
Փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել խայտառակ ընտրակեղծիքներով ու նույնիսկ այդ երկրի համար անսովոր միջադեպով՝ սպանությամբ:
Երկրի 101-րդ ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Մովսում Ասլանովի վստահված անձը՝ փաստաբան Սուբհան Հաջիևը, ըստ ադբեջանական ընդդիմության, սպանվել է իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության թեկնածու Էլշադ Միրբաշիրի մարդկանց կողմից:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հերքում է այս լուրը՝ նշելով, որ Հաջիևը հանկարծամահ է եղել բոլորի աչքի առաջ, դատաբժշկական փորձաքննության արդյունքում էլ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ընդդիմադիրները, սակայն, հակառակն են պնդում։
Ի դեպ, հին իշխող ուժը՝ «Յենի Ազերբայջանը», նոր խորհրդարանում կունենա 69 տեղ: Այսինքն՝ մեծամասնություն: Ընդ որում, հներից շատերը պահպանել են իրենց աթոռը: Նշենք նաև, որ ԱՊՀ դիտորդական խումբը ընտրություններն ազատ-արդար է որակել, իսկ ԵԱՀԿ-ն իր նախնական հայտարարությունն է տարածել այն մասին, որ ընտրությունները մրցակցային չեն եղել:
«Օրբելի» կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանն այս առիթով նկատել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու՝ Ալիևի ձգտումն ամբողջովին իմաստազրկվել է: Հեղինակ`Սոնա Աղբալյան
1lurer.am
Leave a Reply