June 1, 2020

Մշակվում է ազգային գաղափարախոսություն-հայեցակարգ. այն ներկայացվելու է համահայկական քննարկման

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապիլի 24-ին Ծիծեռնակաբերդից իր խոսքն ուղղելով Հայաստանի, Արցախի եւ աշխարհասփյուռ հայությանը, արժանապատիվ ու ինքնիշխան պետություն կառուցելու ճանապարհին կարեւոր էր համարել ազգային հայեցակարգ, ազգային գաղափարախոսություն ունենալը եւ նշել, որ շուտով այդպիսի մի հայեցակարգ կներկայացնի համահայկական քննարկման: Վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանից «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ, որ այդ նախագիծը դեռ ամբողջությամբ պատրաստ չէ:

«Ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ եւ ինքնիշխան պետություն ունենալու համար մեզ հարկավոր է ժամանակակից չափանիշներին համապատասխան կրթական համակարգ, դինամիկ զարգացող բարձր տեխնոլոգիական տնտեսություն, ռազմարդյունաբերական կայացած համալիր, հզոր բանակ եւ հատուկ ծառայություններ: Այսպիսի արդյունքի հասնելու համար հարկավոր է համահայկական ամբողջ ներուժի համախմբումը: Համահայկական ներուժի՝ Հայաստանի պետականության շուրջ համախմբան միջոցով է հնարավոր դա անել, եւ այն կդառնա մեր պետականության առաջընթացի խթան եւ երաշխավոր:

Այս գործնական խնդիրը ձեւակերպելու համար մենք պետք է կարողանանք ձեւակերպել մեր ազգային հայեցակարգը, գաղափարախոսությունը, տեսլականը, որը համազգային համաձայնություն կձեւավորի մեր ազգային արժեքների, նպատակների ու ռազմավարության շուրջ: Առաջիկայում հենց այսպիսի հայեցակարգի նախագիծ կներկայացնեմ համահայկական քննարկման»,- ասել էր վարչապետը:

Մանե Գեւորգյանի փոխանցմամբ, հայեցակարգի նախագիծն առայժմ աշխատանքային փուլում է, դրա մշակման աշխատանքները համակարգում է վարչապետի խորհրդական Լեւոն Մազմանյանը: «Չենք կարող ասել, թե որքան ժամանակ կպահանջվի ազգային հայեցակարգն ամբողջացնելու եւ համահայկական քննարկման ներկայացնելու համար: Որոշ աշխատանքներ կատարվել են, հետո դրանք ընդհատվել են, հետո էլ եղել է կորոնավիրուսի հետ կապված այս դրությունը»,- ասաց վարչապետի խոսնակը՝ հավելելով, որ հիմա այդ աշխատանքները վերսկսվել են:

Նշենք, որ այս պարագայում խոսվում է ոչ թե առանձին-առանձին քաղաքացիական պաշտպանության ազգային հայեցակարգի, հայկական հարցի լուծման հայեցակարգի կամ սննդի անվտանգության ազգային հայեցակարգի մասին, այլ ընդհանուր՝ հայոց ազգային հայեցակարգի մասին:

ARMTIMES.COM

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4