July 4, 2020

ՀՀ ԱԳՆ-ն աջակցում է օկուպացված Շահումյանի վերաբերյալ Արցախի իշխանությունների օրինական պահանջներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի Շահումյանի շրջանի օկուպացիայի 28-րդ տարելիցի կապակցությամբ։«Արմենպրես»-ը ներկայացնում է ԱԳՆ հայտարարությունը. «Այս օրերին լրանում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շահումյանի շրջանի օկուպացիայի 28-րդ տարելիցը: 1992թ. հունիսի կեսերին ադրբեջանական զինված ուժերն ամբողջովին գրավեցին Շահումյանի շրջանը և զանգվածային ոճրագործությունների միջոցով այնտեղից դուրս մղեցին հայկական բնակչությանը: Ամբողջական էթնիկ զտումից հետո Ադրբեջանը վերաբնակեցրեց շուրջ երկու տասնյակ հայկական բնակավայրեր ունեցող տարածաշրջանը: Նույն ճակատագրին արժանացան Արցախի Մարտակերտի և Մարտունու այն հատվածները, որոնք օկուպացվեցին Ադրբեջանի կողմից:

Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող Արցախի տարածքներում իրականացված էթնիկ զտումները և ադրբեջանցիներով այդ տարածքների հաջորդական վերաբնակեցումն այսօր էլ Ադրբեջանի ղեկավարությունը ներկայացնում է որպես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման լավագույն տարբերակ: Այս իրողությունն առավել ևս ընդգծում են այն անվտանգության վտանգները, որոնց ենթարկվում է այսօր Արցախի ժողովուրդը:

Խստորեն դատապարտելով Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված զանգվածային ոճրագործությունները՝ մենք աջակցում ենք Շահումյանի, ինչպես նաև Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված հատվածների վերաբերյալ Արցախի իշխանությունների օրինական պահանջներին»։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4