July 4, 2020

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ընդունվել է ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձև

Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանում հունիսի 22-ին կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնությամբ առաջադրված՝ «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը (Resolution on prevention of genocide):

Բանաձևը, որն ավանդաբար ներկայացվում է Հայաստանի կողմից, հիմնվում է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի տրամաբանության վրա: Բանաձևը վերահաստատում է Կոնվենցիայի այն դրույթը, որ պատմության բոլոր ժամանակաշրջաններում ցեղասպանությունը մեծ կորուստներ է պատճառել մարդկությանը:

Բանաձևը համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռում է ցեղասպանության հանցագործության վտանգի և ժամանակակից աշխարհում այս հանցագործության կրկնումը բացառելու գաղափարի վրա՝ ընդգծելով այդ սոսկալի հանցագործության վերացման ուղղությամբ պետությունների միասնական ջանքերի անհրաժեշտությունը: 

2020 թվականին Հայաստանի կողմից ներկայացված բանաձևը ևս մեկ անգամ վերահաստատում է այն գաղափարը, որ անցյալում գործած ցեղասպանությունների արդարացումը կամ դրանց ժխտումը կարող են հանգեցնել նոր բռնությունների:

Բանաձևի թարմացված տեքստը ներառել է բազմաթիվ նոր դրույթներ. ի թիվս այլոց, ընդգծվել է այն իրողությունը, որ ցեղասպանության վտանգ կա այն երկրներում, որտեղ զանգվածային կերպով խախտվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այդ թվում թիրախավորվում և հետապնդվում են էթնիկ, ռասայական, ազգային կամ կրոնական փոքրամասնությունները: Այս համատեքստում ուշադրություն է հրավիրվել ցեղասպանության այնպիսի վաղ ազդակների վրա, ինչպիսիք են քաղաքական գործիչների կողմից նշված խմբերի հանդեպ ատելության խոսքի տարածումն ու նրանց իրական կերպարի աղավաղումը: Նշվել է ազգային, կրոնական և էթնիկ փոքրամասնությունների մշակութային և հոգևոր ժառանգության ու պատմական հուշարձանների պահպանման կարևորությունը:

Բանաձևը վերահաստատում է, որ ցեղասպանության կանխարգելման հիմնական տարրերից է անցյալում գործած ցեղասպանությունների մասին ուսուցումը և զոհերի հիշատակի հարգումը (memorialization), ըստ այդմ՝ ընդգծվել է անցյալում գործած ցեղասպանությունների հետ կապված վկայությունների ու արխիվային նյութերի պահպանման անհրաժեշտությունը:

Հայաստանի կողմից առաջադրած բանաձևն արտացոլում է խնդրի վերաբերյալ ժամանակակից աշխարհում տեղի ունեցող զարգացումներն ու համահունչ է ՄԱԿ-ի կողմից նախանշված գերակայություններին: Այսպես, անդրադառնալով ՄԱԿ-ի Կայուն զարգացման թիրախներին՝ փաստաթուղթն ընդգծում է, որ դրա 4-րդ նպատակը պետք է իրականացվի նաև անցյալում գործած ցեղասպանություններն ուսուցանելու միջոցով:

Հայաստանի կողմից ներկայացված փաստաթուղթը բարձրացնում է համամարդկային նշանակության խնդիրներ, այդ թվում դատապարտում է կանանց և աղջիկների հանդեպ ցեղասպան գործողությունները և նրանց որպես ցեղասպանության գործիք օգտագործելու պրակտիկան:

Բանաձևը ողջունում է Հայաստանի նախաձեռնած «Ընդդեմ ցեղասպանության կանխարգելման» երրորդ գլոբալ ֆորումը, որը տեղի է ունեցել Երևանում 2018 թվականի դեկտեմբերի 9-ին և նվիրված է եղել կրթության, մշակույթի և թանգարանների միջոցով ցեղասպանությունների կանխարգելման խնդրին: Հիշեցնենք, որ 2015 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 69-րդ նստաշրջանին կոնսենսուսով ընդունեց Հայաստանի նախաձեռնած՝ դեկտեմբերի 9-ը (կոնվենցիայի ընդունման օրը) Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու վերաբերյալ բանաձևը:

Հայաստանը Մարդու իրավունքների խորհրդի ընտրված անդամ է 2020-2022 թվականների համար և որպես Խորհրդի անդամ՝ իր գերակայությունների թվում նշել է, որ նպաստելու է ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված համաշխարհային ջանքերին՝ ազգային և միջազգային մեխանիզմների ամրապնդման միջոցով:

Հայաստանի կողմից ձեռնարկվող այս քայլերը սերտորեն փոխկապակցված են Հայոց ցեղասպանության ընդունման և դրա ժխտողականության դեմ պայքարի հետ, քանի որ ցեղասպանությունների և մարդկության դեմ գործած այլ ոճրագործությունների կանխարգելման միջազգային օրակարգի մաս են կազմում, որի հիմնական տարրերն են՝ անպատժելիության դեմ պայքարը, ճշմարտության վերականգնումը, ցեղասպանության հիմնարար պատճառների բացահայտումը և վաղ կանխարգելման մեխանիզմների հիմնումը:

Ցեղասպանության կանխարգելում բանաձևը ներկա պահին համահեղինակել է մոտ 60 պետություն: Այն համահեղինակության համար բաց է լինելու ևս երկու շաբաթ:

Բանաձևի ընդունումը վկայում է, որ միջազգային հանրությունը կարևորում է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը մեկնաբանել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի ընդունումը: Մեկնաբանության մեջ ասվում է.

«Այսօր Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանն ընդունեց ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ բանաձևը, որը ներկայացվել էր Հայաստանի կողմից։ Սա միջազգային օրակարգի, Հայաստանի Կառավարության կարևոր հանձնառություններից մեկն է, որը պարբերաբար՝ արդեն շուրջ 20 տարի, մենք ներկայացնում ենք միջազգային հանրության ուշադրությանը։

Բանաձևը վայելում էր 58 երկրների համահեղինակումը, ընդ որում՝ այստեղ ներգրավված էին երկրներ բոլոր 5 տարածաշրջաններից՝ ԵՄ բոլոր անդամ երկրները, եվրոպական այլ երկրներ, Ասիայից, Աֆրիկայից, Կենտրոնական և Լատինական Ամերիկայից, Ավտրալիան, Կանադան։ Նման լայնածավալ աջակցությունը վկայում է այն կարևորության մասին, որ միջազգային հանրությունը հատկացնում է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգին։

Բանաձևը ևս մեկ անգամ կոչ է անում ուշադրություն դարձնել մարդու իրավունքների զանգվածային խախտումներին, քանի որ ընդունված փաստ է, որ այդ զանգվածային խախտումները, որոնք ունենում են էթնիկ, կրոնական և այլ բաղադրիչ, հետագայում կարող են հանգեցնել ցեղասպանությունների։ Մեր ներկայացրած բանաձևը ևս մեկ անգամ ամրապնդում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ցեղասպանությունների կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի, ՄԱԿ-ում մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների, մարդու իրավունքների մոնիթորինգային մարմինների հատուկ ընթացակարգերի միջև սերտ կապի հաստատումը՝ որպես վաղ կանխարգելման միջոցների ամրապնդման կարևորագույն գործոն։

Բանաձևում այս տարի բազմաթիվ նորամուծություններ են արվել, այդ թվում՝ շեշտվում է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգում քաղաքացիական հասարակության կարևորագույն դերը։ Հատուկ շեշտադրվում է կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունների կանխարգելման դերը՝ որպես ցեղասպանությունների կանխարգելման կարևորագույն մաս. գաղտնիք չէ, որ ցեղասպանությունների ընթացքում նրանց հանդեպ բռնությունները հանդիսանում են գործողությունների բաղադրիչ։ Այս տարի ներդրված մեկ այլ նորամուծություն հուշարձանների պահպանման և հուշարձանների, հիշատակի վայրերի պահպանման կարևորությունն է՝ որպես ցեղասպանությունների կանխարգելման և ցեղասպանությունների վերաբերյալ հիշողության փոխանցման կարևորագույն խնդիր։

Ներկայացվում է նաև ժխտողականության դեմ պայքարի անհրաժեշտությունը, և, մասնավորապես, նախկինում գործած ցեղասպանությունների ժխտումը կամ արդարացումը համարվում է գործոն, որը կարող է նպաստել բռնությունների վերսկսմանը։ Բանաձևի կարևորագույն բնութագրիչներից է ցեղասպանությունների կանխարգելումը հատուկ գործնական քայլերով ուղղորդելու անհրաժեշտությունը, որն էլ ավելի ամրապնդում է միջազգային հանրության ջանքերն այդ սարսափելի ոճրագործությունն այլևս երբեք թույլ չտալու ուղղությամբ։

Ցանկանում եմ նաև հատուկ շնորհակալություն հայտնել այն բոլոր երկրներին, որոնք աջակցում են մեր ջանքերին: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Արտաքին գործերի նախարարության թիմին, որը նպաստեց այս բանաձևի բարեհաջող ընդունմանը։ Հատուկ շնորհակալություն Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանին, դեսպանորդ Նաիրի Պետրոսյանին և դեսպանության ամբողջ անձնակազմին՝ բանաձևը հմտորեն բանակցելու և ընդունման գործընթացը բարեհաջող ավարտելու ուղղությամբ։ Ցանկանում եմ շնորհակալության հայտնել ԱԳՆ մարդու իրավունքների վարչության անձնակազմին, վարչության պետ Կարինե Սուջայանին, բաժնի վարիչներ Քրիստինե Մեհրաբեկյանին և Հասմիկ Սիմոնյանին։ Հատուկ շնորհակալություն նաև ԱԳ նախարարի խորհրդականներ Մարթա Այվազյանին և Վահե Գևորգյանին։ Կարծում եմ՝ թիմային աշխատանքը հրաշալի արդյունք է բերում։

Այս բանաձևը ևս մեկ՝ որակապես նոր քայլ է, մեկ երրորդով թարմացված բանաձև է և բերում է բազմաթիվ նոր բաղադրիչներ ցեղասպանությունների կանխարգելման օրակարգն ուժեղացնելու համար»։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4