September 25, 2023

Գերմանիայի կառավարությունը պատրաստ է աջակցել Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին. Մերկել

Բեռլինում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը:   Գերմանիայի կանցլերը ողջունել և կարևորել է ՀՀ վարչապետի այցը` վստահություն հայտնելով, որ այն հնարավորություն է տալիս քննարկել երկու երկրների հարաբերությունների օրակարգային հարցերը: Տիկին Մերկելը նշել է, որ իր երկրի կառավարությունը շարունակելու է տարբեր ուղղություններով աջակցությունը հայկական կողմին` ժողովրդավարական բարեփոխումներն արդյունավետ առաջ մղելու նպատակով:   Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացումներին` նշելով, որ տնտեսության տարբեր ճյուղերում արձանագրվում են աճի բարձր տեմպեր:   Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է հայկական շուկայում գերմանական բիզնեսի և կապիտալի ներկայացվածության ընդլայնմամբ, և գերմանական ընկերություններին հրավիրել է մասնակցելու մեր երկրում տարբեր ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերին:   Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարբեր, այդ թվում` արդյունաբերության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:   Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանում ապրիլի 5-ին տեղի ունենալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին, դրա հանգամանքներին և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է միջազգային դիտորդներին հրավիրել հանրաքվեն դիտարկելու նպատակով:   Անգելա Մերկելը Գերմանիայի կառավարության աջակցությունն է հայտնել Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին և կարևորել ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերը:  

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4