November 29, 2020

Միջազգային ֆինանսական աջակցությունը կարող է նաև խարխլել պետությունների ինքնիշխանությունը

Սոֆյա Մանուկյան

Աղքատության հաղթահարումը ոչ միայն մի շարք պետությունների, այլև միջազգային կազմակերպությունների և անգամ միջազգային ֆինանսական ինստիտուտների օրակարգերում առաջնային տեղ է գրավում: Օրինակ, Հայաստանում Համաշխարհային բանկի (ՀԲ) հայտարարած նպատակներից է նվազեցնել աղքատությունը, ուստի բանկն իր զեկույցում նշում է այն մարտահրավերները, դրանց թվում նաև կլիմայական փոփոխությունները, որոնք կարող են խոչընդոտել ինչպես Հայաստանի երկարաժամկետ կենսակայուն տնտեսական զարգացմանը, այնպես էլ աղքատության նվազմանը: Բանկն իր զեկույցում նշում է, օրինակ, երաշտի վտանգները Հայաստանի գյուղատնտեսության համար և ընդհանրապես ջրի հասանելիության տեսանկյունից՝ ընգծելով, որ կլիմայական փոփոխությունները կհանգեցնեն ջրային պաշարների նվազմանը, ինչպես նաև հողերի դեգրադացմանը: Վերջինիս պատճառներից զեկույցը նշում է նաև անտառների կորուստը և հանքերից աղտոտված տարածքների ծավալները: Ընդ որում, բանկը նշում է, որ չնայած օրենքները բարելավում են, այնուամենայնիվ, իրագործումը դեռ արդյունավետ չէ: Ուստի բանկը զեկույցում նշում է քայլեր, որ իրականացրել կամ ծրագրում է իրականացնել, որոնք ուղղված են հաղթահարելու վերը նշված մարտահրավերները, օրինակ, բանկի աջակցությամբ հանքերի կառավարման ոլորտում նոր օրենքի մշակումը, ինչպես նաև Հայաստանի կառավարությանը շարունակական խորհրդատվության տրամադրումը հանքերի կառավարման այնպիսի քաղաքականություններ մշակելու համար, որոնցով կբարելավի ոլորտի կառավարումն ու գործի կդրվեն առկա օրենքները:

Սակայն իրողությունն այն է, որ ինչպես միջազգային մասշտաբով, այնպես էլ Հայաստանում բանկի գործունեությունը հաճախ թողնում է հակառակ ազդեցությունը: Այսպես, 2004-2013թթ-ներին աշխարհում մոտ 3 միլիոն 350 հազար մարդ տարհանվել է իր բնակության վայրից ու հողերից՝ Համաշխարհային բանկի ներդրումային ծրագրերի, այդ թվում էներգետիկ ծրագրերի իրականացման համար: Հայաստանում ևս բանկը ներգրաված է հակաբնապահպանական ծրագրերում, որոնք նաև տեղացիների աղքատացման լուրջ ռիսկեր են պարունակում, ինչպես օրինակ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագրի կամ Ամուլսարում ոսկու հանքի շահագործման ծրագրի պարագայում է, որոնց խնդիրների մասին բարձրաձայնել են անգամ բանկը վերահսկող կառույցները:

Ու թեև Համաշխարհային բանկի և այլ ֆինանսական ինստիտուտների ազդեցությունն աղքատության վրա առավել տեսանելի է հակաբնապահպանական ծրագրերի պարագայում (այս մասին առիթ ենք ունեցել մանրամասն խոսելու այս հետազոտության մեջ), այնուամենայնիվ, բանկը և բանկի մոդելով աշխատող այլ ֆինանսական հաստատությունները աղքատության են հանգեցնում նաև այլ, ոչ միշտ տեսանելի գործունեությամբ, ինչպես օրինակ պետություններին շարունակաբար վարկեր տրամադրելով, ինչի հետևանքով պետություններն, այդ թվում և Հայաստանը, ստիպված են լինում ավելի շատ գումար հատկացնել արտաքին պարտքերը մարելու, քան առողջապահության, բնապահպանության կամ կրթության ոլորտներին տրամադրելու համար:

Միջազգային ֆինանսական ինստիտուտները նպաստում են աղքատությանը կամ իրավունքների խախտմանը նաև մեկ այլ, ոչ ակնհայտ կերպով՝ պետությունների քաղաքականությունների մշակման վրա ուղղակի ազդեցությամբ, այդ թվում նաև ֆինանսական վարկային միջոցներ տրամադրելիս: Այսպես, դեռևս 80-90-ականներին Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ազատ շուկայի տնտեսական քաղաքականությունները, այդ թվում մասնավորեցման, առևտրի ազատականացման, անսպառ տնտեսական աճի նպատակներն իրականացնում էին Կառուցվածքային համապատասխանեցման ծրագրերի միջոցով (Structural Adjustment Programmes): Իսկ այսօր արդեն հիմնադրամը և բանկը ֆինանսեր են տրամադրում տնտեսական նախապայմաններով: Այսպես, օրինակ Արժույթի միջազգային հիմնադրամը վարկ տրամադրելիս պահանջում է պետություններից ներկայացնել «նպատակադրվածության նամակ», որով պետությունը ներկայացնում է իր որոշակի նախապատրաստական գործողությունները, որոնք պետք է հանգեցնեն մակրոտնտեսական քաղաքականությունների բարեփոխումների: Համաշխարհային բանկը ևս պահանջում է «նախնական գործողություններ» որպես իր Զարգացման քաղաքականությունների ֆինանսավորման ծրագրերով աջակցություն տրամադրելու նախապայման: Այն պետությունները, որոնք ընդունում են տնտեսական այս նախապայմանները և իրականացնում են նման նախնական քայլեր, կարող են զարգացման ծրագրերի համար վարկեր և դրամաշնորհներ ստանալ: Իսկ ահա բանկի և հիմնադրամի մեծ ռեսուրսները, այդ թվում հետազոտական մեծ պաշարը թույլ է տալիս իրենց իսկ մշակած քաղաքականություններն անվանել «լավագույն փորձ»:

Բանկի և հիմնադրամի առաջարկած նման մակրոտնտեսական «բարեփոխումներից» են հարկաբյուջետային կոնսոլիդացման այնպիսի միջոցառումները, որոնք, օրինակ, հանգեցնում են պետական աշխատողների աշխատավարձերի կրճատմանը, ավելացված արժեքի հարկերի ավելացմանը, անուղղակի ռեգրեսիվ հարկերի ներմուծմանը, աշխատանքային իրավունքների պաշտպանման մեխանիզմների թուլացմանը, հանրային ծառայությունների կրճատմանը կամ մասնավորեցմանը, սոցիալական ապահովության ոլորտի թիրախավորմանը. գործողություններ, որոնք թույլ են տալիս, սակայն, ցածր պահել ինֆլյացիայի, կորպորատիվ հարկերի և առևտրի սակագների մակարդակները:

Քաղաքականությունների մշակման գործում նման ուղղակի ազդեցությունը, կամ էլ անուղղակի խորհրդատվությունները, որոնց իրագործումը անհրաժեշտ քայլ է ֆինանսական աջակցություն ստանալու համար, քննադատները որակում են որպես շահառու պետության ինքնիշխանությունը խարխլող քայլ, որը թույլ չի տալիս այդ պետություններին մշակել և իրագործել զարգացման սեփական տեսլականը:    

Օրինակ, արևմտյան դոնոր պետությունները, ինչպես օրինակ ԱՄՆ-ն և Բրիտանիան, ինչպես նաև Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը խրախուսում են ռեգրեսիվ հարկումը` մեծ եկամուտ ունեցողներից պակաս հարկումն, ի տարբերություն քիչ եկամուտ ունեցողների՝ համարելով, որ այն կարող է հաջող գործել, հատկապես եթե զուգակցվի պետության ավելացված ծախսերով, օրինակ, ճիշտ թիրախավորված նպաստների տրամադրմամբ: Այնուամենայնիվ, անգամ Համաշխարհային բանկը նախազգուշացնում է աղքատության վրա հարկման այս համակարգի հնարավոր բացասական ազդեցության մասին:

Նախկինում առիթ ենք ունեցել քննարկելու նաև Համաշխարհային բանկի աղքատության համար նպաստի տրամադրման մոդելը, որը կիրառվում է այդ թվում նաև Հայաստանում, և որը, սակայն, նույնպես քննադատության է արժանացել դրանում առկա անճշտությունների համար: Մոդելը նախատեսում է  նպաստներ տրամադրել ոչ թե համատարած բոլոր աղքատներին, այլև թիրախավորել ամենաաղքատներին: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թիրախավորման հաշվարկները որոշակի անճշտություններ են պարունակում՝ հասնելով ընդհուպ մինչև 93 տոկոս անճշտության Ինդոնեզիայի պարագայում, ինչի հետևանքով էլ պետությունների համար դժվարանում է աղքատության հաղթահարման նպատակների իրագործումը: 

Ըստ այս մոդելի քննադատների՝ նման թիրախային ծրագրերը պարզապես ցածր արժեք ունեն, քանի որ ծրագրում չեն ընդգրկում աղքատների մեծ մասին: Սա էլ, թերևս, ծառայում է հարուստների շահերին, ովքեր այս կերպ հնարավորություն ունեն խուսափելու բարձր հարկեր վճարելուց: Դե իսկ խոշոր ֆինանսական ինստիտուտների համար պակաս կարևոր չէ, որ պետություններն ուղղեն իրենց ֆինանսական միջոցներն արտաքին պարտքի և տոկոսների մարմանը: Այս քաղաքականության քննադատների համար նաև զարմանալի չէ, որ այսպիսի թիրախավորված ծրագրերը հատկապես գերակշռում են թույլ ժողովրդավար երկրներում:  

Անգամ Հայաստանի վերաբերյալ Համաշխարհային բանկի զեկույցը նշում է, որ յուրաքանչուր երեք աղքատից միայն մեկն է ներառված Ընտանեկան նպաստների ազգային ծրագրում, ինչն էլ, ըստ բանկի, վկայում է հաշվարկային բացթողումների մասին: Մասնավորապես, ընտանեկան նպաստների ծրագիրն, ըստ ուսումնասիրությունների, թեև «ձևակերպված է որպես նյութական աղքատության նպաստ, սակայն էական դերակատարում չի ունենում նյութական աղքատությունից դուրս գալու համար: Այս նպաստի դրամական չափը աղքատության հաղթահարման նպատակաուղղված որևէ իրատեսական հաշվարկի չի դիմանում: Սրա պատճառն արհեստականորեն ցածր հաշվարկված աղքատութան վերին, ստորին ու պարենային շեմերն են»: Ուստի մասնագետների առաջարկն է իրականացնել ընտանեկան նպաստների դրամական չափի իրատեսական վերահաշվարկ, որը թույլ կտա ընտանիքին հոգալու գոնե սննդի նվազագույնն ապահովելու համար անհրաժեշտ ծախսերը:

Աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների թուլացումն ինչպես այլուր, այնպես էլ Հայաստանում ևս Համաշխարհային բանկի ազդեցության հետևանք է: Մի ուսումնասիրության շրջանակներում տարբեր փորձագետների հետ հարցազրույցները վկայում են, որ, մասնավորապես, Հայաստանում 2014թ-ին աշխատանքի պետական տեսչության լուծարման գործում իր դերն է ունեցել Համաշխարհային բանկը՝ ֆինանսավորման դադարեցման սպառնալիքի ներքո պահանջելով շուտափույթ ավարտի հասցնել տեսչական «բարեփոխումները»:

Տարբեր երկրների արհմիությունները տարիներ ի վեր բարձրաձայնում են ՀԲ-ի և ԱՄՀ-ի վարած քաղաքականությունների հետևանքով աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների թուլացման մասին: Սակայն այս կառույցների վարած սահմափակող հարկաբյուջետային քաղաքականությունների և ագրեսիվ մասնավորեցման հետևանքով խոչընդոտվում են հանրային ծառայություններ տրամադրելու պետությունների պարտավորութունները, որոնց հետևանքով էլ խոչընդոտվում են մի շարք իրավունքների իրագործումը, ինչպիսիք են սոցիալական ապահովության, առողջապահության, կրթության, բավարար կենսամակարդակի և այլ սոցիալ-տնտեսական իրավունքներ: 

Ու չնայած ՀԲ-ն և ԱՄՀ-ն նշում են, որ իրավունքների վերաբերյալ միջազգային օրենքներով որևէ պարտավորություն չունեն, այնուամենայնիվ, մշտապես հիշեցնում են, որ իրենց գործունեությամբ նպաստում են տնտեսական զարգացմանը, որն էլ պետք է վերացնի աղքատությունը, ստեղծի համընդհանուր բարեկեցություն և այդ կերպ նպաստի նաև իրավունքների պաշտպանությանը: Ու չնայած այս բանավոր պնդումներին, գործնականում այս ֆինանսական ինստիտուտների գործունեության հետևանքով աղքատության նվազումը փաստող որևէ ցուցանիշ չկա, իսկ վերջին 40 տարիներին աղքատության նվազման հիմնական ցուցանիշները պատկանում են մեկ երկրին՝ Չինասատնին, որը, սակայն, երբևիցե չի հետևում այս ֆինանսական կառույցների քաղաքականություններին կամ չափանիշներին:

Ընդհանրապես, տնտեսական աճով աղքատության հաղթահարումը առայժմ հանգեցրել է միայն մի բանի՝ էկոլոգիական ճգնաժամի: Անգամ Համաշխարհային բանկի նախկին գլխավոր տնտեսագետ Նիկոլաս Ստերնը դեռ 2007թ-ին նշել է, որ կլիմայական փոփոխությունները շուկայական ամենամեծ ձախողումն են: 

Թերևս այս խոսքերի վառ ապացույցն էլ այն է, որ չնայած 1980-ականներից ի վեր համաշխարհային տնտեսությունն աճել է 380 տոկոսով, աղքատ ապրողների թիվն, այսինքն նրանք, ովքեր օրական 5 դոլարից քիչ գումարով են ապրում, այնուամենայնիվ, նույնպես աճել է 1.1 միլիարդով: Այսինքն տնտեսական աճի մոդելն այնքան էլ չի աշխատում աղքատության նվազեցման տեսանկյունից: Ավելին, այս մոդելը մարդկության խնդիրներին ավելացնում է նաև էկոլոգիական խնդիրները, քանի որ ներկայիս համաշխարհային աճի և սպառման տեմպերով տարեկան 50 տոկոսով ավելի ենք սպառում, քան թույլատրելի է մեր մոլորակի մասշտաբներով: Ընդ որում, սպառման մեծ մասն աշխարհի արդեն իսկ զարգացած երկրներին է բաժին ընկնում: Ուստի որոշ տնտեսագետներ խորհուրդ են տալիս մի կողմ դնել տնտեսական աճի ու զարգացման մոդելն ու նոր մոդելի շուրջ մտորել: Ժամանակն է, որ Հայաստանը ևս հետևի այս խորհրդին:

Սոֆյա Մանուկյանը հետազոտող է, իրավապաշտպան-բնապահպան: Հետազոտական աշխատանքների ոլորտը ներառում է մասնավոր հատվածի ազդեցությունները բնության և մարդու իրավունքների՝ մասնավորապես սոցիալ-տնտեսական իրավունքների վրա: Հետաքրքության ոլորտներից է նաև աշխատանքային իրավունքները և կանանց իրավունքների պաշտպանությունը: independent.academia.edu/SofiaManukyan

lragir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4