
Արդեն բոլորը տեղյակ են, որ Արմենիա ավիաընկերության միջոցով Թեհրան–Երեւան թռիչքով անցնող շաբաթ երկու թռիչք իրականացավ, որի ընթացքում ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեցան «կորոնա»վիրուսով բռնկված Իրանից վերադառնալ հայրենիք:
Վերադարձողների մեջ էր մեր Հայրենակից Վ. Ներսիսյանը, ով ցանկություն հայտնեց իր խորին շնորհակալությունը հայտնել ՀՀ իշխանություններին՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ ցուցաբերած հոգատար եւ պատասխանատու վերաբերմունքի համար:
Մեր հայրենակիցը պատմում է, Թեհրանում մինչեւ թռիչքի իրականացման պահը առաջացած բազմաթիվ հարկի ու անհարկի դժվարությունների, խոչնդոտությունների, վիրուսի նկատմամբ անպատրաստվածության, հարմարությունների չգոյության եւ այլ թերությունների մասին:
–Այս առումով երկու նշված թռիչքների հնարավորության ստեղծումը եւ Զվարթնոց օդակայանում եւ դրանից հետո ձեռնարկած միջոցառումները կարելի է համարել փրկություն ՀՀ քաղաքացիների համար,–ավելացնում է մեր հայրենակիցը:
–Միշտ չէ, որ պիտի միայն քննադատել իշխանություններին, այլ նաեւ հարկավոր է քաջալերել եւ գոհունակություն հայտնել լավ եւ պատասխանատու գործողությունների համար: Ամենից կարեւորը այն է, որ յուրաքանչյուր երկրում բնակչությունը վստահի ու հավատա իր իշխանությունների խոսքերին եւ գործողություններին: Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է վստահության մթնոլորտ եւ հավատք դեպի իշխանությունները,–իր խոսքը ավարտում է մեր հայրենակիցը:
Եվրոպայի Հայերի համագումարի լրատվական կենտրոն
Երեան 29 փետրվար 2020
Leave a Reply