September 18, 2021

Տնտեսական ճգնաժամի դեպքում Ռուսաստանի հայահոծ համայնքից մեծ հոսք է սպասվում. Զարեհ Սինանյան

«Մեր կառույցը անմասն չի մնացել կորոնավիրուսի հետևանքներից,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:- Մեր աշխատանքը յուրահատուկ է այն իմաստով, որ գործ ունենք արտերկրի հետ, Հայաստանի սահմաններից դուրս բնակվող մեր հայրենակիցների հետ: Ամռան ամիսներին սովորաբար մեր հայրենակիցներն են գալիս Հայաստան, մյուս ամիսներին ավելի շատ մենք ենք այցելում Սփյուռք: Ծրագրեր ենք մշակում, որպեսզի Սփյուռքը ներգրավվածություն ունենա Հայաստանի կյանքում, բայց այս մեկուսացման պայմաններում, երբ մեկուսացել ենք ամբողջ աշխարհից, որոշ ծրագրեր կհետաձգվեն, ստիպված ենք նոր մոտեցումներ որդեգրել, նոր ծրագրեր մշակել: Մենք պետք է ավելի օպտիմալ կերպով օգտագործենք մեր ռեսուրսները, քանի որ այսօրվա իրականությունը արմատականորեն տարբեր է երեկվա իրականությունից»:

«Ամբողջ աշխարհում տնտեսական ճգնաժամ է, և հնարավոր է արտերկրում ապրող, բարձրագույն կրթություն ունեցող մեր շատ հայրենակիցներ անգործության խնդիր ունենան, և մենք կարող ենք համեմատաբար փոքր ռեսուրսներով այդ մարդկանց «առևանգել» և ներգրավել Հայաստանի կառավարման գործում: Մեր նախարարություններն ու գերատեսչությունները ավելի քան հարյուր թափուր տեղերի հայտ են ներկայացրել, որոնք ցանկություն ունեն համալրել դրսից եկած լավ մասնագետներով: «Ի գործ» ծրագիրը թիրախավորում է արտերկրում կրթություն ստացած, Սփյուռքը ներկայացնող մասնագետերին: Կասկածի ենթակա չէ այն խնդիրը, որ կադրերի լրջագույն խնդիր ունենք, այդ հարցը չի վիճարկվում, և մեր կառավարման համակարգում բարձրագույն կրթությամբ և լավ աշխատանքային էթիկա ունեցող մասնագետների ներգրավումը ժամանակի պահանջ է մեր պետության համար»,- նշեց Զարեհ Սինանյանը:

Նա նաև ընդգծեց, որ դիմադրություն գրեթե բոլոր օղակներում կա, բայց ավելի շատ միջին օղակներում է. «Մարդիկ սովորել են միշտ նույն ձևով աշխատել և հակառակվում են խնդիրները լուծելու, «այո» ասելու մոտեցումներ դրսևորողներին: Նոր գաղափարներով մարդիկ դիմադրության են հանդիպում»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստան գալու միտումներ են նկատվում տարբեր ուղղություններից, Զարեհ Սինանյանը հավաստիացրեց, որ մինչ կորոնավիրուսի ճգնաժամի ի հայտ գալը մեծ հայրենադարձության հայեցակարգի աշխատանքներ էին իրականացվում. «Պետությունը տեսլական էր դարձրել 5 միլիոն բնակչություն ունենալը, և ներգաղթը պետք է լիներ դրա բաղադրիչ մասը… Առողջապահական այս ճգնաժամը ևս ստեղծել է մի իրավիճակ, երբ շուտով հնարավոր է ստիպված լինենք ընդունելու մեր հայրենակիցների մեծ հոսքերը: Տնտեսական ճգնաժամի դեպքում Ռուսաստանի հայահոծ համայնքից մեծ հոսք է սպասվում: Մենք պատրաստ ենք, թե ոչ, դա էլ հարց է, որովհետև մեր պետությունը նույնպես ենթարկվում է տնտեսական ցնցումների»:

1in.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4