August 5, 2020

Նահատակները պատգամում են…

Ցեղասպանության 105–ամյակը ոգեկոչում ենք կորոնավիրուսի թելադրած անսովոր համաճարակային պայմաններում:

 Աշխարհը մխրճված է այս նոր պատուհասի դեմ մահու եւ կենաց պայքարի մեջ: Այսօր բոլորը միմյանց օգնության ու կարեկցանքի կարիքը ունեն, այնպես ինչպես, որ 105 տարի առաջ մեր նահատակվող ժողովուրդը  կարիք ուներ աշխարհի օգնության եւ… սակայն ոչ ոք, ոչ մի մեծ ու փոքր տերություն չլսեց մեր նահատակների աղաղակող կանչը, չեկավ մեզ օգնության, ձեռք չմեկնեց մեզ, այլ ընդհակառակը մեծ տերությունների հանցավոր լռության ներքո երիտթուրքերը գործի դրին իրենց մանրակրկիտ մշակած ցեղասպանական ծրագիրը:

Հայ ժողովուրդը ունեցավ մեկ ու կես միլիոն նահատակ, հարյուր հազարավորներ բռնեցին գաղթի ճանապարհը եւ մեր պատմական հայրենիքը մնաց ցեղասպան թուրքի ճանկերի մեջ գերի ու դեռ շարունակվում է մնալ այդպես…

105 տարի է անցել այդ չարագույժ ժամանակներից, աշխարհում շատ բան է փոխվել, շատ բան էլ մնացել է նույնը, նույնն է մնացել ու դեռ չլուծված նաեւ մեր պահանջները եւ ակնկալիքները մարդկությունից ու աշխարհից:

Ցեղասպանության ծանր բեռան տակ կքած հայության բեկորները աշխարհով մեկ ցրված՝  գոյատեւման պայքար մղեցին ապրելու համար…
Առաջին հիսուն տարիների ընթացքում  անզորությունից հաճախ լռել ենք, երբեմն բռնկվել, տարերային պայքարի ելել, պատժել Թալաթներին ու մյուս ոճրագործներին…  ողբացել ենք  մեր 1,5 միլիոն նահատակներին, կրել ենք պատմական հայրենիքի կորստյան ու հայրենազրկության դարերի ծանր բեռը:

Ցեղասպանությունից հետո առաջին այս հիսուն տարիների  լռության  ու քաղաքական թմբիրից  հայությունը մտավ երկրորդ հիսնամյակ՝ այս անգամ ուխտելով վրեժ լուծել պատմությունից եւ իր կորցրածը հետ վերադարձնել…

Եվ այսօր 105 տարուց հետո հայրենանվեր ու անձնազոհ զավակների նահատակությունների գնով, մտավորականների, իրավաբանների, պատմաբանների աշխատանքների եւ ուսումնասիրությունների շնորհիվ, քաղաքական գործիչների ու բազմաբնույթ կառույցների անխոնջ ջանքերի արդյունքում, աշխարհի կողմից «մոռացված ցեղասպանություն»–ը դարձավ անմոռաց կենդանի պատմություն բոլորի համար: Եվ այսպիսով իրավամբ  2019 թվականին Հայոց Ցեղասպանության վերաբերյալ  ԱՄՆ–ի երկու պալատների անվերապահ բանաձեւերով  ավարտին հասավ միջազգայնորեն  ճանաչման եւ դատապարտման այս առաջին փուլը:   

Թեպետ Թուրքական իշխանությունները շարունակելով իրենց նախորդների ցեղասպանական վարդապետությունը, որդեգրել են ժխտողական քաղաքականություն, սակայն դա էլ ժամանակավոր  է, կամա թե ակամա Թուրքիան կառերեսվի իր պատմության հետ եւ կհասնի զղջման եւ հատուցման պահը:

Այս տարի մեր նահատակների հիշատակը նշում ենք առանց նախկինի պես հազարավոր միջոցառումների, հավաքների, բողոքների եւ ցույցերի: Այս անգամ ապրիլի 24–ի արեւածագից չեն լինելու նախկինի պես հարյուր հազարավորների քայլերթը դեպի Ծիծեռնակաբերդ եւ նման քայլերթներ աշխարհի չորս ծագերում… բայց դա չպիտի դույզն անգամ ուրախացնի ցեղասպանությունը ժխտողներին ու նոր ցեղասպանություններ ծրագրողներին,  քանի որ  չենք մոռանալու ոչ մեր նահատակներին, ոչ էլ մեր իրավունքները ոտնահարողներին:
Ոչ մի կորոնավիրուս չի կարող կասեցնել մեր երթը, նորանոր տեխնոլոգիաների այս դարում պայքարի համար պիտի ընտրենք նորանոր միջոցներ եւ առիթներ: Յուրաքանչյուր օրը դարձնելով 24 ապրիլի պայքարի օր:

 Ներկա դժվարին եւ անբարենպաստ պայմանները սակայն, իրենց հերթին  հարմար առիթ եւ հնարավորություն են ստեղծում խորհելու, հետ դարձ ակնարկ նետելու եւ վերանայելու անցյալը՝ գնահատելու համար մեր կատարած քայլերը, շեշտելու թե որտեղ ենք թերացել, որտեղ ենք քնած մնացել եւ կամ ոչ զգոն, որի հետեւանքով կրել ենք անփոխարինելի մեծ կորուստներ:

Շատ է խոսվում պատմությունից դասեր քաղելու մասին, սակայն մենք դեռեւս 105 տարի անց պատմությունից ունենք դասեր քաղելու շատ բաներ:

Բնականաբար շատ է ուսումնասիրվել եւ խոսվել Օսմանյան իշխանությունների, երիտթուրքերի եւ նրանց մերօրյա հաջորդների ոճրագործությունների մասին, սակայն հարկ է նույնպես անդրադառնալ եւ քննարկել մեր սեփական քայլերը, անաչառորեն եւ առանց կաշկանդումների վերլուծության ենթարկել մեր 150–200 տարվա պատմությունը,  տեսնել, թե ինչպես են մեր ժողովուրդն ու ժամանակի քաղաքական ուժերն ու ղեկավարությունները դիմակայել այդ արհավիրքներին … Դրանից հետո միայն կարելի է խոսել պատմությունից իսկական դասեր քաղելու մասին:

Խոսել ենք միշտ բռունցք դառնալուց  ու միասնականությունից, սակայն միասնական ենք եղել ցավի ու ողբերգության մեջ, մեր  կորուստները ողբալու մեջ… բայց եւ ցավոք միասնական չենք եղել մեր պահանջները դասակարգելու մեջ, մեր պայքարը, մեր քաղաքական ու գաղափարական ուժը միատեղելու մեջ:

Այսօր եւս 105 տարի անց մեր աջ ու ձախ հարեւանների կողմից դամոկլյան սրի պես մեր գլխին կախված է նոր ցեղասպանությունների արհավիրքը, եւ մենք պիտի ավելի եւ ավելի պատրաստ լինենք ոչ միայն դիմակայելու նենգ թշնամուն, այլ եւ ուժգին հարված հասցնելու նրան, որ երբեք  մտքով չանցնի թե կարող է կրկնել հին պատմությունը եւ ստեղծել նոր Սումգայիթներ:

Մենք ունեցել ենք Սարդարապատներ, Արցախյան ազատագրական պայքարի անմոռաց հաղթանակներ: Աշխարհի շատ փոքր եւ թույլ պետություններ եւ ժողովուրդներ ազատագրական իրենց պայքարի մեջ հաղթանակել են գերհզոր պետությունների, ուստի ցեղասպան պետությունը, որքան էլ թվա հզոր եւ անպարտելի, մեկ է չի կարող հավերժ դիմակայել արդար պահանջատիրության հարվածներին եւ ընդունելու է իր անմարդկային, ցեղասպանական քաղաքականության պարտությունը, միայն թե մեզ հարկավոր է հավատք, պայքարի ոգի, վճռականություն, ուժերի առավելագույն համախմբում եւ նպատակասլաց գործադրություն:

Աշխարհը կորոնավիրուսից հետո չի լինելու նույնը, ինչ որ էր վիրուսից առաջ, բայց, որ ի’նչ ուղղություն կբռնեն աշխարհի գերտերությունները  միջազգային գետնում դժվար է կանխատեսել, սակայն այն ինչ որ պարզ է պետությունների եւ երկրների միջեւ մրցակցությունները ոչ միայն չեն նվազելու, այլ ավելի են սաստկանալու եւ հայությունը պիտի պատրաստ լինի այս մրցավազքում երբեք թույլ չտալու, որ  իր հակառակորդները հասնեն իրենց հակահայ դավադիր  նպատակներին:

Ներկա այս համաճարակի թելադրած դժվարին պայմաններում ողջ հայության համար ամենից կարեւորը եւ առաջնայինը ՀՀ պետականության ամրապնդումը, ամուր հիմքերի հաստատումը, նրա համակողմանի հզորացումը եւ զարգացումն է, որը հանդիսանում է մեր համազգային նպատակների եւ ծրագրերի իրագործման հիմնաքարը:

 Հայաստանի իշխանությունները պիտի կարողանան ձեռնարկել գործնական այնպիսի անհապաղ եւ անմիջական քայլեր ու միջոցառումներ, որով հնարավոր լինի հավաքագրելու համահայկական ողջ նյութական ու մտավոր կապիտալը եւ ներուժը, եւ որի արդյունավետ օգտագործմամբ  հնարավոր կդառնա այս համաճարակի միջից դուրս գալ ոչ միայն նվազագույն կորուստներով, այլ եւ ստեղծել նոր հնարավորություններ՝ քայլ առ քայլ իրականություն դարձնելու երկրի հզորացումը եւ համազգային նպատակների ու իղձերի իրականացումը:

 Հատվածապաշտական եւ շահադիտական մոտեցումները եւ գործունեությունները բոլոր ժամանակներում կործանարար հետեւանքներ են ունեցել եւ դեռ կունենան՝ եթե չգիտակցենք հավաքական ազգային շահի գերակայությունը եւ կարեւորությունը: Հայաստանի ու հայ ժողովրդի դարավոր թշնամիները օգտվել են հենց մեր այս թերություններից եւ դարերի ընթացքում քայլ առ քայլ ջլատել են մեր ուժերը, կոտորել են մեր ազգաբնակչությանը, թալանել են նրա ունեցվածքը եւ բռնագրավել նրա հայրենիքը:

Այսօր մենք ունենք հայրենիքի ու նրա պետականության շուրջ համախմբվելու եւ միավորվելու բացառիկ հնարավորություն ՝ ի խնդիր մեր համազգային նպատակների եւ իղձերի:

105 տարի է ինչ մեր բյուրավոր նահատակներն են այդ պատգամում:

Եվրոպայի Հայերի Համագումար

23 ապրիլ 2020

Շվեդիա

contact@aaeurop.com

aaeurop.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4