July 6, 2020

ԵՐԲ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԹՈՒՐՔԻԱՆ ԿՀՐԱԺԱՐՎԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻՑ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Այն բանից հետո, երբ հաղորդումներ հայտնվեցին, որ Թուրքիան կրճատել է ռուսական գազի գնումները եւ տասներեք տարում առաջին անգամ դուրս է եկել դրա 3 գլխավոր գնորդների ցանկից, փորձագետներից շատերը սկսեցին ենթադրություններ անել թուրքերի այդ կտրուկ շրջադարձի առնչությամբ, որը, ժամանակի առումով, զարմանալիորեն համընկավ «Թուրքական հոսք» գազամուղի գործարկմանը: 2007 թվականից ի վեր թուրքական շուկան երկրորդն էր «Գազպրոմի» արտահանական ցանկումՙ զիջելով միայն Գերմանիային: Բայց անցյալ տարի առաջատար դարձավ ոչ միայն Իտալիան, այլեւ Ավստրիան, որի տնտեսությունը կիսով չափ զիջում է թուրքականին: Որպես պատճառներ նշվում էին հետեւյալները. Թուրքիայի տնտեսության ճգնաժամային վիճակը, որը հանգեցնում է գազի սպառման ծավալների կրճատմանը, էներգետիկայում գազի օգտագործմանն ուղղված սուբսիդիաների բացակայությունը, մինչեւ օրս չկարգավորված գնային տարաձայնությունները:

«Կան հարցեր, կան խնդիրներ: Թուրքական կողմն առեւտրային նկատառումներով առաջարկում է իր ձեւակերպումները, իսկ «Գազպրոմը»ՙ իրենը», իրավիճակն այսպես է բնութագրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը : Վերջերս իրենց գոյությունը զգալ են տալիս որոշ քաղաքական եւ աշխարհաքաղաքական հիմնահարցեր: Նախ ուրվագծենք Թուրքիայի գազային պատկերը: Այդ երկիրը 29 տոկոսով ավելացրել է գազի գնումներն Ադրբեջանից, ինչպես նաեւ գազ է ձեռք բերում Ալժիրից, Նիգերիայից եւ Քաթարից: Թուրքիան պարբերաբար բնական հեղուկ գազ է ստանում Հասարակածային Գվինեայից, Տրինիդադ եւ Տոբագոյից, Եգիպտոսից եւ Նիգերիայից: Եթե իրավիճակը գնահատենք քաղաքական դիրքերից, ապա Անկարայի գործողությունները համապատասխանում են Եվրոմիության ուրվագծած էներգետիկ ռեսուրսների բազմազանեցման նպատակին: Դա արվում է Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու համար:

Գոյություն ունեն նաեւ ուրիշ հանգամանքներ: Առաջին, Անկարան ճակատամարտ է սկսել Արեւելյան Միջերկրածովքի էներգետիկ ռեսուրսների համար, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այց է կատարել Թուրքմենստան, որտեղ, ինչպես նշում են Բաքվի լրատվամիջոցները, նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովի հետ բանակցությունների ժամանակ քննարկվել է «Հարավային գազային միջանցքին» Աշխաբադի միանալու, Ռուսաստանը շրջանցելովՙ տվյալ գազային համակարգի մասը դառնալու հարցը:

Երկրորդ, Իդլիբում վերջերս ծագած ճգնաժամը ցույց տվեց, որ Թուրքիան որոշակի պայմաններում ու հանգամանքներում կարող է փորձել Ռուսաստանի հետ գազային հարաբերությունները փոխակերպել հանուն սեփական ինչ-ինչ աշխարհաքաղաքական նպատակների: Անկարան հասկանում է, որ «Թուրքական հոսքը» իր ներկա տեսքով ի հայտ եկավ լոկ այն պատճառով, որ Մոսկվան չէր ուզում Ուկրաինայից տարանցումային կախման մեջ լինել: «Թուրքական հոսքը» ստեղծվեց «Հարավային հոսքի» փոխարեն, որը պետք է անցներ ոչ թե Թուրքիայով, այլ Բուլղարիայի Վառնա նավահանգստով:

Ռուսական գազի պոտենցիալ սպառող եւ տարանցիկ երկիր դառնալովՙ Թուրքիան սկսում է իրեն պահել այնպես, ասես ինքը աշխարհաքաղաքական մեծ լավություն է արել Ռուսաստանին, որին պետք է վճարել պարտքերը: Անցյալում նման բան չէր եղել: «Թուրքական հոսքի» համար էական վտանգներ են հայտնվել Ռուսաստանի տարանցումային անկախության բացակայության պատճառով: Ի հայտ է եկել հարց. Ո՞ր երկիրն է նախընտրելիՙ Ուկրաինան, թե՞ անկանխատեսելի դարձող Թուրքիան: Որոշ փորձագետների գնահատման համաձայն, հենց Անկարայի անկայուն կեցվածքը վճռական դեր խաղաց դեպի Եվրոպա Ուկրաինայով ռուսական գազի տարանցման հարցում: Ահա թե ինչու եւս մեկ հարց է ծագում «Թուրքական հոսքի» հեռանկարների առնչությամբ, որի ամբողջական իրացումը սկսում է բախվել հետեւողական քաղաքական հակազդեցությանը, այդ թվում «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումից հետո ԱՄՆ-ի գործողությունների պատճառով:

Ամերիկացիների առաջին հաղթանակն ապահովված է. Մոսկվային թույլ չտվեցին Կիեւին թողնել առանց գազի տարանցման: Հարկ եղավ Կիեւի հետ կնքել նոր վաղաժամկետ պայմանագիր, նրա համար հինգ տարով երաշխավորելով արտամղման լավ պայմաններ եւ բարձր վարձատրություն ծառայությունների դիմաց, ինչպես նաեւ ուկրաինական կողմին երեք միլիարդ դոլար վճարել ըստ հին պարտքերի:

Երկրորդ հաղթանակը ձեւավորվում է Էրդողան-Ալիեւ համագործակցության մեջ, որը լուծում է թուրքմենական գազի տարանցումը Կասպից ծովի հատակով դեպի Թուրքիա տարանցելու խնդիրը, ինչը հնարավոր է դարձնում վերջինիս հրաժարումը ռուսական գազից: Վերջերս Վաշինգտոնում Քարնեգի հաստատության գրասենյակում անցկացվեց կոնֆերանս «Բալկանյան էներգետիկ մարտադաշտեր.գազամուղներ եւ աշխարհաքաղաքականություն» թեմայով, որտեղ քննարկվում էր մեկ հարցՙ ինչպես փակել «Թուրքական հոսքը»: ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայությունը հատուկ զեկուցագրում գնահատում է այդ ուղղությամբ Ռուսաստանից դեպի ԱՄՆ աստիճանաբար շրջադարձ կատարող Էրդողանի գործողությունները: Ամերիկացիներն Ադրբեջանը համարում են դեպի Թուրքիա ու Եվրոմիություն գազի ավելի հեռանկարային մատակարար, քան Ռուսաստանը:

Ավելին, ամերիկացի փորձագետները «Թուրքական հոսքի» հավանական շրջափակումը շաղկապում են Իդլիբի ճգնաժամի զարգացման հետ, որտեղ շատ բաներ անկայուն վիճակում են: Խոսքն այնպիսի իրավիճակի ստեղծման մասին է, երբ Մոսկվային կկանգնեցնեն ընտրության առջեւ. կա՛մ «Թուրքական հոսք», կա՛մ էլ Իդլիբ: Ժամանակը ցույց կտա, թե ով հաղթող կդառնա այս խաղում: Մոսկվան լուրջ հաղթաթղթեր ունի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ իր հարաբերություններում, կարծում է ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

azg.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4