June 4, 2020

«Ի ուրախություն ինձ, և ի դժբախտություն ոմանց՝ այս անգամ նույնպես թեստը բացասական էր»,

Ժաննա Ջեյրանյան

Երեկ ես կարճ ներկայացրի այն մոդելը, որը բխում է մաֆիոզ մտածողության դրսեւորումներից եւ խոսեցի, որ հիմա Հայաստանում տեղի է ունենում «մեծ հիասթափություն»։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ներկայացրեց այդ չակերտավոր եւ պայմանական մեծ հիասթափությունը, եւ խոսեց հանրության այն շերտերի մասին, որոնք հետհեղափոխական այս շրջանում հիասթափվելու շատ կոնկրետ պատճառներ ունեն։ «Փորձենք հասկանալ, թե ինչքանով է լեգիտիմ այդ հիասթափությունը եւ ինչքանով պետք է մեզ այն հուզի, որովհետեւ այստեղ կան հատվածներ, որոնք պետք է մեզ հուզեն եւ կան հատվածներ, որ իմ կարծիքով, ընդհանրապես չպետք է հուզեն»,- ասաց վարչապետը՝ թվարկելով «մեծ հիասթափության» բոլոր շերտերը՝ ակնհայտ դեպքերից դեպի պակաս ակնհայտ դեպքեր․

1․ Վարչապետի՝ հիասթափությունների ցուցակը գլխավորում են նախորդ իշխանության ներկայացուցիչները։ «Եթե մենք հետ գնանք եւ ընդհանուր նրանց ասելիքը ձեւակերպենք, ապա սկսած 2018 թվականի մայիսից, նրանց ներքին ասածի ենթատեքստն այն է, որ այս հեղափոխական խնջույքը շուտով կավարտվի եւ ամեն ինչ կվերադառնա իր նախկին տեղը։ Նրանք էլ մեր երբեմնի ընդդիմության նման անցել են թեժ աշուն, թեժ գարուն, թեժ ձմեռ տրամաբանության մեջ, բայց նրանց հիմնական ասելիքը եղել է՝ հեսա մի ամսից, երկու ամսից ամեն ինչ լավ է լինելու։ Բայց ինչպես տեսնում եք՝ 2 տարին լրացել է եւ հորիզոնում չի երեւում որեւէ բան, որ կարող է արդարացնել նրանց հույսերը»,- ասաց վարչապետը։

2․ Այստեղ նախկին իշխանության պլանները սպասարկող մարդիկ են, որոնք այսօր էլ կան եւ չեն երեւում։ Ըստ Փաշինյանի՝ առաջին հայացքից նրանք հանդես են գալիս որպես օբյեկտիվ գնահատականներ տվող, այսպես ասած, փորձագետների խումբ, որոնք ժամանակ առ ժամանակ որպես անկախ փորձագետ հարցազրույց են տալիս, գնահատականներ են տալիս, բայց իրականում նրանք իշխանության հետ աշխատող մարդիկ են։ Նա նաեւ հավելեց, որ կար իշխանության «փիառ»-ով եւ ռազմավարական ծրագրերով զբաղվող խումբ, նրանց մի մասին էլ հանրությունը գիտի որպես ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր կամ հասարակական ակտիվիստ։ Այստեղ նաեւ մեկ այլ խնդիր կար․ ըստ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանը պիտի իշխանությունը վերարտադրեր, պիտի պատրաստվեր նրա ժառանգորդի խնդիրը, ընտանիքի անդամներից որեւէ մեկի «տակ» իշխանության ժառանգման համակարգ ստեղծելու խնդիրը։ «Անունը չտամ, համոզված եմ՝ բոլորդ էլ գիտեք՝ ում մասին է խոսքը։ Եւ այս տրամաբանությունը սպասարկելու համար առաջիկա հնգամյա, նույնիսկ տասնամյա ծրագիր է մշակված եղել։ Այս խմբում ներգրավված են բազմաթիվ երիտասարդ, գիտելիքներ ունեցող քաղաքացիներ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ աներ-փեսա օպերացիան, որը առաջիկա 10 տարվա համար շատերին պետք է ապահովեր աշխատանքով, եկամուտով, անելիքով եւ հեռանկարով, փլուզվել է։

3․ Մեծ քաղաքական կրիմինալ։ Փաշինյանի խոսքով՝ դրանք այն մարդիկ են, որոնք իշխանությանն ամենատարբեր առիթներով՝ ընտրությունների, քննադատներին ճնշելու ծառայություններ են մատուցել եւ դրա դիմաց ստացել են որոշակի արտոնություններ։ Իսկ հիմա, ինչպես ասաց վարչապետը, արդեն 2 տարի է՝ իշխանությունը ոչ միայն նրանց ծառայությունների կարիքը չունի, այլեւ՝ ընդհանրապես կրիմինալ երեւույթների դեմ պայքարում է։ «Այս մարդիկ նույնպես ավելի քան 10 տարվա համար իրենց  պլանները կառուցել են, որ պետք է մերձիշխանական կրիմինալի դերում սպասարկեն այդ ողջ օրակարգը։ Նրանք բնականաբար այսօր նույնպես հիասթափվելու պատճառ ունեն։ Նրաց մի մասը երկրում չէ, մի մասը հետախուզման մեջ է, մի մասը թաքնված է, մի մասն էլ զգում է, որ ուր որ է կգտնենք իրենց»,- ասաց Փաշինյանը։

4․ Վարչապետի ցուցակի այս կետում կոռուպցիոներներն են։Փաշինյանը սակայն նկատեց, որ սա չի նշանակում, որ հիմա կաշառք վերցնողներ չկան, պարզապես այդ կաշառք վերցնողներին հիմա բռնում են։

5․ Հաջորդ խումբը, որ հիասթափվելու կոնկրետ պատճառներ ունի, քաղաքական ուժերն են։ «Քաղաքական ուժերին ես բաժանել եմ 2 մասի․ այն քաղաքական ուժերը, որոնք նախկին քաղաքական ուժերի հետ կառուցել էին ապագա անելիքեր եւ քաղաքական ընդդիմադիր ուժերի հատված, որը նույնպես հիասթափվելու շատ կոնկրետ պատճառ ունի»,- ասաց վարչապետը։ Նրա խոսքով՝ այդ քաղաքական ուժերը երկար տարիներ հետեւողականորեն զարգացրել են մի ասելիք, բայց հեղափոխության արդյունքում պարզվել է, որ իրականության մեջ այդ ասելիքը չի արդարացել։

6․ Այս խմբում արեւմտամետներն են, որոնք հավատացել կամ հույս են ունեցել հայտնի շրջանակների ասածի նկատմամբ, որոնք հավաստիացրել են, թե ՀՀ-ում հեղափոխություն են արել արեւմտամետ ուժերը։ Վարչապետի պնդմամբ՝ ժամանակի ընթացքում, սակայն, հասկացել են, որ ՀՀ-ում արեւմտամետ իշխանություն չի եկել։

7․ Այս խմբում էլ ռուսամետներն են։ «Նրանք մտածում էին, կա՛մ, որ Ռուսաստանն իր լծակներով թույլ չի տա մեր իշխանության գոյությունը Հայաստանում, կա՛մ մտածում էին, որ ՀՀ-ի իշխանությունն այնքան մարիոնետային կդառնա, որ ստիպված կլինի դաշտը բացել եւ զիջել կամ կիսել իշխանությունը ռուսամետների հետ»,- ասաց Փաշինյանը։

8․ Օլիգարխիան, որը զրկվել է շատ կոնկրետ արտոնություններից։ Փաշինյանը շեշտեց, որ այսօր իշխանությունը մեծահարուստներին ոչ մի հարցով չի դիմում, միայն մի հարցով, որ ասում է՝ օրինական գործունեություն ծավալեք։ «Եվ երբ չի դիմում, կոմպրոմիսների, առեւտուրների որեւէ անհրաժեշտություն չունի»,- ասաց Փաշինյանը՝ հիմնավորելով այս խմբի մարդկանց հիասթափության օբյեկտիվ պատճառները։

9․ Լրատվամիջոցները, որոնք զրկվել են հուսալի ֆինանսավորման աղբյուրներից։Փաշինյանը հիշեցրեց իր նախորդ ելույթը, որտեղ ասել էր, որ լրատվական դաշտի մի մեծ մասը վերահսկվել է նախորդ իշխանության կողմից եւ փող է ստացել։ «Երեկվանից հետո արձագանքներ են եղել՝ բա «Հայկական ժամանակ» թերթը, հիմա, կարծում եմ՝ շատ լավ առիթ է, որ «Հայկական ժամանակ» թերթը հանդես գա հաշվետվությամբ եւ իր վերջին վերահիմնադրման օրից հանրությանը հաշվետվություն տա։ Ես կարծում եմ, որ երրորդ հանրապետության պատմության ամենամեծ հարկ վճարող օրաթերթն է եղել «Հայկական ժամանակ» օրաթերը։ Համենայնդեպս՝ այն ժամանակշրջանում, որ ես ներգրավված եմ եղել եւ տեղեկատվություն ունեի»,- ասաց վարչապետը։ Նրա համոզմամբ՝ ակնհայտորեն լրատվամիջոցների մի շատ մեծ մասը շարունակում է ֆինանսավորվել նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից, բայց հիասթափության պատճառն այն է, որ հասկանում են, որ այդ իրավիճակը երկար չի տեւելու, քանի որ այդ նախկին իշխանության ներկայացուցիչները շուտով փող չեն ունենալու։

10․ Պայմանականորեն ասած՝ հոգեւորականությունը։Փաշինյանը նշեց, որ այս կետի մարդկանց մասին մտածում էր՝ ասել, թե՞ չասել, բայց քանի որ խոսակցություն է բացվել, նախընտրեց շեշտել նաեւ այս խմբին։ Նրա համոզմամբ՝ ինչքան Հայաստանում ընդգծվում է գաղափարական իշխանության գոյության փաստը, այնքան ավելի ակնհայտ է դառնում ՀՀ-ում հոգեւոր կյանքի սակավությունը։ «Շատ դեպքերում հոգեւորական գործունեության մեջ ավելի շատ տեսում ենք քաղաքականություն, երբեմն՝ քաղաքական ինտրիգներ, քան՝ Աստվածաշնչից եւ նրա գաղափարախոսությունից բխող գործունեություն»,- նկատեց վարչապետը։

11․ Սփյուռքի մեր շատ սիրելի որոշ կառույցներ։ Ըստ Փաշինյանի՝ մի շարք կառույցներ բավականին երկար ժամանակ եղել են միջնորդ Հայաստանի կառավարության եւ սփյուռքի խոսակցության միջեւ։ «Այսօր այդ երեւույթը փոխվում է, որովհետեւ ես հիմա այստեղ նստած խոսում եմ եւ չկա բաժանում։ 30-40 տարի առաջ սփյուռքի 90 տոկոսը կապված էր այս կամ այն սփյուռքյան կազմակերպության հետ։ Հիմա հակառակն է․ սփյուռքի 10 տոկոսն է այդ կազմակերպությունների մեջ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ հեղափոխությունից հետո իրենք սփյուռքի հետ խոսում են ուղիղ։

12․ Նյութական ակնկալիքով հեղափոխությանը միացած մարդիկ։ «Կոնկրետ մարդկանց օրինակներ կան, որ տնով-տեղով եկել ներգրավվել են քայլարշավի մեջ, հեղափոխությունից հետո տարբեր առաջարկներ են արել, ուզել են աշխատել իքս պաշտոնում, իգրեկ պաշտոնում, օբյեկտիվ պատճառներով մերժում են ստացել եւ մի շաբաթ անց հայտնվել են նախորդ իշխանության տանիքի ներքո»,- ասաց վարչապետը։

13․ Ընկերներ եւ բարեկամներ։ «Նրանց կյանքում գրեթե ոչինչ չի փոխվել եւ իմ տեսանկյունից սա լավ է»,- ասաց Փաշինյանը։ Նրա համոզմամբ՝ արդյունավետ է այն իշխանությունը, որ առաջին հերթին կարողանում է սահմանափակել իր ընկերներին, բարեկամներին, մերձավորներին։ «Եթե մենք պիտի անենք մեր ընկերների եւ բարեկամների համար, բա մնացածը, որ մեր ընկերները եւ բարեկամները չեն, նրանց համար ով եւ ինչպես պետք է անի»,- եզրափակեց իր ցուցակը վարչապետ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այստեղ կա 1-2 կետ, որ իրեն իրոք պետք է հուզի եւ պետք է դրանով զբաղվել։ Մասնավորապես՝ Հայաստանում խոսքի ազատության հիմնահարցերի լուծումը, սփյուռքի հետ կապված խնդրների լուծումը, եկեղեցի-պետություն հարաբերությունների հետ կապված խնդիրների լուծումը։ «Իսկ մնացածների հիասթափությունը, անկեղծ ասած, ինձ ոչ հուզում է, ոչ՝ հետաքրքրում։ Այս հիասթափությունների աղբյուրները հեղափոխության հաջողության վկայությունն են»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ հեղափոխությունն ունի մի արդյունք, որն անշրջելի է։ «Հեղափոխությունն ուրիշ բան որ արած չլինի, կա մի բան՝ այն է՝, որ ՀՀ քաղաքացին, որ 27  տարի այն տրամաբանության մեջ էր, որ ոչ մի բան չի որոշում, այսօր գիտի, որ որոշում է ամեն ինչ»,- եզրափակեց վարչապետը։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4