June 4, 2020

Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը

Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Երուսաղեմ Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը:
Առավոտյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Տրդատի բաց խորանի առջև, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը:

Այս առիթով, աշխարհը և հայրենի մեր երկիրը պատուհասած համավարակի պայմաններում, ի մխիթարություն և ի բժշկություն ժողովրդի դուրս էր բերվել համաքրիստոնեական մեծագույն սրբություններից մեկը՝ Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որից սփռվող օրհնության ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Տիրոջ հովանին համայն աշխարհին, մեր երկրին և ողջ ժողովրդին՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս:

Վեհափառ Հայրապետն աղոթեց վարակից ապաքինվողների բժշկության, մեկուսացվածների ոգու ամրության, նեղյալների ու սգացյալների մխիթարության և ի Քրիստոս ննջեցյալների հոգիներին՝ հավիտենական կյանքի երանության համար: Նորին Սրբությունը հայցեց Երկնավորին նաև ուժ և կարողություն շնորհել պետական այրերին և դժվարին հանգամանքներում իրենց նվիրյալ ծառայությունը մատուցող բոլոր անձանց։
Արարողության վերջում համայն հայության հոգևոր կենտրոնից Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին:

1lurer.am-ի հետ զրույցում Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ Ծաղկազարդի տոնի հիմքում Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: «Հիսուս Քրիստոս մուտք գործեց Երուսաղեմ որպես Թագավոր և արժանացավ Արքային վայել ընդունելության ու փառքի։ Նա ցույց տվեց նաև, որ ոչ երկրային, այլ Երկնային Թագավոր է, Փառքի Թագավոր, Որը վերացնում է անեծքը և կենդանություն պարգևում: Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, ազատելու գերիներին և տեսողություն պարգևելու կույրերին։ Շատ անգամ էր հրեաների կողմից հետապնդվել՝ սպանվելու համար, սակայն միշտ խույս էր տվել, քանի որ դեռ ժամը չէր եկել։ Ահա այս անգամ՝ հրեական Զատկից հինգ օր առաջ, Նա Իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ Ինքն է Աստծո Գառը, Որը կամենում է պատարագվել մեր փրկության համար»,- ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Քահանան մեկնաբանեց, որ հրեաները զատկական գառը Զատկի տոնից հինգ օր առաջ էին տուն տանում: Այդ օրը նա մեծ պատիվ ընդունեց հրեաներից՝ ցույց տալով, որ պատվի ու փառքի վախճանը նախատինքն է։ Տեր Եսային, մեկնաբանելով Ավագ շաբաթվա խորհուրդը, նշեց, որ Ավագ շաբաթը Քրիստոսի չարչարանքների շավաթն է, երկրային տարիների վերջին շաբաթը:

«Ծաղկազարդի և Ավագ Շաբաթվա խորհրդով հաստատվում է այն ճշմարտությունը, որ եթե պահքի ընթացքում մենք էինք փնտրում դեպի Աստված գնացող ճանապարհը, ապա Ծաղկազարդի խորհրդով Աստված Ինքն է գալիս դեպի մեզ: Ուստի կարևոր է, թե որքանով ենք մենք պատրաստ Տիրոջն ընդունելու և Իր հետ անցնելու խաչի ճանապարհը»,- ասաց քահանան։

Քահանան նաև տեղեկացրեց, որ արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված՝ Ավագ շաբաթ կրկին հնարավոր է, որ արարողությունները դռնփակ լինեն, բայց այդ մասին պաշտոնական հայտարարություն դեռ կարվի։ Ասաց՝ եթե փակ լինեն, ապա պահքից դուրս գալու համար մարդիկ կարող են Զատկի օրը՝ օրվա ընթացքում, գալ եկեղեցի և անհատապես Հաղորդություն ստանալ ու պահքից դուրս գալ։

Հեղինակ`Նարե Ոսկանյան

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4