July 4, 2020

ՍԴ նախագահի և 3 անդամի պաշտոնավարումը կդադարեցվի. ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է ԱԺ պատգամավորների մեկ քառորդի կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: 

Հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագիծը ներկայացվում է նոր խմբագրմամբ: Պատգամավոր Սուրեն Գրիգորյանն առաջարկել է Սահմանադրական դատարանի անդամի թափուր տեղերի համար առաջադրումները կատարել թափուր տեղն առաջանալուց հետո ոչ թե մեկամսյա, այլ երկամսյա ժամկետում: Առաջարկն ընդունվել է:

Վ.Հովակիմյանն ասաց, որ փոփոխության արդյունքում կդադարեցվի ՍԴ երեք անդամի պաշտոնավարումը, ՍԴ չորս անդամները կշարունակեն պաշտոնավարել: ԱԺ պատգամավորի խոսքով՝ նախագծի ընդունմամբ՝ ՍԴ նախագահի լիազորությունները կդադարեցվեն, սակայն Հրայր Թովմասյանը կշարունակի գործել որպես ՍԴ անդամ: 

«Այս փոփոխությունը հանուն Հայաստանի Հանրապետության է, հանուն վստահություն վայելող և լեգիտիմ Սահմանադրական դատարան ունենալու մեր տեսլականի»,- խոսքը եզրափակեց Վ.Հովակիմյանը:  

Հարակից զեկուցող Նազելի Բաղդասարյանը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի երկարամյա ճգնաժամը լուծվում է: «Մեզ ասում են, որ մենք Սահմանադրական կարգ ենք տապալում, բայց դա այդպես չէ, մենք վերադարձնում ենք Սահմանադրությանն իր ոգին և հավատարիմ ենք մնում մեր որդեգրած սկզբունքներին»,- ասաց պատգամավորը:

Արդարադատության նախարարը նշեց, որ նախագծով բոլոր այն ՍԴ դատավորների, որոնք ավելի քան 12 տարի աշխատել են, այդ թվում՝ ՍԴ նախագահի, պաշտոնավարումը դադարեցվելու է: Ռուստամ Բադասյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիներն ուզում են անկախ, չկոռումպացված դատական համակարգ, իսկ այս գործընթացին դիմադրում են նախկին կոռումպացված համակարգի շահառուները: «Բայց մենք պետք է ի կատար ածենք ժողովրդի ցանկությունը, քանի որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին»,- ասաց նախարարը: 

Խորհրդարանը 89 դեմ ձայնով մերժեց Սահմանադրական փոփոխության վերաբերյալ հարցով ՍԴ դիմելու որոշման նախագիծը: 

Այնուհետև ԱԺ պատգամավորները 89 ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունեցին մեկ քառորդի կողմից առաջարկված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4