October 1, 2020

ԿԳՈՅԱՏԵՎԻ ԱՐԴՅՈՔ ՀԵՏՆԱՎԹԱՅԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ

Նավթի շուկայում տեղի ունեցած կոլապսը բացասաբար է ազդել այդ հումքի արտահանման հաշվին ապրող պետությունների տնտեսական և քաղաքական համակարգերի վրա։ Այդ ազդեցությունը հատկապես զգալի է, այսպես կոչված փոքր արտադրողների համար, ինչպիսին օրինակ մեր հարևան Ադրբեջանն է, որի գոյության հիմնական, նույնիսկ կարելի է պնդել, որ միակ գրավականը նավթն է։

Հիշեցնենք, որ նավթային շուկայում առաջացած խորը ճգնաժամը համընկավ կորոնավիրուսի հետևանքով սկսված համաշխարհային տնտեսական կանգին։ Աշխարհի առաջատար պետությունները, որոնք հանդիսանում էին այդ հումքի հիմնական սպառողները, դադարեցին այն գնել, ինչ իր հերթին հանգեցրեց նավթի նկատմամբ պահանջարկի անկմանը։

Սկսված ճգնաժամը աննախադեպ էր, ինչի հետևանքով հումքի նյույորքյան շուկայում նավթի գինը երկու օր շարունակ մինուս էր, ինչը նշանակում էր, որ նավթ վաճառողներն իրենք էին պատրաստ վճարել ցանկացածին, ով կհամաձայներ այդ հումքը վերցնել։ Արտադրողների մոտ խնդիրներ էին առաջացել պայմանավորված նավթապահեստներում այդ էներգակրի տեղավորման անհնարինության հետ։

Ինչևէ, այս իրավիճակը, նավթի ցածր գները հարվածեցին այդ հումքի արտահանումից խորքային կախում ունեցող պետությունների վրա, վերջիններս հայտնվեցին տնտեսական ու քաղաքական ճգնաժամի շեմին ու ստիպված էին նոր ելքեր գտնել ստեղծված իրավիճակից։ Ադրբեջանի նախագահը նույնիսկ հայտարարեց, որ իրենց պետության համար նավթային դարաշրջանը ավարտվել է և այժմ սկսվել է հետնավթայինը։

Սակայն հիմնական հարցը, որին պետք է պատասխանել՝ արդյոք գոյություն ունի հետնավթային Ադրբեջան։ Այդ պետության գոյությունը, «ծաղկումը» և «զարգացումը» պայմանավորված է միայն մեկ գործոնով, և դա նավթն է ու դրանից ստացվող եկամուտները։

Առանց այդ եկամուտների Ադրբեջանն ու հատկապես Ալիևների իշխող կլանը չի կարող գոյատևել։ Վերջինիս գոյատևումը, նրա աշխարհաքաղաքական արժեքը որոշվում է ու կարևորում է հիմնականում Կասպից ծովից նավթի արդյունահանման հնարավորությամբ։

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն է, որը որակի արժեք է տալիս այդ պետության կամ այլ կերպ ասած՝ առանց այդ խողովակաշարի Ադրբեջանը տարածաշրջանային զրո արժեք ունեցող քաղաքական միավոր է։ Իսկ այսօր, երբ նավթի գները հազիվ 30 դոլար են մեկ բարելի դիմաց (մեկ բարելը հավասար է 158 լիտրի), ապա այդ նավթամուղի արժեքը ևս զրոյանում է, քանի որ դրա գոյությունը արդարացվում էր միայն նավթի թանկ գներով։

Այդ էներգակրի թանկ գներով էին բացատրվում նավթային հումքի նկատմամբ բարձր պահանջարկը, որն արդեն 5 տարի է գոյություն չունի։ Եթե նախկինում նավթ արդյունահանող ամեն մի պետություն արժեք ուներ, ապա այսօր օրական արտադրվում է մոտ 10 միլիոն ավելի բարել նավթ, իսկ դրա կրճատումը հատկապես ցավալի է փոքր արդյունահանողների համար։

Նշենք, որ նավթի բարձր գների պայմաններում Ադրբեջանի ՀՆԱ-ի 51 տոկոսը էներգետիկ սեկտորն էր, բացի այդ վերջինիս արդյունաբերության մյուս ճյուղերը ևս «գոյատևում» էին նավթի գերեկամուտներից ստացվող գումարներից։ Այդ պետության արտահանման մոտ 90 տոկոսը ևս նավթակիրներն են, հետևաբար նավթի դարի ավարտը հավասարապես նշանակում է Ադրբեջան պետության ավարտ։

Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որ «մենք պետք է սովորենք ապրել հետնավթային դարաշրջանում», իրականում կեղծիք է, և ով-ով, սակայն Ալիևը բոլորից լավ է հասկանում, որ առանց նավթային եկամուտների իր քաղաքական կլանը գոյատևել չի կարող։ Սակայն, սարսափելին նրանց համար այն է, որ այդ կլանի անկումը քաոս ու երկպառակություն կմտցնի այդ երկրում։

Ադրբեջան պետությունը գոյատևում է միայն նավթադոլարների շնորհիվ, այդ գումարներով է հնարավոր պահպանել պետական ապարատը, իրավապահ համակարգը, ռազմական ուժերը ևայլն։ Այդ եկամուտների հաշվին է, որ հնարավորություն է լինում ճնշել կրոնական, ազգայնական ու էթնիկական շարժումները այդ պետությունում։

Այսինքն, երբ իրականում սկսվի այսպես կոչված հետնավթային դարաշրջանը, մեր ոխերիմ հարևանների մոտ, ապա այդ պետությունը կվերածվի անհանգիստ, ագրեսիվ ու բավականին վտանգավոր պետության։ Բավականին մեծ է հավանականությունը, որ այդ պետությունը կսկսի քայքայվել ներքին երկպառակությունների «հաշվին», ինչը նորից հավանական կդարձնի հայ-ադրբեջանական շփման գծում անկայունությունն ու դիվերսիաները ևայլն։

Արմեն Մանվելյան պ․գ․թ․

azg.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4