October 2, 2023

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ

Գերմանիան հրաշալի երկիր է՝ կարգուկանոնով, օրինապաշտությամբ, բնության հանդեպ հոգատարությամբ, լեզվի նկատմամբ առանձնահատուկ սիրով, այն պահպանելու պատվախնդրությամբ, արվեստի ու մշակույթի հանդեպ նորոգվող հետաքրքրությամբ ու սիրով: Տարվա բոլոր ամիսներին սիրելու երկիր է, բայց հատկապես ապրիլին իմ սերը քննություն է հանձնում, եւ Գերմանիան, ավելի ճիշտ՝ նրա լուրջ պաշտոնյաներն իմ հոգում խարխլում են ոչ այնքան այդ սերը, որքան իմ մտքում՝ արդարամիտ ու անկեղծ լինելու այս երկրի վարկանիշը: 2015 թվականի ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության 100- ամյա տարելիցին ընդառաջ, քաղաքական երկար տուրեւառություններից հետո (որը մեր թերթում նկարագրել եմ ժամանակին ամենայն մանրամասնությամբ) Բեռլինի Մայր տաճարում Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուքը «շնորհ» արեց արտասանել Բառը: Այլ կերպ վարվել երեւի դժվար կլիներ նախկին բողոքական քահանայի համար, քանի որ ապրիլի 12- ին արդեն Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ճանապարհ էր բացել այդ բառեզրի համար: Բայց հետագայում ոչ մի ապրիլ 24- ի կամ դրա նախօրեին Գաուքը չցավակցեց իր երկրում բնակվող Հայոց ցեղասպանության վերապրողների ժառանգներին, գրավոր խոսք չհղեց Հայաստանի ժողովրդին, որեւէ առիթով չվերահաստատեց, թե Տաբուն փշրել է մեկ անգամ, իսկ հիշատակելու բարոյական իր հանձնառությամբ ամեն տարի ամրապնդելու է մեր հավատը, թե քաղաքական հաշվարկից հեռու էր այդ քայլը: Մայիսի 28-ին Բեռլինում Հայաստանի առաջին հանրապետության 100- ամյակի տոնական արարողությանը լուռ մասնակից Գաուքը նախընտրեց չպատասխանել իմ հարցին, թեպետ այդ հարցը չէր էլ հասցրել հնչել, բայց հմուտ գործիչը միշտ զգում է հնարավոր ծուղակը: 2015- ի ապրիլի 24- ին Բունդեսթագը նիստ գումարեց, որ պիտի քննարկեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարբեր կուսակցությունների ներկայացրած 3 տարբեր հայցադիմումներ, դրանք այդ նիստում քվեարկության չդրվեցին՝ ուղարկվեցին լրամշակման, բայց Բունդեսթագի նախագահ Լամմերտը, նույն օրը բացման ելույթում վերահաստատեց Գաուքի բնորոշումը՝ ցեղասպանություն էր: Նա էլ լուռ մնաց դրանից հետո բոլոր ապրիլի 24 – ներին: 2016-ի ապրիլի 24-ին Բունդեսթագը նիստ չգումարեց, դա եղավ հունիսի 2-ին եւ բաց քվեարկությամբ, Բունդեսթագի նախագահի բնորոշմամբ՝ «նշանակալից մեծամասնությամբ»՝ 1 դեմ, 1 ձեռնպահով կողմ քվեարկեց «Հայոց եւ Թուրքիայում քրիստոնյա այլ փոքրամասնությունների ցեղասպանության»՝ կոալիցիայի եւ Կանաչների ընդհանրական բանաձեւին: Հայտարարությո՞ւն էր սա, թե՞ երկու ընթերցում անցած բանաձեւ, վիճարկումները որեւէ բան չեն փոխում, քանզի պարզ է, որ այն առայժմ պատմության արխիվն է հարստացրել միայն… յուրաքանչյուր ապրիլ 24- ի առիթ է ստեղծվում հիշատակել գրավոր այդ տեքստում ամրագրված այն փաստը, թե Գերմանիայի դպրոցական պարտադիր ծրագրում պիտի ներառվի այս թեման, բայց ապրիլն անցնում է, եւ բոլոր հանձնառությունները մոռացվում են մի երկրում, որ Հիշողության մշակույթի ճարտարապետն է: Մերկելը բանաձեւի քվեարկության օրը բացակայում էր, բայց 2018- ի օգոստոսին Ծիծեռնակաբերդի հուշարձանին պսակ խոնարհելուց հետո, ցեղասպանություն բառն առանց շրջանառելու, այսպես ձեւակերպեց՝ «այստեղ եմ Բունդեսթագի բանաձեւի ոգուն համահունչ, իսկ բանաձեւն ինձ համար սոսկ իրավաբանական փաստաթուղթ չէ»: Նա էլ ապրիլի 24-ին որեւէ գրությամբ չի վերահաստատել, թե հիշում է եւ ոգեկոչմամբ հարգանք է տածում զոհերի եւ իր երկրում կամ Հայաստանում նրանց ժառանգների հանդեպ: Որեւէ ձայն չենք լսել Բունդեսթագի ներկա նախագահ Շոյբլեից, Դաշնային նախագահ Շթայմայերից, որ, չենք մոռանում, 2015-ին, 2016-ին արտգործնախարար եղած ժամանակ դասակարգել էր՝ «ոճիրը բառերով չսահմանափակենք», «Հոլոքոսթի եզակիությունը չմոռանանք»:

Հայերս չենք մոռանում Հոլոքոսթը

Գերմանիայում ապրող ոչ մի հայ չի մոռանում Հոլոքոսթը: Ինչու՞ պիտի մոռանա, երբ ինքն էլ իր ծանր ողբերգությամբ, նրա ապրումները զգում է: Գերմանիայում հրեաների կենտրոնական խորհուրդը 2015- ին ձեւակերպման դժվարություն չնկատեց, հորդորեց՝ եթե կառավարությունը ճանաչի հայերի կոտորածները որպես ցեղասպանությունը, ինքը կողջունի: Եւ՝ ի՞նչ փոխվեց: Շթայնմայերը չարձագանքեց դրան: Բեռլինում Շոայի հուշահամալիր այցելելիս մորս, որ շատ հուզվել էր, հիշեցրի սա: Նույնքան ազդեցիկ է հրեաների, նացիոնալ սոցիալիզմի զոհերի տան կամ աշխատավայրի առջեւ տեղադրված գայթաքարերի գաղափարը. Եթե զոհին մոռանաս, ոտքդ կսահի, կգայթես, պատմության, բարոյականության շավղից դուրս կմնաս: Դրանք մետաղից պարզ սալեր չեն սոսկ, հիշատակ, անուն, կենսագրություն են ամփոփում, ուրեմն զոհերն ու տեղահանվածները բացակա ներկայություն ունեն այն փողոցում, որտեղ ապրել են, որտեղ ամեն տարի աշակերտներին նուրբ խոզանակով մաքրել- փայլեցնել են տալիս այդ սալերը: Պատմությունը մոռանալ չես կարող, եթե ուղեղ ունես, ցավը մոռանալ չես կարող, եթե հոգի ունես, որի բաց վերքին խոստովանության սպեղանին հպելու փոխարեն ոճրագործի ժխտումի, մեղսակցի անտարբերության կոշտ մամլիչն է ճզմում:

Անձնական պատմություն

Երկու տարի առաջ արխիվում գտա մորական պապիս 1937 թվականին՝ ստալինյան ծանր լռության մեջ գրված ինքնակենսագրականը, որտեղ ոչ մի բառ չկար իհարկե հոր եւ քրոջ հետ Բասենից Կարս, այնուհետ Գյումրի տեղահանությամբ հասած օրերի մասին: Ոչ էլ մորից զրկվելու, նրան ողջակիզելու թուրքերի վայրագության պատմությունը կար: Սա չգիտեմ ինչպես, բայց բանավոր փոխանցվել էր մայրիկիս՝ կցկտուր, հատվածական: Մի տող կար արխիվային այդ փաստաթղթում, որ ոչ մեկը մորս չէր պատմել. «ազգամիջյան կռիվների ժամանակ մեր ընտանիքը 7 զոհ տվեց», գրել էր պապս: Մայրս ծնվել է 1941-ին, 6 ամսական է եղել, երբ հայրը կամավոր գնացել է Երկրորդ համաշխարհայինին մասնակցելու: Ձեւակերպման առումով այս պատերազմն այսօր մեր երկրում վերսահմանման ռուբիկոն է հատում, բայց լավ ըմբռնելով պապիս սերնդի ընկալումը, ինձ թվում է, թե այն հենց հայրենական կոչնակ է եղել երեւի իր եւ իր նման վերապրողների համար, եթե հաշվի առնենք, որ նրանք ռազմաճակատ են մեկնել այն նպատակադրմամբ, որ կասեցնեն գերմանաթուրքական դաշինքի՝ Արեւելյան Հայաստանը՝ Թուրքիային «տալու» ենթադրելի «պայմանավորվածությունը»: Պապս ռազմաճակատից չի վերադարձել, իսկ մայրս Հեգելի, Կանտի, Բախի, Բեթհովենի, Գյոթեի լեզուն սիրել է այնքան, որ չվերադրաձած հոր վրեժը լեզվից չի լուծել՝ համալսարանում սերտել է այն հիմնավորապես: Մայրս ամեն օր փնտրում է հորը՝ Գեւորգ Վարդանյանին, նրա ձայնը նաեւ, որ պիտի պատմեր իր ցեղի՝ սերունդներին չփոխանցված պատմությունը: Արդեն երկու տարի որոնում է այն յոթ զոհերին, որոնց մասին բնավ չգիտեր, ոչ անուն, ոչ հիշատակ: Ոչ էլ ողջակիզված մեծ մոր անունը գիտե, ոչ էլ հստակ այն վայրի անունը, որտեղից տեղահանվել են իր նախնիները: Մի՞թե սա հենց ցեղասպանությունը չէ, չամոքվող հիշողությունը, կորստի տրավման, որ ամեն տարի ապրիլին խեղդում է նաեւ իմ կոկորդը, իսկ մեր վիշտը նորոգվում է, երբ Թուրքիան՝ կրկին ուրանում, իսկ Գերմանիան լռության է մատնում իր օրենսդիրի միաձայն հանձնառությունը: Մայիսի 9- ին՝ հաղթանակի օրը ես տեսնում եմ մորս սառած աչքերը, որ սպասում են հորը: Եւ ես Գերմանիայում՝ «պարտված երկրում» մոռանում եմ, որ հաղթող երկրից եմ, քանզի պապիս ու իմ կենսագրության ընդհատված հատվածը լրացնելուն ես էլ եմ սպասում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75- ամյակը համավարակի պատճառով այս տարի մեծ ներկայությամբ չի նշվելու, բայց հիշատակում լինելու է, ինչպես նախկին համակենտրոնացման ճամբարների պահպանվող տարածք հուշավայրերում այսօր փոքր խմբերով հարգանքի տուրք են խոնարհում գերմանացի պաշտոնյաները:

Հանրայինի «Լուրերը» (կրկին) խեղաթյուրում է իրականությունը

2015- ին, 2016- ին հետեւելով իրադարձություններին գրել եմ, թե Հայոց ցեղասպանության թեմայի արծարծումը գերմանաթուրքական երկխոսություն է, որտեղ զոհերն ավելորդ են, նրանց ժառանգների ձայնն այստեղ լսելի է դառնում այն ժամանակ, երբ Գերմանիան ուզում է ճնշում բանեցնել իր ռազմավարական դաշնակցի վրա: Եւ տպավորություն է ստեղծվում, թե ոճրագործին չնեղացնելու մտահոգությունը դառնում է գերակա: Տարիներ է արդեն Նուռը՝ հիշողության մի մետաղյա խորհրդանիշ անիվների վրա է, Քյոլնում ամուր կանգնելու արտոնություն չի ստանում , Շտուտգարդում 2019- ին խափանվում է եկեղեցում հիշատակի արարողությունը, խաչքար է պղծվում: Իսկ տարեցտարի լրատվամիջոցներում պակասում են արժեքավոր հոդվածները: Փոխարենը հայրենական ԶԼՄ- ներում չափազանցված տոնայնությունը չի նվազում: Եթե ապրիլի 27- ին Հանրայինի «Լուրերին» չհետեւեի, դժվար համոզվեի, թե 2016- 06- 15- ին media.am- ում հրապարակված հոդվածս, որ վերնագրել էի «Պատմության միկրոկաթված հեռուստակադրում», հիշատակելու առիթ կլինի: Ապրիլի 27-ի «Լուրերն» անդրադառնում է գերմանական մամուլի՝ Հայոց ցեղասպանության մասին հրապարակումներին: Հեռուստակադրում երեւում է գերմանական շատ հայտնի taz- ը, որ հեղինակի արտասանությամբ «թազ դե գերմանական պարբերական» անունն է ստանում՝ «թաց»- ի փոխարեն: Շատ պարզ երեւում է, որ նյութի հեղինակ Վահե Դավթյանը «Լռել եւ հարաբերականացնել» (Schweigen und relativieren) վերնագրյալ հոդվածն է ներկայացնում, որ սակայն իր մեկնաբանմամբ՝ «Լռություն եւ համբերություն» թարգմանված ձեւով է վկայակոչում: Իմաստով եւ նշանակությամբ այս բառերը բավական հեռու են իրարից, իսկ համբերություն բառը հոդվածում ընդհանրապես բացակայում է: Ապրիլի 24-ին մեր թերթի հրապարակման մեջ հպանցիկ անդրադարձել էինք հիշալ հոդվածին, որի բուն ասելիքը, մեր կարծիքով, «Լուրերի» հեղինակը չի փոխանցում: Փոխարենը նշում է, թե այս տարի ցեղասպանության թեմային անդրադարձել են հեղինակավոր պարբերականներ՝ «Շպիգելը», ARD, ZDF- ը: Իսկ իրականությունն այն է, որ այս տարի առանձնահատուկ մեծ չէր գերմանական մեդիայի արձագանքը, ինչպես նախորդ տարիներին, եւ ուռճացված ներկայացնել մի բան, որն իսկապես բացակայում է, իմաստ չունի: ARD – ի հաղորդավարի՝ Կարեն Միոսգայի դեմքն ու տարիներ առաջվա հեռուսակադրը ցույցադրելիս էլ, ճիշտ կլինի նշել՝ արխիվ, ամիս, ամսաթիվ, ինչպես հետագա կադրում է արձանագրված, երբ Բունդեսթագի նիստերի դահլիճն է հայտնվում կադրում:

Սակայն այստեղ մի մեծ թյուրիմացություն է երեւում՝ կրկին, ինչի մասին արդեն գրել էինք media.am- ում: Բունդեսթագի նիստերի դահլիճում տեղադրված է քվեատուփ, որի մեջ պատգամավորները քվեաթերթիկ են լցնում: Ակնհայտ է, որ փակ, գաղտնի քվեարկություն է ընթանում: Սա վրիպակ չէ, պատմական փաստի կոպիտ աղավաղում է: Ինչպես հիշատակված հոդվածում ենք նշել, հունիսի 2-ի քվեարկությունը կայացավ բաց, քանի որ գերմանացի լրագրողները համառեցին, թե հանրությունը պիտի իմանա՝ ով ինչպես է քվեարկում: Եւ Բունդեսթագում բոլոր ներկաները տեսան վեր պարզված ձեռքերը՝ ով ինչ վերաբերմունք ուներ Հայոց ցեղասպանության բանաձեւի հանդեպ: Եթե մեր պատմությունը, մեր ապրած ժամանակաշրջանը շարունակենք այսպես արձանագրել, ի՞նչ պահանջենք օտարներից:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳԵՐՄԱՆԻԱ

Լուսանկարում պատկերվածը իմ տանը հարող փողոցի գայթաքարերն են: Սա արվեստագետ Գունթեր Դեմնիգի նախագիծն է՝ պատմությունն ու ճակատագրերը հիշատակել ապակենտրոն հուշաքարերով:

2020-05-08

azg,am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4