August 12, 2020

Այս իշխանությունը հեղափոխությամբ մեզ ազատագրել է անվերջ թվացող մոնղոլ-թաթարական լծից

Ժողովրդական թավշյա և ոչ բռնի հեղափոխությունից հետո նորաստեղծ կառավարության ձևավորման հաջորդող օրերից սկսած մերժվածներն ու նրանց սպասարկողները սկզբում քննադատում էին կառավարության կառուցվածքը, հետո  նրա կազմը՝ երիտասարդ և անփորձ լինելը, այնուհետև ժողովրդին տված խոստումները չկատարելը: Սակայն այս ամենը չավարտվեց միայն քննադատությամբ:

Առաջին ծանր և ցավոտ հարվածը հասցվեց Երևանի նորընտիր քաղաքապետին, երբ <Սանիտեք>-ի կողմից աննախադեպ սաբոտաժի ենթարկվեց  քաղաքի աղբահանությունը: Միաժամանակ շարքից դուրս բերվեցին աղբատար մեքենաները, հրդեհվեցին ու ոչնչացվեցին բազմաթիվ աղբամաններ, մնացածներն էլ վնասված էին ու մաշված: Մեկ տարուց էլ քիչ ժամանակ պահանջվեց խնդիրն արմատապես լուծելու համար:  Ձեռք բերվեց բոլորովին նոր աղբատար մեքենաների անհրաժեշտ խմբաքանակ ու նոր աղբամաններ: Քաղաքի աղբահանությունը սկսեց իրականացնել Երևանի քաղաքապետարանը՝ առանց նախկին ավելորդ ծախսերի ու <ատկատների>: Քաղաքի    <դարդերով մտահոգ> ընդդիմությունը իրավիճակի էական բարելավումը օբեկտիվ գնահատելու փոխարեն, հիմա էլ կասկածի տակ դրեց ձեռք բերված աղբահան մեքենաների օրինականությունը:

Ընդդիմության նման վերաբերմունքն այդ օրերին օբեկտիվորեն անվանվեց <սև>, իսկ գեղեցիկի ու առաջընթացի գնահատումը՝ <սպիտակ>: Հետագայում ընդդիմությունն այն որակեց իշխանության կողմից հասարակության պառակտում՝ <սևի> ու <սպիտակի> բաժանում:

2018 թվականի մայիսին Ազգայի Ժողովում ՀՀԿ-ական և ՀՅԴ-ական պատգամավորների կողմից վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերի հիմնական թեման՝ բանակն էր ու Արցախի անվտանգությունը: Այնպիսի տպավորություն էր, որ Փաշինյանի ընտրվելուն հաջորդող օրերին կսկսվի պատերազմ և Հայաստանը կկորցնի բանակն ու երկրի տարածքները: Երկու տարի անց սակայն արձանագրում ենք բանակի զինտեխնիկայի աննախադեպ համալրում, պետական սահմանների ժամանակակից սարքավորումներով անվտանգության էական բարձրացում, զորամասերի և սահմանային դիրքերին հարող զինծառայողների կացարանային պայմանների բարեկարգում ու անհրաժեշտ կենցաղային պարագաներով համալրում:

Մեր զինծառայողների սննդի որակը, տեսականին ու հանդերձանքը չեն զիջում շատ երկրների զինված ուժերին: Արմատախիլ են արվել գումարով կամ արտոնյալ կարգավիճակով պայմանավորված զորակոչից ազատվելու կամ տարկետումից օգտվելու արատավոր ավանդույթները և այն հասարակության կողմից դադարել է ընկալվել որպես սեզոնային կոռուպցիոն գործընթաց: Խաղաղ պայմաններում զինված ուժերում զոհերի ու մահացածների թիվն ակնհայտ նվազել է: Հսկայական գումարներ են հատկացվել սպայական կազմի տարիներով կուտակված սոցիալական և բնակարանային խնդիրների լուծմանը:

Արցախի շուրջ ընթացող բանակցություններում ներկայումս որևէ էական տեղաշարժ առկա չէ և տվյալ պահին տվյալ երկրում ընթացող քաղաքական գործընթացներով պայմանավորված, քաղաքական ընդդիմության կողմից բանակցությունների թեման, ժանրի կանոններին համաձայն, պարբերաբար արհեստականորեն շարունակում է շահարկվել ներքին կամ արտաքին լսարանի համար: Ինչ վերաբերում է հակառակորդի կողմից սահմանների խախտմանը, ապա վերջին երկու տարում դրանց վիճակագրությունն անհամեմատ նվազել է:

Հնչող մեղադրանքների թղթապանակից է նաև հայ-ռուսական միջպետական ոչ ջերմ հարաբերությունները, սակայն  չի նշվում, թե մեր իշխանությունների ո՞ր հակառուսական քայլերն են նման վերաբերմունքի պատճառ հանդիսացել: Կարծում եմ այն մեծապես պայմանավորված է նրանով, որ երկու տասնամյակ անց միջպետական հարաբերություններում ոչ լեգիտիմ ու <ֆորպոստի> ներկայացուցչի փոխարեն Հայաստանը ներկայացնում է ժողովրդի  ընտրյալ իշխանությունը: Արևմուտքի և Սորոսի թեմայի մշտական շահարկումն էլ տվյալ պարագայում հիշեցնում է Հ. Թումանյանի <Չարի վերջի> սրած կացնը, ինչը գոյություն չունենալով  դժբախտացրեց խեղճ կկվին:

Որ հայ-ռուսական հարաբերությունները արժանապատիվ ձևով կկարգավորվեն՝ անկասկած է, քանի որ մեր քաղաքական, տնտեսական, մշակութային, պատմական, ազգային, մարդկային կապերը դարավոր են ու այնքան խորքային, որ այլ կերպ ուղղակի չի կարող լինել: Արդյունքում, ի թիվս չլուծված շատ հարցերի, Հայաստանին կարտահանձնվեն նաև Ռուսաստանում ապաստան գտած քրեորեն հետապնդվող  և հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացիները:

Կովիդ-19 ուրվականի տարածման վտանգի առկայության պայմաններում Արցախի Հանրապետությունում պետական ընտրությունները անցան կազմակերպված ու անցնցում, աննախադեպ ազատ, արդար ու թափանցիկ: Ընդդիմության՝ այն հետաձգելու պահանջները, Հայաստանի իշխանություններին դրանց միջամտելու մեջ մեղադրանքները և այլ թեժացնող կրքերը ևս մարեցին: Հայաստանյան ընդդիմադիր հեռուստաալիքներում նախագահի թեկնածուներից մեկին այդ օրերին մշտական գրանցում էին տվել,  կարծես նախագահական քարոզարշավը Հայաստանում էր ընթանում: Արդյունքում խորտակվեց Արցախը Հայաստանի հետ քաղաքական հակադրումների պլացդարմ դարձնելու ընդդիմության ևս մեկ հավակնոտ ակնկալիք:

Ընդդիմությունը Կովիդ-19 համարում է իր համար երկնքից ընկած մանանա՝ քաղաքական սև նպատակների իրագործման համար, երազելով, որ իրավիճակն ահագնանա, բազմապատկվի մահերի թիվը, միայն թե մարդիկ չարանան և ըմբոստանան իշխանության դեմ: Նաև ցավում են, թե նման իրավիճակում իրենք որքան <փող կկպցնեին> հիվանդներին ծանոթով թեստավորելու, հիվանդանոցներում տեղավորելու, թոքերի արհեստական շնչառության սարքերին միացնելու, թեստավորման  լիցենզիա տրամադրելու, դիմակների ու ձեռնոցների իրացումից և այլն: Սա անտանելի ցավ է ու մեծ կորուստ:

Եվ վերջապես վերջին օրերի իշխանությանն ուղղված <սահմանադրական ճգնաժամ> կոչված մեղադրանքը:

Քսան տարի շարունակ Հայաստանի քաղաքացին զրկված է եղել իշխանություն ձևավորելու սահմանադրական իրավունքից: Երբ փորձել է իր իրավունքին տեր կանգնել՝ նրան սպառնացել են, ծեծել են, կալանավորել են, ունեզրկել են, արտաքսել են, սպանել են: Հազարավոր մարդկանց ճակատագրեր են խեղել, ընտանիքներ քանդել, եղբայրը եղբոր թշնամի դարձրել: Մարդկային դեմքով այդ անէակները ընտրությանը հաջորդող օրերին օբյեկտից օբյեկտ քաշ գալով խրախճանքներ ու խնդություն են կազմակերպել հերթական ընտրությունը հորով-մորով անելու համար, հետո նստել հաշվել արված ծախսերն ու հաշվարկել կորուստների վերականգնման հնարավոր ամենակարճ ժամկետները: Համոզված եմ, որ ներկա քննադատներից շատերը ժամանակին այս կամ այն կարգավիճակով մասնակցել են այդ բազմամարդ <բանկետներին> և Հայաստանի բարգավաճումն ու նժդեհական սուրբ գաղափարներն իրականացնողներին հատուկ մեծարող ու թագավորացնող կենացներ խմել: Սահմանադրությանը նախկինում ծաղրողներին, բռնաբարողներին, անարգողներին թվում է,  թե դիմակ կրելով ժողովուրդն իրենց կամ պատվիրատուներին չի ճանաչում:

Թերևս սրանք են ընդդիմության նշած իշխանության <ձախողման> հիմնական թիրախները, հանուն որի պատրաստվում են միավորվել, որ հեղափոխություն անեն:

Ձեռքի հետ էլ առաջարկում են մոռանալ անցյալն ու միավորվել, քանի դեռ ուշ չէ: Այսինքն թողնել, որ շարունակեն վայելել թալանածը, կողոպտածը, մոռանալ ծեծը, ջարդը, թափված արյունը, տարիներով ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու ժողովրդից գողացված իրավունքը: Իսկ Հայաստանի հպարտ քաղաքացիները, երկրից պարտադրված հեռացածները, անմեղ դատապարտվածներն ու ճնշումների զոհերի հոգիները կհասկանա՞ն և կներե՞ն Նիկոլ Փաշինյանին ու իր քաղաքական թիմին: Որ հաջորդ սերունդները օրինաչափ  համարեն տասնամյակներով պետությանն ու ժողովրդին թալանելն ու անպատիժ մնալը, որ հետո սրանց զավակները շարունակե՞ն հայրերի կիսատ թողած թալանն ու դարձյալ մնան անպտիժ, արդեն հանուն այդ օրերի իրավիճակի կայունության: Իսկ մեր երեխաներին ինչպե՞ս կոչենք՝<դատապարտվածներ ու սրանց հավերժ նոքարներ>:

Արտերկրի աջակցություն, հսկայական ֆինանսական ռեսուրսներ, մի քանի հեռուստաալիքներ, բազմաթիվ տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներ, <աբիժնիկների> և կուլակաթափման վախով տառապողների, քրեական աշխարհի կարկառուն դեմքերի, օրավարձով աշխատող ծալը պակաս քաղաքագետների, վերլուծաբանների ու հոգեբանների մի հսկայական բանակ: Սրան ավելացրած մահաբեր Կովիդ-19 իր առողջական, տնտեսական և քաղաքական մահաբեր ավերածությունները: Առանց չափազանցնելու՝ իսկը ռազմաճակատ: Երբեմն ինձ թվում է, թե մեր հրաշք երկիրը վերածվել է թույնի և ատելության թափոնով ծայրեծայր լցված պահեստարանի:

Իսկ դիմացը կանգնած է ժողովրդի կողմից ընտրված, արդեն երկամյա պետական կառավարման փորձով, չարատավորված, չկեղծված, տեսանելի հաջողություններ արձանագրած (իհարկե տեսնել ցանկացողների համար) պատվախնդիր մի իշխանություն, որի նախկինից ժառանգածը թշնամուս չէի կամենա: Սկզբի համար չափից շատ չէր՞ արդյոք մեր երիտասարդ զավակների ուսերին ընկած բեռը:

Երբ նրանք նախաձեռնեցին ու իրականացրեցին տարիներով բոլորիս տենչած, սակայն մեզ չհաջողված հեղափոխությունը, մենք կանգնեցինք նրանց կողքին: Հիմա առավել ևս նրանք ունեն մեր կարիքը: Պատմությունը դարձյալ կրկնվում է՝ Հայաստանի համար օրհասական պահերին անձնական շահի կամ օտարի դրդմամբ հայն է թիկունքից խփում հային՝ նենգաբար, ավելի սոսկալի ու դաժան, քան թշնամին: Ահավասիք՝ Հրանտ Բագրատյանը և մնացյալը:  Բայց մենք սովոր ենք դիմակայել ծանր մարտահրավերների, ուղղակի մեր օրերում դրանք միանգամից են ու շատ ծանր:

Իմ ավագ սերնդակից եղբայրներ: Իշխանության ղեկի նավավար երիտասարդների մեջ մեր արյունն է հոսում, նրանք մեր կանանց ու մայրերի պորտալարով են սնվել ու հասակ առել: Նրանք մեզանից ավելի հաջողակ են, թեկուզ նրանով, որ կարողացան հեղափոխությամբ մեզ ազատագրել անվերջ թվացող մոնղոլ-թաթարական լծից:

Նրանց թույլ տված առանձին սխալները ճակատագրական չեն և հաջողությունների ալիքը դրանց կմաքրի: Երիտասարդ լինելը թերություն չէ՝ առավելություն է, եթե առավել ևս կողքին կանգնած են ավագները: Եկեք չտրվենք ամենօրյա ու ամենժամյա ապատեղեկատվության քայքայիչ չումային: Թող ընդդիմադիրներն իմանան, որ իրենց հեռուստաալիքներով գիշեր ու զօր ցուցադրվող թաթերականացված ողբը, սպառնալիքը, կարեկցանքը, թափվող թույնն ու աղբը չեն կարող որևէ կերպ սասանել մեր առողջ հասարակության իշխանության ու վարչապետի նկատմամբ ունեցած անսահման վստահության կարծրատիպերը:

Տասնյակ տարիներ մեր վրա նայել են բլուրների ու բարձրունքների վրա կառուցած առանձնատների բարձրությունից և հանկարծ Հայրենիքի նկատմամբ անմնացորդ սերը բարձրունքներից իջեցրեց նրանց բարիացած ու հայրենասեր կերպարով: Սրանց համար Հայրենիքը ընդամենը փող կպցնելու տեղ է ու <լավ ախպերներով> մի կտոր հաց ուտելիս թագավոր շեֆերի ու <ծտերի>  համար խմվող կենացների արանքում ևս մի կենացի առիթ:

Հիշենք, թե որքան անգամներ ենք մենք երկրի ղեկավարներին ազգովին արժևորել հեռանալուց կամ կորցնելուց հետո միայն: Շատ ղեկավարներ կերազեին Նիկոլ Փաշինյանի քաղաքական կենսագրությանն ու ժողովրդականությանը: Ապավինենք տարիների կուտակած մեր փորձին ու սթափությանը: Թավշյա հեղափոխությունը առաջին փուլն էր ընդամենը: Փոխադարձ սիրով ու համերաշխությամբ շարունակենք հաղթահարել մեր օրերին բաժին հասած հերթական փորձությունները: Դրանք ո՛չ առաջինն են և ո՛չ էլ վերջինը: Աստված պահապան մեր զավակներին և մեր երկրին:

P.S. Բանից պարզվում է, որ ՀՅԴ ԳՄ համար Մայր օրենքն ու Սահմանադրությունը պահպանելը շատ մեծ ու կարևոր նշանակություն ունի:

Արմեն Գևորգյան

30.06.2020թ.

1in.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4