
Հայաստանում՝ Գյումրի քաղաքում, ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգումը տարածաշրջանի համար սպառնալիք չի առաջացնում։ Ադրբեջանական Trend գործակալությանը հայտարարել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի պատվիրակության ղեկավար Վահիդ Էրդեմը։
«Ստորագրված համաձայնագիրը լուրջ սպառնալիք չի ներկայացնում ո’չ Ադրբեջանի եւ ո’չ էլ Թուրքիայի համար»-ասել է Էրդեմը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` օգոստոսի 20-ին ստորագրվել է հայ-ռուսական համաձայնագիր, որով առնվազն 49 տարով երկարաձգվում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը: Ռուսական կողմից համաձայնագիրը ստորագրել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, իսկ հայկական կողմից` ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանը:
Ըստ արձանագրության (25-րդ հոդված), ռուսական ռազմաբազան Հայաստանում կմնա առնվազն 49 տարի, նախկին 25 տարվա փոխարեն: Բացի այդ, նշվում է, որ ռուսական ռազմաբազան Ռուսաստանի շահերը պաշտպանելուց բացի, պետք է ապահովի նաեւ Հայաստանի անվտանգությունը: Այդ նպատակների համար Հայաստան պետք է առաքվեն «ժամանակակից եւ համատեղելի զինատեսակներ, ռազմական (հատուկ) տեխնիկա»:
Leave a Reply