November 30, 2020

Իրոք որ հայկական հիվանդություն

Օրեր առաջ ընկերս ծիծաղով պատմեց իր նոր լսած անեկդոտի մասին։

-Լիբանանահայը իր ընկերոջը ասում է․

-Լսե՞լ ես, Հայաստանում հարյուրից ավելի կուսակցություններ կան, ընկերը մաղթում է․

-Աստված բարաքյատ տա։

            Այն ինչ այստեղ որպես կատակ է հնչում, իրականում ասվում է, որպես հեգնանք, որպես որակավորում, որպես ոչ լուրջ ընկալում՝ Հայաստանում տարբեր անձանց կողմից ստեղծված հարյուրից ավելի կուսակցությունների փաստը նկատի առնելով, որոնք տարբեր բույսերի նման, աճել են երկրի քաղաքական դաշտում, բարենպաստ գարնանային տաք եղանակի և տեղած անձրևներից հետո։ Նման փաստը ոչ միայն անհեթեթ է, այլ վտանգավոր, չմտածված, որի հետևանքն է լինելու, ապագայում ոչ կայուն ազգային ժողով և ոչ կայուն կառավարություն…

            Իրականում նման իրական փաստը չպետք է մեզ՝ հայերիս, զարմանալի թվա։ Միթե՞ այդպես չի եղել դարեր շարունակ։ Միթե՞ ողջամտությունից կտրված հայ իշխանների՝ իշխանամոլությունը չի եղել բազմաթիվ պարտությունների նախասկիզբը։ Դեպի ո՞ւր տարան հայդուկային խմբերի կենտրոնախույս և իրարից անջատ պայքարը։ Իսկ ի՞նչ հեռանկարներ է սպասվում նման իրականության վաղվա օրը։ Հավանաբար հերթական ընտրություններում տասնյակ կուսակցությունների մուտք ԱԺ-ում, որոնց բազմազանությունը և ձայների բաշխումը, թույլ չի տալու կայուն կոալիցիոն կառավարության ստեղծումը։

            Իրոք որ զարմանալ, ապշել, այո նաև հիասթափվել կարելի է, թե որքան ինքնագոհ և տրամաբանությունից հեռու կարող են լինել ներկայիս Հայաստանի քաղաքական դաշտում ի հայտ եկած կուսակցությունների ղեկավարները։ Այնպես է ստացվել, որ այն անձինք, ովքեր բոլորն էլ իմաստնությունն ունեն քաղաքական գնահատականներ տալ բոլոր խնդիրներին, գեղեցիկ վերլուծել անցյալի և ներկայիս մեր տարածաշրջանի բոլոր խրթին հարցերը և համաշխարհային քաղաքականությունը։ Որոնք քննադատում են անցյալի սերունդներին, նրանց անկարողությունը և անհամերաշխությունը որպես փաստ բերելով,  ստեղծել են իրենց կուսակցությունը, այո, ամեն մեկը՝ իրենը։ Իրենով չափված, ձևած և կարված։ Ոչ մեկը որևէ գաղափարախոսության չհետևելով, «իզմերից» զուրկ ու մշուշոտ ծրագրեր իրենց կարգախոսը դարձնելով․․․

            Ուրեմն ինչպե՞ս կոչել երկրի ապագան վտանգող նման արտառոց իրավիճակը և իրարից անջատ ու իրար քննադատող նման խառնաշփոթությունը։ Երևի ոչ մի այլ երկրում չգտնենք տարբեր կուսակցությունների նման բազմազանություն։ Որ նման իրավիճակը Հայաստանի նման երկրում վտանգածին է և խարխլելու է հենց ժողովրդավարության հիմքերը, արդեն նկատում ենք այս օրերին, երբ ԱԺ-ը որոշում կայացրեց սահմանադրության շուրջ ստեղծված ճգնաժամը վերացնելու համար հանրաքվե անց կացնել, ապա արդեն բոլոր կողմերից լսվում են մեղադրանքներ՝ իշխանությունների հասցեին։ ԱԺ-ի ընդդիմադիր խմբակցությունները դեմ են, որոշ անհատներ դիմել են ստորագրություններ հավաքելով, թվում է՝ պարզապես նրա համար, որովհետև հազիվ առիթ է ստեղծվել, ընդդիմություն լինել, այո, այդ դերը խաղալ։ Վտանգ կա, որ ժողովուրդը նման երևույթից հոգնած և հանրաքվեի կարևորությունը լուրջ չընդունելով, բավարար քանակով չմասնակցի քվեարկությանը, իսկ այդ պարագայում արդեն ճգնաժամը ներառելու է թե ԱԺ-ին և թե կառավարությանը․․․

            Ներկայիս Եվրոպական մի շարք երկրներում գոյություն ունի խորհրդարանական հարաբերական ընտրակարգը, այդ երկրների վերջին տարիների փորձերը ցույց են տալիս, որ այդ երկրներում կուսակցությունների թվի աճման հետևանքով, տարեց-տարի  դժվարանում են հերթական ընտրություններից հետո, կոալիցիոն կառավարությունների ստեղծումը, երբեմն այդ ընթացքը տևում է ամիսներ, պատահում է, որ կուսակցություններին չի հաջողվում կոալիցիոն կառավարություն ստեղծել և ստիպված նրանք համաձայնվում են նոր ընտրությունների գնալ։ Իտալիայում, Իսպանիայում, Հունաստանում դա դարձել է սովորական մի երևույթ․․․

            Կարող է Հայաստանը իրեն նման իրավիճակ թույլ տա՞լ, չէ որ ներկայիս կուսակցությունների  բազմազանությունը, հենց այդ է կանխատեսում․․․

            Ուրեմն՝ պետք է օր առաջ խուսափել նման զարգացումներից։

            Քսաներորդ դարի հայտնի Փիլիսոփա՝ Կարլ Պոպերը վերլուծելով նման ընտրակարգը գրում է․        

(մեջբերում)

            „Արևմտաևրոպական մայրցամաքում տարածված է քվեարկության մի իրավունք, որը էականորեն տարբերվում է այն քվեարկության իրավունքից, որը գոյություն ունի օրինակ Մեծ Բրիտանիայում և Միացյալ Նահանգներում, որը հիմնված է տեղական ներկայացուցչության հետ: Մեծ Բրիտանիայում ամեն մի ընտրական շրջան, իր ներկայացուցչությունն է ուղարկում խորհրդարան, նրան՝ ով ձայների մեծամասնություն է ստացել: Ո՞ր կուսակցությանն է նա պատկանում, կամ արդյոք որևէ կուսակցության պատկանում է՞, թե ո՞չ, դա պաշտոնապես ի գիտություն չի վերցվում: Նրա պարտականությունն է լավ խղճով և բարձր գիտելիքներով նրանց շահերը պաշտպանել, ովքեր նրա ընտրական շրջանում են բնակվում, միևնույնն է, նրանք որևէ կուսակցության պատկանում են, թե ոչ: Իհարկե կուսակցություններ գոյություն ունեն, և նրանք մեծ դեր են խաղում կառավարություն կազմելու պարագայում: Բայց երբ որևէ ընտրական շրջանի ներկայացուցիչ կարծում է, որ իր ընտրական շրջանի (երևի նաև ժողովրդի) օգտին է, իր կուսակցության դեմ քվեարկել, կամ նույնիսկ անդամակցությունից հրաժարվել, ապա նա ստիպված է այդ անել: Վինստոն Չերչիլը՝ մեր հարյուրամյակի ամենամեծ պետական գործիչը, երբեք հլու չէր և նա երկու անգամ փոխել է կուսակցությունը:

            Այլ իրավիճակ է Եվրոպայի մայրցամաքում: Հարաբերական ընտրությունը ասում է, թե ամեն մի կուսակցություն որքան ներկայացուցիչ է ուղարկելու խորհրդարան (ասենք Դաշնային Գերմանիայի Բունդեստագ), որ տարբեր կուսակցությունների պատգամավորների քանակը, հնարավորին նույն հարաբերության մեջ են լինելու տրված ձայների հետ:

            Այսպիսով կուսակցությունները ճանաչված են տվյալ երկրի սահմանադրության կողմից և խարսխված են հիմնական իրավունքում: Եվ ամեն մի անհատ պատգամավոր պաշտոնապես ընտրվում է որպես իր կուսակցության ներկայացուցիչը: Այդ պատճառով էլ նա չի կարող պարտականություն ունենալ  տվյալ պարագայում իր կուսակցության դեմ քվեարկել, բոլորովին ընդհակառակը՝ նա բարոյապես կախված է իր կուսակցությունից, որովհետև նա որպես այդ կուսակցության ներկայացուցիչ է ընտրվել:

            Բնականաբար ես գիտեմ, որ մարդ կուսակցություններին պետք ունի. մինչ այժմս ոչ մեկը, ոչ մի դեմոկրատական սիստեմ չի հնարել, որը յոլա գնա առանց կուսակցությունների: Բայց քաղաքական կուսակցությունները այնքան էլ ուրախալի երևույթ չեն: Իսկ մյուս կողմից առանց կուսակցությունների հնարավոր չէ: Մեր եղած բոլոր դեմոկրատիաներն էլ ժողովրդական կառավարություններ չեն, այլ կուսակցական կառավարություններ, այսինքն կուսակցությունների ղեկավարների կառավարություններ. քանի որ, որքան մեծ է մի կուսակցություն, այնքան ավելի քիչ համերաշխ է այն, այնքան ավելի քիչ դեմոկրատական, այնքան ավելի քիչ ազդեցություն ունեն նրանք՝ ովքեր նրանց ձայն են տալիս, կուսակցության ղեկավարության և կուսակցության ծրագրի վրա: Այն կարծիքը, որ հարաբերական ընտրական միջոցով ընտրված խորհրդարանը, կամ Բունդեստակը ժողովրդի, կամ նրա ցանկությունների ավելի լավ հայելին է, սխալ է: Նա ժողովրդին, կամ նրա կարծիքները չի ներկայացնում, այլ միայն կուսակցությունների (և նրանց գովազդի) ազդեցությունը ժողովրդի վրա ընտրության օրում: Եվ նման պարագան դժվարացնում է այն հանգամանքը, որ ընտրության օրը այնպիսին լինի, ինչ որ պետք է լինի՝ ժողովրդական դատարանի օր, կառավարության գործունեության նկատմամբ:

            Հետևաբար ժողովրդի իշխանության մասին վավերական թեորիա չկա, չկա ոչ մի վավերական թեորիա, որը խրախուսելու է հարաբերական ընտրությունները: Ուրեմն պետք է հարցնենք՝ ինչպե՞ս է ներգործում հարաբերական ընտրությունը գործնականում: Առաջինը՝ կառավարություն կազմելու վրա, երկրորդը՝ այնքան որոշիչ հնարավորության վրա, որն է՝ արձակել մի կառավարություն:

1. Որքան շատ կուսակցություններ խորհրդարանում, նույնքան ավելի դժվար կոալիցիոն կառավարության կազմում: Այս, նախ իրականությունից վերցրած փաստ է, և երկրորդ, այն նաև փաստ է ողջամտությունից ելնելով: Եթե միայն երկու կուսակցություն գոյություն ունենային, ապա կառավարություն կազմելը շատ հեշտ կլիներ, բայց ձայների հարաբերականությունը նաև փոքր կուսակցություններին է հնարավորություն տալիս շատ հաճախ, շատ մեծ,- երբեմն նույնիսկ որոշիչ ազդեցություն ունենալ կառավարություն կազմելու, և այդպիսով նույնիսկ կառավարության քաղաքական որոշումների վրա:

2. Ձայների հարաբերականությունը, և դրա հետևանքով կուսակցությունների շատ թիվը խորհրդարանում, երբեմն ավելի վատ արդյունք է ունենում, ասենք, երբ հարցը այն կարևոր հանգամանքին է վերաբերում, ինչպես կառավարության արձակումն է հանրաքվեի միջոցով, այսպես օրինակ՝ խորհրդարանի նոր ընտրությամբ․

-Առաջինը, մարդ գիտի, որ շատ կուսակցություններ կան և համարյա չի կարելի սպասել, որ  այդ կուսակցություններից որևէ մեկը ձայների բացարձակ մեծամասնությունը կշահի: Երբ սակայն այդ սպասածը տեղի ունենա, ապա հանրաքվեի արդյունքը ոչ մի կուսակցության դեմ չի լինելու, ոչ մի կուսակցություն չի արձակվելու, ոչ մի կուսակցություն չի դատապարտվելու:

-Երկրորդ, չի սպասվում, որ ընտրական այդ օրը կառավարության նկատմամբ ժողովրդի դատավճռի օր է լինելու: Կառավարությունը երբեմն փոքրամասնության կառավարություն էր և այդպիսով ի- վիճակի չէր այնպես անել, ինչպես ինքը ճիշտ էր գտնում, այլ ստիպված էր տեղի տալ, կամ նա կոալիցիոն կառավարություն էր, որտեղ կոալիլցիոն կուսակցություններից ոչ մեկը լրիվ  պատասխանատվություն չունէր:

Այսպիսով մարդ վարժվում է դրանում, որ  քաղաքական կուսակցություններից և նրանց ղեկավարներից ոչ մեկին պատասխանատու չհամարել: Եվ եթե որևէ կուսակցություն հինգ կամ տասը տոկոս իր ձայներից կորցնում է, ապա ոչ մեկի կողմից այդ որպես մեղադրանք չի նկատվում:

-Երրորդ, նույնիսկ այն ժամանակ, երբ ընտրողների մեծամասնությունը եղած ձայների մեծամասնությամբ իշխող մի կառավարության արձակել է ցանկանում, ապա նա չի կարողանում անպայման դրան հասնել: Որովհետև նույնիսկ այն դեպքում, երբ որևէ կուսակցություն մինչ այդ ձայների բացարձակ մեծամասնություն ուներ (այնպես որ նա պատասխանատվության կարող էր ենթարկվել) և իր ձայների մեծամասնությունը կորցնում է, ապա շատ հավանական է, որ հարաբերականության դեպքում դարձյալ ամենամեծ կուսակցությունը կմնա: Արդյունքում՝ նա կարող է որևէ փոքր կուսակցության հետ կոալիցիոն կառավարություն կազմել: Այսպիսով արձակված մեծ կուսակցության ղեկավարը կարող է դարձյալ կառավարել- ընդդեմ մեծամասնության և մի փոքր կուսակցության որոշման շնորհիվ, որը կարող է շատ հեռու լինել, «ժողովրդի կամքը» ներկայացնելուց: Բնականաբար կարող է նման փոքր կուսակցություն նաև առանց նոր ընտրությունների, առանց ընտրողների նոր առաջադրանքի,  տապալել կառավարությունը և ընդդիմադիրների հետ նոր կառավարություն ստեղծել – (Ինչպես դա կատարվեց 1982 թվականին Գերմանիայում, Շմիտ-Գենշեր-Կոհլ-ի օրոք), ծիծաղելիորեն ի հակադրության այն գաղափարին, որը հարաբերականության հիմքում է դրված: Այն գաղափարի, որ ամեն մի կուսակցության ազդեցությունը, իր ընտրողների քանակին համապատասխան պետք է լինի:

Նման դեպքեր հաճախ են պատահում: Եվ այնտեղ ուր մեծ թվով կուսակցություններ կան և որտեղ կոալիցիաները կանոն են դարձել, ապա դրանք համարյա թե սովորական երևույթ են նկատվում:

Շատ ճիշտ է, որ նմանը նաև այն երկրում կարող է պատահել, որտեղ հարաբերական ընտրություն չկա, բայց նման երկրներում, օրինակ՝ Անգլիայում, կամ՝ Միացյալ Նահանգներում, մի հակում է առաջ եկել, որտեղ ընդհանուր առմամբ երկու մեծ կուսակցություններ են դեմ- դիմաց կանգնած, որոնք էլ իրար հետ մրցակցում են:

Ինձ թվում է՝ այն ձևը, որը նման երկու կուսակցության սիստեմը հնարավոր է դարձնում, դեմոկրատիայի ամենահարմար ձևն է, որովհետև այն միշտ էլ կուսակցություններին մղում է ինքնաքննադատության: Երբ այդ երկու մեծ կուսակցություններից որևէ մեկը մի ընտրության ընթացքում իսկապես մեծ պարտություն է կրում, ապա սովորաբար այդ կուսակցության ներսում կատարվում է ծայրահեղ վերափոխումներ: Այդ ընթացքը մրցակցության և ընտրողների դատապարտության վճիռի արդյունքն է, որը չի կարելի աննկատ թողնել: Այսպիսով նման սիստեմի պատճառով կուսակցությունները ստիպված են ժամանակ առ ժամանակ իրենց սխալներից սովորել, կամ ոչնչանալ: Իմ նկատողությունները՝ հարաբերական ընտրություններին վերաբերող, չեն նշանակում, որ ես բոլոր դեմոկրատներին խորհուրդ եմ տալիս հրաժարվել դրանից: Ես միայն ցանկանում եմ դրա շուրջ եղած վիճաբանություններին՝ նոր ուղղություն տալ:

Եզրակացություն: Այն տեսակետը, որ հարաբերական ընտրությունը ավելի դեմոկրատական է, քան բրիտանական, կամ ամերիկյան սիստեմն է, երերուն է, որովհետև այն ստիպված է դեմոկրատիայի հասկացողության անցյալի թեորիային՝ որպես ժողովրդական կառավարություն, հենվել ( որը իր հերթին վերադառնում է այսպես ասած ինքնիշխան պետականության թեորիային): Այս թեորիան բարոյապես ձախողված է և նույնիսկ քննադատության չդիմացող: Այն ետ է մղված ձայների մեծամասնության միջոցով կառավարությանը հրաժարական տալու՝ ուժի թեորիայի կողմից:

Նման բարոյական պատճառաբանությունը իհարկե որ ավելի կարևոր է, քան գործնական պատճառաբանությունը, որ մենք ոչ ավել քան երկու մեծ՝ լրիվ մրցակցող և պատասխանատու կուսակցություններ պետք ունենք, որպեսզի ընտրողներին իշխանություն տանք, իրենց ընտրությունով իշխանության նկատմամբ դատավճիռ կայացնեն: Հարաբերական ընտրությունը այն վտանգն է ստեղծում, որ մեծամասնության քվեարկության որոշումը մանրացվում, աննշան է դառնում և այդպիսով նաև ընտրություններում պարտության ազդեցությունը կուսակցությունների վրա – մի բարեգործական ազդեցություն, որին դեմոկրատիան կարող է պետք ունենալ: Եվ մեծամասնության պարզ որոշման համար կարևոր է, որ հնարավորին լավ և ուժեղ ընդդիմադիր կուսակցություն գոյություն ունենա: Այլապես ընտրողները հաճախ ստիպված են լինում մի վատ կառավարություն կրկին իշխանության վրա թողնել, որովհետև նրանք պատճառ ունեն ենթադրելու՝ «Հետո ավելի լավը չի գալու»:

Բայց այն կարծիքը, որ գաղափարախոսությունների և աշխարհայացքների բազմազանությունը պետք է անդրադառնա մեծաքանակ կուսակցությունների գոյության մեջ, ինձ թվում է՝ այս կարծիքը քաղաքականապես ձախողված է: Եվ ոչ միայն քաղաքականապես, այլ աշխարհայացքորեն: Որովհետև որևէ ուսմունքի շատ սերտ մոտիկությունը կուսակցության քաղաքականության հետ, չի համընկնում այդ ուսմունքի մաքրության հետ»:

(Վերջ մեջբերումների)։

Սամվել Հովասափյան

Բեռլին, փետրվար 2020     

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4