April 5, 2020

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Կառավարությունը ռազմավարական բնույթի որոշումներ է կայացնելու․ Փաշինյան

Մեր խնդիրը, ըստ էության, ստեղծված իրավիճակում ոչ այդքան կորոնավիրուսի տարածումը կանխելն է, այլ որ չունենանք մահեր։ Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է այնպես անել, որ հատկապես տարեցները խուսափեն վարակից։ 

Անդրադառնալով համաճարակի պայմաններում կառավարության ռազմավարությանը՝ Փաշինյանը նշեց, որ գործադիրի գործողությունները երկու մասին են բաժանված՝ կանխարգելելու կորոնավիրուսի տարածումը և տնտեսական խնդիրների լուծումը։

«Այս իրավիճակից ուժեղացած դուրս կգան այն երկրները, որոնք կկայացնեն ռազմավարական բնույթի որոշումներ։ Մենք այդ ուղղությամբ ենք աշխատում, և այդ որոշումները առաջիկա շաբաթվա ընթացքում դե յուրե կկայացվեն»,- ասաց նա՝ ներկայացնելով այդ որոշումներից մի քանիսը։

Ըստ վարչապետի՝ լայն աջակցություն է ցուցաբերվելու տնտեսվարողներին, մասնավորապես՝ նրանց արտոնյալ վարկեր կտրամադրվեն։  «Կառավարությունը կմասնակցի այդ ֆինանսավորմանը և տարբեր նախագծերում 30-60 տոկոս կսուբսիադավորի վարկերը, որպեսզի փողը տնտեսվարողի համար անվճար լինի»,- հստակեցրեց նա։ 

Փաշինյանի խոսքով՝ ինչպես կորոնավիրուսից առաջ, այնպես էլ կորոնավիրուսից հետո մարդիկ շարունակելու են սնվել, ուստի գարնանային գյուղաշխատանքների շրջանում պետք խթանել նաև գյուղատնտեսությունը՝ աջակցելով գյուղացիներին և ֆերմերներին՝ ինչպես վարկերի տոկոսների զրոյացման, այնպես էլ վարկերի տրամադրման մասով։  

«Բանկերը կարող է հակված չլինեն լայներոն վարկավորել գյուղացիներին, ուստի կառավարությունը կաջակցի այն անհատներին, որոնք կզբաղվեն մեր առաջարկած ծրագրերով, նաև վարկեր կստանան այն գյուղացիները, որոնք վարկային լավ պատմություն ունեն։

Նրանց, ում վարկային պատմությունը լավը չէ, առաջարկում ենք գյուղերում, համայնքներում ձևավորել գյուղկոոպերատիվներ, և կառավարությունը այդ ծրագրերին մասնակցություն կունենա մինչև 60 տոկոս։ 

Այսինքն, լավ վարկային պատմություն ունեցողներին կառաջարկենք 0 տոկոսով վարկեր, և կառավարությունը մինչև 30 տոկոս կմասնակցի այդ ծրագրերին, իսկ մյուսներին կառաջարկենք միավորվել և պատշաճ կառավարում իրականացնել»,- պարզաբանեց Փաշինյանը։

Նա հայտարարեց, որ կառավարությունն աջակցելու է նաև կորոնավիրուսի պատճառով գործազուրկ դարձած քաղաքացիներին։ «Փաթեթ ենք պատրաստում, որը կլինի «Փարոս» համակարգի ենթաճյուղերից մեկը, և մեր քաղաքացիներին կօգնենք կօգնենք հաղթահարել դժվարությունները»,- ասաց նա։ 

Վարչապետ նշեց, որ արտակարգ դրության պայմաններում կառավարությունը պետք է շարունակի սահմանափակումներ մտցնել՝ կանխելու կորոնավիրուսի զարգացումը։ Իսկ եթե համաճարակը երկար տևի, ըստ Փաշինյանի՝ պետք է գտնել կորոնավիրուսի պայմաններում ապրելու և աշխատելու հնարավոր մեթոդներ։ 

Facebook

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4