September 24, 2023

Ինչպե՞ս տեղի ունեցավ Շուշիի հայերի կոտորածը․ ողբերգական դեպքերից 100 տարի անց

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարի լրանում է Շուշիի հայերի ջարդերի 100-րդ տարելիցը։ Քաղաքի հայ բնակչության կոտորածը, տեղահանությունը, գույքի եւ անձնական ունեցվածքի ոչնչացումն ու թալանը թուրքական բանակի, թաթարների եւ քրդական առանձին խմբավորումների կողմից իրականացվեցին 1920 թ. մարտի 22-6-ն ընկած ժամանակահատվածում։ Ոճրագործության հետեւանքով Արցախի հայերի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոնը հայաթափվեց եւ ոչնչացվեց։

«Կենաց մահու կռիվ էր տալիս հայ ժողովուրդը։ Մայիսյան հերոսամարտերով կարողացանք արեւելահայությանը եւ նորաստեղծ Առաջին հանրապետությունում ծվարած հարյուրհազարավոր գաղթականությանը փրկել այդ ջարդից։ Սակայն դրանով թուրքական հայասպան ծրագրերը չվերացան։ Շարունակվեց արշավանքը Գանձակի վրայով դեպի Բաքու։ 1918 թ. սեպտեմբերին, չնայած հայկական ուժերի հերոսական դիմադրությանը, այդուհանդերձ, Նուրի փաշայի գլխավորած թուրքական բանակին ու կովկասյան թաթարների հրոսակախմբերին հաջողվեց մուտք գործել քաղաք եւ այնտեղ իրականացնել շուրջ 30 հազար հայերի կոտորածը։ Մինչ այդ, այս բանակի տեղաշարժման ճանապարհին գտնվող բոլոր հայկական բնակավայրերը ենթարկվում էին կոտորածի»,– «ՀՀ»-ի թղթակցի հետ զրույցում մանրամասներ է ներկայացնում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմաբան Արմեն Մարուքյանը։

Պատմաբանի խոսքով՝ Բաքվի հայերի ջարդը նոր հույսեր արթնացրեց մուսաֆաթական իշխանությունների, նորաստեղծ Ադրբեջան պետության համար։ Եթե նախկինում Արցախի՝ որպես հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի օջախի ճնշումը, վերացումը մշտապես ձախողվել էր, հիմա թուրքերի միջոցով հնարավոր կլիներ դա իրականացնել, հատկապես երբ Ռուսաստանի դերակատարումը տարածաշրջանում թուլացել էր։ Եվ հաջորդ հարվածն ուղղվեց դեպի Ղարաբաղ։ 1919 թ. հունվարի 15-ին այս նպատակով հատուկ գեներալ նահանգապետ է նշանակվում Խոսրով բեկ Սուլթանովը. «Հատկանշական է, որ մեր դաշնակից համարվող անգլիացիները, որոնց զորքերը տեղակայված էին Այսրկովկասում, շատ լուռ ընդունեցին նրա թեկնածությունը, մինչդեռ Խոսրով բեկ Սուլթանովը հայտնի էր որպես թուրքական գործակալ, երիտթուրքական կուսակցության հետ սերտ կապերի մեջ գտնվող անձնավորություն, որը Բաքվի հայերի ջարդերի ժամանակ զբաղված էր թաթար հրոսակախմբերի պատրաստմամբ։ Նրանք թուրքական բանակի հետ մեկտեղ ներխուժեցին քաղաք եւ իրականացրեցին հայերի ջարդերը։ Ղարաբաղի հայերի համագումարների որոշումներով բրիտանական հրամանատարությանը ուղղված նամակներում մեկ անգամ չէ, որ շեշտվում է իրենց համար բացարձակապես անընդունելի Սուլթանովի՝ որպես Ղարաբաղի գեներալ նահանգապետ նշանակվելու փաստը։ Հայերը բերում էին այն ապացույցները, որ նա նախկինում հայտնի է եղել իր հակահայկական գործունեությամբ, թուրքերի հետ սերտ համագործակցությամբ»։

Ա. Մարուքյանը նկատում է՝ անգլիացիները նույնպես քաջատեղյակ էին այս մասին եւ սա նորություն չէր նրանց համար։ Հրամանատարներից գեներալ Թոմսոնը հայերի հետ զրույցում ասել է, թե ինքը նույնպես տեղյակ է Սուլթանովի արարքներից, բայց հույս է հայտնել, որ իրենց հսկողության տակ Ղարաբաղում ճիշտ կաշխատի, կարգ ու կանոն կհաստատի։ «Մենք տեսնում ենք Մեծ Բրիտանիայի թողտվությունը այս հարցում։ Սա նաեւ քաջալերանք էր կովկասյան թաթարների համար, եւ պատահական չէ, որ Սուլթանովը ունենալով քրդական ծագում, շատ կարճ ժամանակում կարողացավ Ղարաբաղում ստեղծել քրդական հրոսակախմբեր այն նույն օրինակով, ինչ որ անում էր Բաքվի ջարդերի նախօրյակին։ Նա կարողացավ ի վերջո հասնել նրան, որ առաջին հարվածը հասցվի Շուշիին դեռեւս 1919 թ. հունիսի 4-5-ին։ Հայկական թաղամասից դուրս բերվեցին գանձատունը, փոստը, որոնք շատ կարեւոր հանգամանքներ էին հայ բնակչության համար, այնտեղ աշխատողների մեծ մասը հայեր էին, եւ նյութական միջոցները, ֆինանսները նույնպես պատկանում էին հայերին։ Զրկելով կապի, հաղորդակցության միջոցներից, փակելով Շուշիից դեպի Գորիս տանող ճանապարհը՝ հետագայում հարձակում գործեցին եւ թնդանոթներով կրակի տակ առան հայկական բնակավայրերը»,–նշում է Ա. Մարուքյանը։

Պատմաբանն ասում է, որ երբ խոսում ենք Շուշիի դեպքերի մասին, պիտի շեշտվի՝ կոտորածի առաջին փորձն արվել է դեռեւս 1919 թ. հունիսին։ Բայց այս փորձը, նրա խոսքով, անհաջողության մատնվեց, քանի որ չկարողացան իրենց նպատակին հասնել։ Ջարդերը, կոտորածները, նաեւ Շուշիի հայկական բնակավայրերի կոտորածները, ի վերջո, հանգեցնում են անգլիացիների միջամտությանը. «Սուլթանովը ժամանակավորապես հեռացվում է Ղարաբաղից, եւ կարծես թե խոսում էին պատասխանատվության ենթարկելու մասին, բայց կարճ ժամանակ անց, օգոստոսին անգլիացիները հեռանում են տարածաշրջանից եւ ադրբեջանցիների ձեռքերը ազատ են արձակվում»։

Եվ ահա, օգոստոսին Ղարաբաղի հայ բնակչությանը պարտադրվում է Բաքվում մշակված 26 կետից բաղկացած մի համաձայնագիր, որով Ղարաբաղը ժամանակավորապես անցնում էր Ադրբեջանի ենթակայության տակ։ Տեղի հայերը պետք է ընդունեին Խոսրով բեկ Սուլթանովի իշխանությունը՝ պայմանով, որ վերջնականապես հարցը պետք է լուծվի Փարիզի խաղաղության վեհաժողովում։ «Այսինքն՝ սա ժամանակավոր որոշում էր, բայց քանի որ արդեն անգլիացիները չկային, Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ հաղորդակցությունը խզված էր, եւ Հայաստանը զրկված էր Ղարաբաղին ռազմական օգնություն ցուցաբերելու հնարավորությունից, ուստի նրանք ծանր պայմաններում հարկադրաբար գնացին այս պայմանագրի ստորագրմանը։ Բանն այն է, որ թնդանոթներն ուղղված էին Շոշ գյուղի, Շուշիի հայկական թաղամասերի վրա։ Սպառնում էին, որ պայմանները չընդունելու դեպքում թնդանոթային կրակ կբացվի»,–ասաց Ա. Մարուքյանը։

Լիանա Սարգսյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

armenpress.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4