July 4, 2020

Պաշտպանենք հեղափոխությունը

Հարգելի հայրենակիցներ,

Ինչպես տեսնում եք, այսօր արդեն հակահեղափոխությունը չարաշահելով կորոնավիրուսի համավարակի չարագույժ առիթը եւ դրա հետեւանքով երկրի առջեւ ծառացած  դժվարությունները, բացահայտ գրոհ է սկսել ժողովրդի վստահությունը վայելող եւ նրա կողմից ընտրված իշխանությունների դեմ:

Այսօր արդեն պատռված է բոլոր այն տարատեսակ ուժերի եւ մարդկանց դեմքը, որոնց համար  կորոնավիրուսի շնորհիվ հարմար առիթ է ստեղծվել մթնոլորտը թունավորելով հագուրդ տալ իրենց եսակենտրոն ցանկություններին եւ վերադառնալ հին անցյալին ու կողոպուտին:

 Հունիսի 5–ին, ԲՀԿ–ի քաղաքական խորհրդի հատուկ նիստում Գագիկ Ծառուկյանը անսպասելիորեն կորցնելով քաղաքական զսպվածությունը՝  երկիրը կործանումից փրկելու անհիմն կոչով, ըստ էության բացահայտեց պետական շահի նկատմամբ անձնական շահի առաջնայնության իր համոզմունքը:

Գագիկ Ծառուկյանը Սերժա–քոչարյական թալանիչներից, Վանեցյաններից, Միքայել Մինասյաններից ու Մարուքյանական «վայ ընդդիմադիրներից» իրեն մի քանի գլուխ բարձր դասելով՝ իշխանություններին 100 տոկոսով փոխելու կոչ է անում եւ դիմում է  բոլորին, Արցախին, Սփյուռքին, որ համախմբվեն եւ իր կարծիքով  երկիրը կործանումից փրկեն՝ չիմանալով, որ իր այդ կոչով համաճարակի այս ճգնաժամային պատերազմական պայմաններում իրականության մեջ համալրում է հակահեղափոխականների  շղթան եւ հակապետական այս քայլով վտանգի մատնում այն ինչ ժողովուրդը ձեռք է բերել այս երկու տարիների ընթացքում:

Երկրում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, բացթողումներ, սակայն կույր պիտի լինի մարդ չտեսնելու այն հսկայական փոփոխությունները, որ տեղի են ունեցել այս հեղափոխության երկու տարիների ընթացքում: Այժմ փոխարեն ազգովի համախմբվելու օրինավոր իշխանությունների շուրջ եւ միասնաբար պայքարելու համավարակի այս պատերազմի դեմ, ցավոք ցուցաբերվում է համախմբված  հակազգային քաղաքականություն:

Իհարկե մի կողմից լավ է, որ ժողովրդի մոտ ավելի ու ավելի է հստակեցվում,  թե ովքեր են իր իսկական բարեկամները, ովքեր են կեղծ բարեկամները եւ ովքեր թշնամիները:

Եվրոպայի հայերի համագումարը, որպես Հայաստանի ճակատագրով եւ ապագայով հետաքրքրվող եւ մտահոգ սփյուռքյան համաեվրոպական կառույց, կոչ է անում Սփյուռքի իր հայրենակիցներին եւ ողջ հայությանը մի կողմ թողնել մանր մունր խնդիրները, քննադատությունները եւ լծվել հիմնական գործին, այն է ամեն գնով պաշտպանել իրենց ձեռքբերումները, սատար կանգնել հեղափոխությանը, եւ թույլ չտալ որ այն գողացվի հակազգային ու հակահեղափոխական ուժերի կողմից:

Հայաստանի մեր հայրենակիցներին կոչ ենք անում մեկ մարդու պես պայքարել համավարակի դեմ, չհավատալ տարբեր դավադրական տեսություններին, Պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները, կարգապահությամբ տանել դժվարությունները եւ հետեւել համապատասխան մարմինների խորհուրդներին եւ արդյունքում կտեսնենք թե ինչպես դյուրությամբ կհաղթահարվի համաճարակը եւ առավել միակամ ու հզոր կդիմավորենք ապագան:

Եվրոպայի հայերի համագումար

6 հունիս 2020

Շվեդիա

contact@aaeurop.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4