
ՀՀ նախագահի նստավայրում այսօր կայացել է Սերժ Սարգսյանի եւ պետական այցով Երեւան ժամանած ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի առանձնազրույցը, որին հաջորդել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:
Նախագահ Սարգսյանն ասել է. «Վստահ եմ, որ մեր հարաբերությունների պատմության մեջ ՌԴ նախագահի առաջին պետական այցը Հայաստանի Հանրապետություն, նոր փուլ կսկզբնավորի մեր հարաբերություններում: Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործընկերությունը եւ դաշնակցային հարաբերությունները բխում են մեր ժողովրդի շահերից, եւ մենք կանենք ամեն ինչ` զարգացնելու այդ հարաբերությունները:
2008 թվականից ի վեր` մենք հանդիպել ենք շուրջ 30 անգամ, բայց այս հանդիպումը, բնականաբար, առանձնահատուկ է: Այդ հանդիպումների ընթացքում մենք քննարկել ենք, եւ այսօր էլ կքննարկենք մեր հարաբերություններին վերաբերող կենսական կարեւորության հարցեր»:
Դմիտրի Մեդվեդեւն ընդգծել է, որ այս պետական այցը կարելի է երկկողմ հանդիպումների հաճախականության եւ մինչ օրս առկա համագործակցության բարձրակետը համարել: «Այցն արտացոլում է մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ առանձնահատուկ հարաբերությունները: Դրանք իսկապես ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային սերտ հարաբերություններ են` հիմնված դարավոր բարեկամության եւ այն փաստաթղթերի վրա, որոնք ընկած են մեր պետությունների համագործակցության հիմքում»,- ասել է ՌԴ նախագահը` նշելով, որ բանակցություններն անցնում են լիարժեք փոխըմբռնման մթնոլորտում, ինչի վկայությունն են նաեւ այսօր ստորագրվելիք փաստաթղթերը:
ՀՀ եւ ՌԴ նախագահները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության արդի խնդիրներին: Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը խոսել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին:
Հանդիպմանը հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը երկու երկրների նախագահներին են ներկայացրել հանձնաժողովի նախորդ նիստից ի վեր կատարված աշխատանքները եւ նախանշված ծրագրերը: Խոսվել է նաեւ հումանիտար ոլորտում շփումներն առավել ընդլայնելու, գիտության, մշակույթի եւ կրթության բնագավառներում համագործակցության ընդգրկուն եւ երկարաժամկետ ծրագրեր իրագործելու անհրաժեշտության մասին:
Բանակցություններից հետո ստորագրվել է երկկողմ համագործակցության մասին 5 փաստաթուղթ.
«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1995թ. մարտի 16-ի` «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն», «Ռուսաստանի Դաշնության Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկներ կառուցելու համար համագործակցության մասին համաձայնագիր», «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև առևտրային ներկայացուցչություններ փոխադարձաբար հիմնելու մասին Համաձայնագիր», «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև հետընդունման (ռեադմիսիայի) մասին Համաձայնագրի իրականացման կարգի մասին Կիրարկման արձանագրություն», «Ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության /ՌԴ/ և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում` արտոնագրված ծառայությունների կենտրոնների և ռազմական տեխնիկայի և տեխնիկական սպասարկման ու վերանորոգման համատեղ ձեռնարկությունների ստեղծման բնագավառում համագործակցության հարցերի մասին փոխըմբռնման հուշագիր»:
Փաստաթղթերի ստորագրումից հետո նախագահներ Սարգսյանը եւ Մեդվեդեւը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Այնուհետեւ ՌԴ նախագահը պետական պարգեւներ է հանձնել Հայ-ռուսական սլավոնական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մի խումբ ներկայացուցիչների:
«Բարեկամության շքանշանով» է պարգեւատրվել համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, «Պուշկինի մեդալով»` համալսարանի ռուսական բանասիրության ինստիտուտի գիտական ղեկավար Արամ Գրիգորյանը եւ համալսարանի ամբիոնի վարիչ Անահիտ Խաչիկյանը: «Ռուսաստանի Դաշնության բարձրագույն դպրոցի վաստակավոր աշխատող» պատվավոր կոչման է արժանացել համալսարանի առաջին պրոռեկտոր Գագիկ Սարգսյանը:
Օրվա երկրորդ կեսին Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը մեկնել են Գյումրի` ներկա գտնվելու հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման արարողությանը, որից հետո ՀՀ եւ ՌԴ նախագահները կվերադառնան Երեւան` մասնակցելու երեկոյան մեկնարկող ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
hetq.am
Leave a Reply