February 24, 2020

Տնտեսական հրաշք. ինչպես է Հայաստանը գերազանցել Ռուսաստանին

Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2019-ին կազմել է մոտ 8 տոկոս: Հայաստանի «տնտեսական հրաշքին» է անդրադարձել Gazeta.ru պարբերականը: Հրապարակման համաձայն՝ Ռուսաստանի տնտեսությունը 2019-ին խորհրդանշական աճ է գրանցել՝ ընդամենը 1.3 տոկոս: Ռուսաստանից առավել շատ կախում ունեցող Բելառուսում դա ընդամենը 1.2 տոկոս է: ԵԱՏՄ մյուս անդամ երկրները, որոնք այնքան էլ լավ ինտեգրված չեն Ռուսաստանին, ունեցել են տարեկան մինչև 8 տոկոս տնտեսական աճ:

ԵԱՏՄ անդամ երկրներն ամփոփել են իրենց տնտեսական վիճակի նախնական արդյունքները: Որևէ երկիր վնաս չի արձանագրել: Եվրասիական հնգյակը՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը, աճ են գրանցել, սակայն ՀՆԱ-ի աճով առաջատարը Հայաստանն է: 2019-ի առաջին ինն ամիսների արդյունքների համաձայն՝ Հայաստանի տնտեսական աճը կազմել է 7.5 տոկոս՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Սա ամենածանրակշիռ արդյունքն է ոչ միայն եվրասիական երկրների շարքում: Հայաստանը կարող է դառնալ լավագույնը սևծովյան տարածաշրջանում, որը ներառում է Վրաստանը, Թուրքիան, Բուլղարիան, Ռումինիան, Մոլդովան, Ուկրաինան և այլ երկրներ:

Այսօր Հայաստանում իրականացվող բոլոր այն դրական քայլերը, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարը, բիզնեսի համար խաղի ըմբռնելի կանոնների ստեղծումը, թափանցիկ բանկային համակարգը, այս ամենը դրական են ազդում ներդրողների ծրագրերի վրա: Այս մասին հայտնում է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Դմիտրի Պանկինը:

Ինչի՞ հաշվին է տեղի ունեցել «հայկական տնտեսական հրաշքը»: Տպավորիչ հաջողություններ արդյունաբերության կամ առևտրի ոլորտներում տեղի չեն ունեցել: Իսկ շինարարության ոլորտում աճը նույնիսկ դանդաղել է մինչև 4.5 տոկոս, էներգահամալիրում՝ մինչև 2.7 տոկոս:

Առաջընթացն ապահովել է տնտեսությունը մաքրելու և ազատականացնելու իշխանությունների և հանրության ցանկությունը: 2018-ին Հայաստանը վերապրել է քաղաքական ճգնաժամ: Նոր խորհրդարանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստեղծել են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և կազմակերպել պաշտոնյաների եկամուտների ու ծախսերի իրական վերահսկում:

Կոռուպցիոն 346 սխեմայի բացահայտման արդյունքում բյուջե է վերադարձվել 105 մլն դոլար: Սա յոթ անգամ ավելի է վերջին 11 տարվա արդյունքների համեմատ:

Հայաստանի բյուջեի 3 մլրդ դոլարից 1 միլիարդը գողացվել էր, ևս մոտ 900 մլն դոլարը հարկերի տեսքով չէր հասնում բյուջե: Իշխանափոխությունից հետո ստվերային տնտեսության նվազման միտում է նկատվում, թեպետ այն դեռևս զգալի է՝ մոտ 20 տոկոս: Եկամուտների՝ ստվերից դուրս գալու հաշվին հարկային եկամուտներն անցյալ տարի աճել են 43.6 տոկոսով՝ 2017-ի համեմատ, և 20 տոկոսով՝ 2018-ի համեմատ:Հեղինակ`

Մարի Կոստանյան

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4