July 4, 2020

Հայաստանում էական տեմպերով զարգանում է այլընտրանքային էներգիայի արտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։

Էներգետիկ անվտանգության հարցերի լուծումը մշտապես եղել է կառավարության գործունեության հիմնական թիրախներից մեկը։ Հետեւողական աշխատանքներ տանելով Հայաստան ներմուծվող հիմնական էներգակրի՝ գազի գնման եւ դրա ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ՝ պետությունն առանձնակի ուշադրություն է դարձնում այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը եւ էներգախնայող նորարարական լուծումների ներդրմանը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նախորդ շաբաթ կրկին քննարկվեց գազի սակագնի բարձրացման հարցը։ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջարկել էր 1000 խմ գազի միջին սակագինը սահմանել 283 ԱՄՆ դոլար՝ գործող 255-ի փոխարեն, իսկ ՀԾԿՀ-ն սեփական հաշվարկների արդյունքում առաջարկել էր 266.7 դոլարի սահմանագիծը, որն էլ ընդունվեց։

«Գազպրոմ Արմենիան» սակագնի բարձրացումը հիմնավորել էր մինչեւ 2030 թ. ոլորտի զարգացման համար 230 մլրդ դրամի ներդրումների համար անհրաժեշտ միջոցների ներգրավմամբ։ Այդ ներդրումները նախատեսված են Հայաստանի գազաֆիկացման եւ գազամատակարարման վերջնական սխեմայով, որը ձեւավորվել է գործադիրի եւ «Գազպրոմ Արմենիա» ընկերության համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում։

Հանրապետության գազի համակարգում մենաշնորհ ունեցող ընկերությունն առաջարկեց ոլորտի զարգացման համար նախատեսված գումարներն ապահովել գազի սակագնի բարձրացմամբ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ մասնակի բավարարեց պահանջը՝ ընկերությանն առաջարկելով համակարգի զարգացման համար միջոցներ ներգրավել սեփական ծախսերի օպտիմալացման եւ խնայողությունների հաշվին։ Սակայն «Գազպրոմ Արմենիա» ընկերության վարչության նախագահ Հրանտ Թադեւոսյանը հայտնել է, որ այդ դեպքում կդանդաղի ոլորտի զարգացման ծրագրերի իրականացումը։

Վերոհիշյալ քննարկումները կրկին առաջնային հարթակ բերեցին էներգետիկայի ոլորտի զարգացման եւ դրա անվտանգության հարցերը։ Այս ուղղությամբ Հայաստանի վարած քաղաքականությունը հիմնականում միտված է էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, էներգամատակարարման հուսալիության ապահովմանը, տեղական վերականգնվող էներգապաշարների օգտագործման ծավալների մեծացմանը, ինչպես նաեւ էներգախնայող միջոցների ներդրմանը։ Գործադիրը ձգտում է ստեղծել արտահանման կողմնորոշում ունեցող կայուն էներգահամակարգ, դրա համար ներդրվում են ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած նոր արտադրող հզորություններ։ Ուշադրության կենտրոնում են նաեւ ատոմային էներգիայի արտադրության պահպանման եւ հզորացման հարցերը։ Մշտական միջոցառումներ են իրականացվում ատոմային գործող էներգաբլոկի պահպանման եւ անվտանգության զարգացման ուղղությամբ։ Այդ նպատակով վերջերս կառավարությունը պետական բյուջեից վարկային միջոցներ հատկացրեց, որը կնպաստի պահպանման աշխատանքներն արդյունավետ եւ որակյալ իրականացնելուն։ Սրան զուգահեռ ընթացքի մեջ են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախապատրաստական աշխատանքները։

Ոլորտի խնդիրներն ամբողջության մեջ դիտարկելու եւ խնդիրներին համակարգային ու հիմնավոր լուծումներ տալու նպատակով կառավարութունը մինչեւ 2040 թ. համար մշակել է էներգետիկայի զարգացման ռազմավարության ծրագիր, որը նախատեսվում է հաստատել ընթացիկ տարում։

2019 թ. Հայաստանի էներգետիկ համակարգում արձանագրված խափանման դեպքը փաստեց էներգիայի մատակարարման այլընտրանքային աղբյուրներ ունենալու անհրաժեշտությունը։ Համակարգի խափանման այդ կարճ ժամանակահատվածում անհրաժեշտ էներգիան Հայաստանը ստացավ Իրանից։ Կարեւորելով էներգակիրներով հարուստ այս երկրի հետ ոլորտի ենթակառուցվածքների զարգացումը՝ ներկայում կառուցվում են Իրան-Հայաստան 400 կվտ հզորությամբ էլեկտրահաղորդակցման գիծ եւ ենթակայան։ Հարեւան երկրի հետ բանակցություններ են տարվում գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց նոր պայմանագրի կնքման ուղղությամբ, այն նախատեսված է մինչեւ 2040 թ. համար։

Պետությունը ոլորտի զարգացման համար ներգրավում է նաեւ միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցները։ Նախորդ տարի վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվել են Երեւանի ՋԷԿ-ի ենթակայանի կառուցման եւ «Հաղթանակ» ենթակայանի վերակառուցման աշատանքները։ Կառավարությունը նպատակային քայլեր է անում «Հյուսիս-հարավ» էլեկտրաէներգիայի միջանցքի նախաձեռնության կյանքի կոչման ուղղությամբ։ Վերջինիս համատեքստում Հայաստան-Վրաստան-Ռուսաստան-Իրան կապի ձեւավորումը մեր երկրի էներգետիկ համակարգը նոր կարգավիճակի կբերի, դառնալով տարանցման երկիր՝ դյուրինացնելով նաեւ էներգակիրների ներմուծումն ու արտահանումը։

Նախորդ տարի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Արմփաուեր» ՓԲԸ-ին տրամադրել է 254 ՄՎտ հզորությամբ համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի կառուցման լիցենզիա, որով նախատեսվում է Երեւանի ՋԷԿ-ի տարածքում ստեղծել նորագույն տեխնոլոգիաներով աշխատող կայան։ Ընկերությունն այդ նպատակով կներդնի 130 մլրդ դրամից ավելի միջոցներ։

Գազամատակարարման եւ գազի բաշխման համակարգի զարգացման համար Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի ոլորտում բնական մենաշնորհներ ունեցող երկրի՝ Ռուսաստանի հետ համագործակցության զարգացումը։ Այդ ուղղությամբ Հայաստանն ակտիվ աշխատանքներ է տանում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Նախորդ տարի ստորագրվել է արձանագրություն ԵԱՏՄ էներգետիկ ընդհանուր շուկայի ձեւավորման մասով, որով այս միության շրջանակներում ընդհանուր էներգետիկ շուկայի ձեւավորման հիմքն է դրվել։ Ընդհանուր շուկան նախատեսվում է գործարկել 2025-ին։

Հայաստանը նախաձեռնողականություն է դրսեւորում նաեւ ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձեւավորման ուղղությամբ, որը նույնպես նախատեսվում է գործարկել 2025 թ.։ Այդ նպատակով միության երկրներում իրականացվում են գազի մատակարարման եւ տեղափոխման գործընթացները կարգավորող օրենսդրության միասնականացման, գազի սակագների ձեւավորման, ընդհանոր շուկայի տեղեկատվական փոխգործակցության մեխանիզմների ներդրման աշխատանքներ։

Էներգետիկ անվտանգություն ապահովելու համար առաջնային նշանակություն ունի այլընտրանքային էներգիայի ոլորտի զարգացումը։ Այս նպատակով կատարվում են էական քայլեր։ Հայաստանում ներկայում ընթացքի մեջ են մոտ 600 մվտ հզորությամբ արեւային 7 կայանի կառուցման աշխատանքները։ Դրանցից խոշորներն են Մասրիկ-1 /55մվտ/ կայանի եւ «Մասդար Արմենիա ծրագիր» /400մվտ/ նախագծերը։ 2020 թ. դրությամբ 500 կվտ հզորությամբ 1944 ինքնավար էլեկտրաարտադրողներ պայմանագրեր են կնքել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ, եւս 123 էներգաարտադրող ստացել են տեխնիկական պայմաններ։ Կառուցման փուլում են մինչեւ 5 մվտ հզորությամբ եւս 31 արեւային կայան։

Այլընտրանքային էներգիայի մյուս աղբյուրը փոքր հիդրոէլեկտրակայաններն են։ 2020 թ. դրությամբ Հայաստանում էլեկտրաէներգիա են արտադրում 189 փհէկ՝ գումարային 375 կվտ հզորությամբ։ Մոտ 24 մլրդ դրամի գումարային ներդրման ծրագրերի շրջանակներում կառուցման փուլում են նաեւ 56 մվտ հզորությամբ եւս 26 նոր փհէկ։

Վերոշարադրյալից ակնհայտ երեւում է, որ էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար պետությունը միջոցառումներ է իրականացնում տարբեր ուղղություններով եւ հարթություններով, ինչն այլընտրանք չունի։

Արմեն Վարդանյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4