September 21, 2020

Ֆիզիկապես հյուպատոսություն ներկայանալու պահանջը կփոխարինվի իրական ժամանակում դեմ առ դեմ տեսակապ հաստատելով. ԱԳՆ

Օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին տեսակապի միջոցով հյուպատոսական ծառայություններ մատուցելու մասին նախագծով առաջարկվող փոփոխությունների նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, մասնավորապես, տեսակապի միջոցով անձի ինքնությունը ստուգելու (նույնականացնելու) միջոցով ընդլայնել հյուպատոսական ծառայությունների մատուցման եղանակները եւ աշխարհագրությունը։ Այս մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին հայտնել է ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանը:

Նրա խոսքով, այդ նախագծով առաջարկվում է քաղաքացու՝ անձամբ ներկայանալու եւ հյուպատոսի հետ դեմ առ դեմ հանդիպելու պահանջին ստեղծել այլընտրանք՝ քաղաքացիներին հնարավորություն ընձեռելով աշխարհի ցանկացած վայրից տեսակապով դիմել ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ եւ ստանալ որոշակի հյուպատոսական ծառայություններ։

«Տեսակապով դիմելու դեպքում անձի ֆիզիկապես ներկայանալու պահանջը կփոխարինվի իրական ժամանակում դեմ առ դեմ տեսակապ հաստատելով, որը պետք է իրականացվի այնպիսի չափանիշներով, ինչը հնարավորություն կտա հստակ տեսնել դիմողին, նրա անձը հաստատող փաստաթուղթը (առկայության դեպքում), իսկ տվյալ տեսանյութը կձայնագրվի եւ կպահպանվի տվյալ գործին կից համապատասխան էլեկտրոնային համակարգում»,-ասել է նա:

Հարցին, թե որքանո՞վ տեսակապի միջոցով մատուցվող ծառայությունները կապահովեն ակնկալվող որակը, ինչպես է դա իրականացվելու, ո՞ր երկրների համար է գործելու հյուպատոսական ծառայությունների մատուցման այս տարբերակը, նա պատասխանեց. «Նախատեսվում է ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունում ստեղծել բաժին, որի աշխատակիցները կանցնեն համապատասխան վերապատրաստում, կստանան տեսակապի միջոցով անձի ինքնության ստուգման (նույնականացման) համար անհրաժեշտ գիտելիքներ եւ գործնական հմտություններ։ Քաղաքացին ՀՀ ԱԳՆ կայքի համապատասխան բաժնում կլրացնի հայտը, որից հետո իր հետ կապ կհաստատվի, եւ կիրականացվի տեսակապը։

Տեսակապի ծառայությունը կիրառելի կլինի ոչ բոլոր հյուպատոսական ծառայությունների համար։ Արդյունքում հազարավոր քաղաքացիներ հնարավորություն կունենան, ցանկության դեպքում, մի շարք հյուպատոսական ծառայությունների համար դիմել տեսակապի միջոցով, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել եւ ստանալ փոստի միջոցով՝ խնայելով իրենց ժամանակը եւ ֆինանսական միջոցները, որոնք պետք է ծախսվեին մոտակա դեսպանություն (հյուպատոսական հիմնարկ) այցելելու դեպքում»:

news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4