September 23, 2020

Մենք իրավունք չունենք տրվելու սադրանքների. ՀՀ վարչապետ

ԱԺ դահլիճում այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպին անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության 2019 թ. ծրագրի կատարողականի վերաբերյալ ամփոփիչ ելույթը վարչապետը նվիրել է միջադեպին:

«Ես ուզում եմ միանշանակ և աներկբա ընդգծել իմ վերաբերմունքը` ասելով, որ դատապարտում եմ բռնության ցանկացած երևույթ իր բոլոր դրսևորումներով: Ուզում եմ ընդգծել՝ բռնությունը՝ իր բոլոր դրսևորումներով»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ բռնությունը լինում է ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական, հոգեբանական:

«Պետք է շատ ուղիղ ընդգծել, որ արդեն երկու տարի հեղափոխական թիմը, այդ թվում՝ այս խորհրդարանական մեծամասնությունն ու այս Կառավարությունը, հետևողականորեն ու շարունակաբար ենթարկվում է բարոյական ու հոգեբանական բռնությունների»,- նշեց նա:

Վարչապետի խոսքով՝ այս ամենը ունի մեկ նպատակ՝ խեղճացնել ու քայքայել քաղաքական մեծամասնությունը և քայքայել ժողովրդի ու քաղաքական մեծամասնության միջև առկա վստահությունը:

«Այո, երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը ինձ հրավիրել է սուրճ խմելու, և ես ընդունել եմ հրավերը, ինքս իջել եմ իմ նախկին աշխատասենյակը, որտեղ այժմ պարոն Մարուքյանն է նստում, և ուղիղ ասել եմ՝ այո, պարոն Մարուքյան, մենք բոլորս ունենք հիմքեր կասկածելու, որ դուք և ձեր գործունեությունը, այդ ողջ հոգեբանական բարոյական բռնությունները և, ի վերջո, ֆիզիկական բռնություններ գործադրելու պլանի մասն է»,- նշեց վարչապետը:

Փաշինյանն ասաց, որ դիտել է առավոտյան տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը: Նա հարցրեց, թե ի՞նչ գործ ուներ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցողը դահլիճի կենտրոնում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը:

«Երբ, որ ամբիոնից իջնում էր ու մեծ արագությամբ ընթանում էր դեպի պատգամավոր Սասուն Միքայելյանը, ինչի՞ համար էր գնում: Ինչի՞ համար էր գնում: Քաղաքական երկխոսություն ծավալելո՞ւ: Կամ որտեղի՞ց վստահությունը, որ եթե նույնիսկ Սասուն Միքայելյանը տեղից վեր էր կացել, շարժվել էր, որտեղի՞ց վստահությունը, որ նա ուղղակի վրդովմունքը իր ձևով արտահայտելով դուրս չէր գալու այս դահլիճից: Տեղի ունեցածն այլ կերպ, քան քստմնելի սադրանք, ես չեմ կարող անվանել, մանավանդ տեսագրությունը մի քանի անգամ դիտելուց հետո»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

Նա շեշտեց, որ դատապարտում է նաև իրենց, որ տրվում են նման սադրանքների: 

«Մենք իրավունք չունենք տրվելու սադրանքների: Մեզ անընդհատ, ամեն օր ուզում են շեղել մեր արժեքներից: Էս ամբիոնից էր էդ մարդը ասում՝ մեզ պադյեզդներում ծեծելո՞ւ եք: Նրանք մեզ ուզում են դարձնել իրենց պադյեզդներում ծեծողներ: Նրանք ուզում են մեզ հավասարեցնել քիլլերների, նրանք մեզ ուզում են շեղել մեր արժեքներից, հանել հավասարակշռությունից: Այո, այսօր ՀՀ-ում հաստատված է բացառիկ իրավիճակ, երբ իշխանությունն ամեն օր դառնում է բռնության զոհ: Իշխանությունը ամեն օր դառնում է բռնության զոհ սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի և նրանց խորհրդարանական սպասարկուների կողմից: Սա է ճշմարտությունը»,- նշեց Փաշինյանը:

Նա միջադեպին անդրադարձավ նաև օրենքի և օրինականության տեսանկյունից: Փաշինյանի խոսքով՝ քրեական օրենսգրքոում կաշառքը համարվում է հանցանք, բայց կա առանձին հանցանք՝ կաշառքի սադրանքը: Ըստ նրա՝ սադրանքը նույնպիսի հանցագործություն է, ինչ դրա հետևանքները:

«Այո, ես դատապարտում եմ մեզ: Ես դատապարտում եմ ինձ: Եվ այսօր տեղի ունեցածը համարում եմ մեր և անձամբ իմ ամենամեծ պարտությունը, որ ունեցել ենք հեղափոխությունից հետո,- շեշտեց նա՝ հավելելով,- բայց սա որևէ մեկին թող հուսավառ չանի»:

Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ այս ամենը կապ ունի նաև ԱԺ ընդունած՝ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի հետ, նրա գնահատմամբ՝ բազմաթիվ ու բազմապիսի քրեական գործերի հետ:

«Որովհետեւ երբ գողացված միջոցները վերադարձնեն, որտեղի՞ց են թուլափայը ստանալու թուլափայ ստացողները»,- հարցրեց նա:

Փաշինյանի գնահատմամբ՝ այժմ շատ կենսական հարց է լուծվում. բռնության է ենթարկվում ոչ միայն իշխող մեծամասնությունը, այլև հոգեբանական բռնության ենթարկվում է հանրությունը: «Որովհետև նրանք ուզում են մեզ դնել ընտրության առաջ՝ կա՛մ մենք դառնանք պադյեզդներում ծեծողներ, կա՛մ վախենան պադյեզդ մտնելուց: Թույլ չենք տա: Այո, այդ պադյեզդներում ձեզ ասֆալտներին կպառկացնենք: Դուք չունեք հնարավորություն Հայաստանի ժողովրդից վերցնելու այն իշխանությունը, որ պատկանում է ժողովրդին»,- նշեց նա:

Վարչապետը հիշեցրեց, թե ժամանակին ոնց է Էդմոն Մարուքյանն ԱԺ ամբիոնից խոսել Հովիկ Աբրահամյանի հետ, Սերժ Սարգսյանի հետ, և ոնց են խոսում հիմա՝ ժողովրդի լեգիտիմ իշխանություն ունեցող մեծամասնության հետ:

Ամփոփելով ելույթը՝ վարչապետը վերստին ընդգծեց, որ բռնությունը մեր իրականության մեջ տեղ չունի, և այդ միջադեպն այլևս երբեք չպետք է կրկնվի:

«Ես դատապարտում եմ ձեզ, պարոն Միքայելյան, դատապարտում եմ ինձ, մեզ: Դատապարտում եմ ծառայության՝ Հայաստանի ժողովրդին, Արցախի ժողովրդին  և այն արժեքներին, որոնք դարձել են 2018 թ. ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության լոկոմոտիվ, տանող ուժ»,- նշեց վարչապետը:

Հեղինակ`Արման Գալոյան

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4