July 4, 2020

Թուրքիան դիմում է արդարության ժխտման հերթական քայլին. Չեխիայում ՀՀ դեսպան

Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մեկնաբանություն է տվել Չեխիայի Խորհրդարանի Սենատի կողմից ընդունված բանաձևի վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ հայտարարության առնչությամբ: Այս մասին հայտնում է Պրահայում Հայաստանի դեսպանությունը: 

«Սա Թուրքիայի պաշտոնական առաջին և վերջին արձագանքը չէ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Թուրքիան դիմում է արդարության ժխտման հերթական քայլին՝ դրանով խորացնելով անջրպետն իր ու համամարդկային արժեքների միջև։ Ժխտողականությունն ապագա չունի, ինչպիսի փաթեթավորում էլ որ այն ունենա: Որքան Թուրքիայի իշխանությունները ջանք են թափում ժխտելու ճշմարտությունը, այնքան ճշմարտությունը հարթում է իր ճանապարհը և դառնում հասարակական գիտելիք:

Պրահայի ամենահայտնի Կարլի կամուջի վրա է տեղակայված 1714թ․-ին քանդակագործ Ֆերդինանդ Մաքսիմիլիան Բրոքովի կերտած արձանը՝ նվիրված սրբացված ասպետներին, որոնք միջնադարում փրկում էին օսմանցիների ձեռքն ընկած քրիստոնյա գերիներին։ Ասպետների քանդակներից ներքև զետեղված է նաև յաթաղանով զինված թուրքի հայտնի քանդակը, որը հսկում է բանտում չարչարվող քրիստոնյաներին։ Այդ քանդակը բազմաթիվ պրահյան զրույցների և պատումների թեմա է դարձել․ ասենք, որ զբոսաշրջիկները պետք է զգուշանան գիշերով այդ քանդակի կողքով անցնելիս, կամ երեխաներին ծնողները վախեցնում էին, որ եթե չքնեն, թուրքը կգա, իրենց կտանի։

Ցավում եմ, որ 300 տարվա ընթացքում շատ բան չի փոխվել, և մինչև այսօր Թուրքիան սպառնալիքների լեզվով է խոսում»,- ասված է հայտարարությունում։

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4