումը՝ ոչ միայն հայկական շրջանակների համար, այլ աշխարհով մեկ բոլոր ուժային, տնտեսական, քաղաքական եւ այլ կենտրոնների համար:

Միջազգայնորեն համահայկական շահերը պաշտպանելու գործում ուժերը պիտի համախմբել եւ հայկական ազգային, մշակութային եւ մարդկային տեսակետները, արժեքները եւ պահանջները դարձնել միջազգային հանրության սեփականություն:

Սփյուռքի համար հարկավոր է Հայաստանի Հանրապետությունից հեռարձակվող անկախ եւ ժողովրդավարական հիմունքներով հեռուստահաղորդումների ցանցի ստեղծումը, որը ունենա ՀՀ իշխանությունների եւ սփյուռքյան կամավոր ուժերի նյութական եւ բարոյական հովանավորությունը: Դա հնարավոր է իրականացնել Սփյուռքի Գրասենյակի եւ այլ մշակութային կրթական եւ գիտական կառույցների գործակցությամբ:

–––––-

  1. Տնտեսական եւ ֆինանսական հնարավորությունների հավաքագրում Mobilizing economic and financial resources

Համահայկական բանկի եւ/կամ Հայաստանում հայկական կապիտալի ներդրման հնարավորությունների քննարկում:
Discussion of the creation of a Pan-Armenian Bank and/or resources for the investment of Armenian capital in Armenia              

Հատկապես այս կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված ներկա համաշխարհային տնտեսական բարդ պայմաններում, Հայաստանում նպատակասլաց եւ ՀՀ–ի տնտեսությանը նպաստող, վստահելի եւ անփոխարինելի ներդրումային աղբյուր է հայկական սփյուռքի կապիտալը:

Այդ կապիտալը ՀՀ ներդնելու համար գոյություն ունեն բազմաթիվ միջոցներ եւ եղանակներ: Դրանց շարքում կարելի է նշել արդեն տարբեր երկրներում ստեղծված հայկական տնտեսական պալատները (Armenian economic chambers), գործում է նաեւ կենտրոնական տնտեսական պալատը: Հայկական կապիտալի այս կառույցները սակայն ունեն դեռեւս զարգանալու եւ տարածվելու նոր հնարավորություններ:

Համահայկական բանկի գաղափարը, չափազանց լուրջ գաղափար է, որի նպատակը պիտի լինի ՀՀ–ում համաշխարհային բանկային եւ տնտեսական կենտրոնների, ինչպես նաեւ այլ վարկատու կենտրոնների թելադրանքների եւ բացասական ազդեցությունների չեզոքացումը եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդումը:

Գաղափարը վերլուծելու եւ զարգացնելու համար անհրաժեշտ է ազգային շահը գերադասող տնտեսագետների եւ մասնագետների կողմից մասնագիտական լուրջ եւ համակողմանի ուսումնասիրություն:

Բնականաբար գաղափարը իրականություն դարձնողները պիտի լինեն ՀՀ իշխանությունների համապատասխան մարմինները, որոնք Սփյուռքի Գրասենյակի լայն ներգործությամբ եւ սփյուռքյան համապատասխան շրջանակների հետ համագործակցությամբ կապահովեն ծրագրի արդյունավետ հաջողությունը: 

–––––

  1. Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, ժողովրդագրությունը եւ արտագաղթը ողջ հայության հիմնական խնդիր:
    Այս ուղղությամբ գործնական առաջարկներ:

The security of Armenia and Artsakh aswell as the demography and emigration are a major issue for all Armenians

Հարցը պարզ է եւ հստակ: Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը մեր գոյության պայքարի հիմնաքարն է հանդիսանում եւ բոլոր միջոցներով եւ եղանակներով պիտի ձգտել հասնել անվտանգության բարձրագույն աստիճանի եւ չեզոքացնել անվտանգությունը խաթարող, անգամ ամենափոքր երեւույթը:

Միջազգային ոչ մի  հարաբերություններում ՀՀ ինքնիշխանությունը չի կարող սակարկությունների առարկա դառնալ:
Զերծ մնալով բոլոր այսպես կոչված պրո–կամ հակա– քաղաքականություններից, որդեգրել միայն եւ միայն հավասարակշռված ազգային արտաքին քաղաքականություն:

Արցախը ունի նոր իշխանություն եւ հարկավոր է ապահովել Սփյուռք–Հայաստան–Արցախ համագործակցության բարձրագույն աստիճան: Այս եռամիասնությունը վտանգի ենթարկող եւ թուլացնող ամեն մի ոտնձգություն, լինի դա  քաղաքական կամ այլ  պատրվակներով, հարկավոր է խստիվ դատապարտել եւ չեզոքացնել:

«Արցախը Հայաստան է եւ վերջ» կարգախոսի ներքո անհապաղ հարկավոր է քայլ առ քայլ զարգացնել Հայաստանի եւ Արցախի միջեւ համակողմանի հարաբերությունների զարգացումը, ընդլայնումը,  ինտեգրումը եւ ի վերջո միջազգայնորեն Արցախի խնդրի հայանպաստ կարգավորումից անմիջապես հետո եւ կամ պրոցեսների տրամաբանական այլ զարգացման ընթացքում իրականություն դարձնելու միացումը մեկ միասնական հայկական հզոր պետության սահմաններում:

Այս բոլորով հանդերձ հարկավոր է պատասխանել նաեւ արտագաղթի կասեցման, ներգաղթի եւ տուն վերադարձի հարցին:

Արտագաղթի կանխումը եւ ապա հայրենադարձությունը եւ  ներգաղթը միմյանց առնչվող անբաժանելի խնդիրներ են եւ պիտի լինեն ՀՀ իշխանությունների ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Գործնականում Հայաստան–Սփյուռք համակողմանի գործակցության եւ Հայաստանի տնտեսական զարգացման արդյունքում հնարավոր կդառնա կանխել արտագաղթը եւ զարկ տալ հայրենադարձությանը:

Եվրոպայի Հայերի Համագումար

Հունիս 2020

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4