July 4, 2020

Սերժի հեղափոխությունը Սփյուռքում

Օրերս Թումո լայվի հատուկ թողարկմանը հանրահայտ ամերիկահայ երգիչ Սերժ Թանկյանն, անդրադառնալով Հայաստանի թավշյա հեղափոխությանը, նշել էր, որ դա ամենամեծ նվերն էր հայ ժողովրդի վերջին հարյուրամյակների ընթացքում: Շատերն անշուշտ կարող են վիճարկել Թանկյանի այդ գնահատականն ու եզրակացությունը, և գուցե իրավացիորեն, քանի որ հայ ժողովուրդը բավականին բարդ և ողբերգական պատմությամբ հանդերձ, այդուամենայնիվ, նաև ունեցել է ծանրակշիռ հաջողություններ: Բայց Սերժ Թանկյանի պատասխաններում դա չէ էականը: Նա խոսել է մի առավել կարևոր բանի մասին: «Երբ հեղափոխությունը տեղի ունեցավ, ու ես վերադարձա Լոս Անջելես, և բոլորն ինձ հարցնում էին՝ ի՞նչ է կատարվում այնտեղ, իմ առաջին ու անկեղծ արձագանքն այն էր, որ մենք ունեցանք հեղափոխություն Հայաստանում, հիմա ժամանակն է, որ անենք դա Սփյուռքում։ Մեզ պետք է նոր հայացք՝ նայելու Հայաստանին, մեր ժողովրդին, մեզ պետք է Հայաստանի հետ կապվելու նոր եղանակ»,- ասել է Սերժ Թանկյանը: Թանկյանը Հայաստանում թավշյա հեղափոխության, այսպես ասած, ուղեկցող դեմքերից, անգամ «բրենդներից» մեկն էր, որը հաղորդում էր գործընթացին մեծ էներգետիկա: Նա անգամ հայտարարեց Հայաստանում տուն գնելու և տարվա մի զգալի մաս այստեղ գտնվելու, այստեղ աշխատելու մտադրության մասին: Բայց ներկայումս հարցն այն չէ, թե ինչ փուլում է այդ մտադրությունը: Առավել ևս, որ ընդհանրապես այստեղ կա նաև էական խնդիր:

Հիանալի է, երբ մեր հայրենակիցները տուն են ձեռք բերում Հայաստանում, բայց դա, լինելով բարոյական ոգևորության աղբյուր, զուտ տնտեսական ազդեցության իմաստով այնքան էլ նպաստավոր չէ, քանի որ բերում է անշարժ գույքի գների արհեստական աճի, ինչը բարդություններ է ստեղծում արդեն Հայաստանում մշտապես ապրող ընտանիքների համար՝ հաշվի առնելով այն, որ հայաստանյան բնակֆոնդի ճնշող մեծամասնությունն էլ բավականին հին է և գրեթե մեծ մասն ունի բնակարանի թարմացման, նաև ընդլայնման խնդիր: Ըստ այդմ, երբ մենք խոսում ենք Հայաստան-Սփյուռք հարաբերության մասին, ապա հեղափոխությունն ամենևին պետք չէ արտահայտել Հայաստանում տուն գնելով՝ եթե դա չի ենթադրում պարզապես նաև տեղափոխում Հայաստան և մշտական բնակության հաստատում այստեղ: Շատ ավելի կարևոր է հենց այն հեղափոխությունը, որի մասին խոսում է Սերժ Թանկյանը: Եվ դա ամենևին այն հեղափոխությունը չէ, որ տեղի է ունեցել Հայաստանում: Այսինքն՝ խոսքը դրա օրգանական շարունակության մասին չէ, քանի որ Սփյուռքում դա հնարավոր չէ ուղղակի առկա իրողությունների բերումով: Պետք է պարզապես մտածողության, Հայաստանի հանդեպ վերաբերմունքի և այդ վերաբերմունքի համատեքստում նաև սեփական կյանքում Հայաստանի դերի վերարժևորման հեղափոխություն:

Այլ կերպ ասած, Սփյուռքում, թերևս, խոսքը որոշակի պայմանականությամբ, բայց գուցե ինքնության հեղափոխության մասին է, որ փոխադարձաբար ամրացնելու է Հայաստանն ու հենց Սփյուռքը: Այդ ամբողջության մեջ է բնականաբար նաև Արցախը: Դա նշանակում է գաղափար, գաղափարներ, աշխատանք, գործողություններ, նախաձեռնություններ: Ո՞վ պետք է Սփյուռքում առաջնորդի այդ հեղափոխությունը: Հայաստանը պետք է լինի գաղափարական աջակից, ոգեշնչող, ոգևորող, էներգետիկ աղբյուր, բայց առաջնորդները պետք է այլ լինեն, որովհետև հեղափոխության բնույթն է այլ լինելու: Սերժ Թանկյանն ինքը կառաջնորդի՞ Սփյուռքի հեղափոխությունը, ստանձնելով երկարաժամկետ պատասխանատվություն այդ մեծ վերափոխման գործընթացի համար, գտնելով, իհարկե, այդ գործում ամենատարբեր համախոհներ: Դա շատ ավելի կարևոր է, քան տունը Հայաստանում, քան Հայաստանի հեղափոխության որևէ երկրպագություն: Այդ ամենի ժամանակն անցել է, այժմ կոնկրետ և առարկայական գաղափարների ու նախաձեռնությունների ժամանակն է:

1in.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4