June 7, 2023

Փոփոխությունից հետո ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը կդադարի. նախագիծը հրապարակվեց

ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Այն ներկայացվել է ԱԺ պատգամավորների մեկ քառորդի կողմից: 

Առաջարկվում է  2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների (այսուհետ՝ Սահմանադրություն) 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը

  • Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:
  • Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը: Սույն փոփոխություններով հոդվածի 1-ին մասի հիման վրա առաջացած թափուր տեղերը համալրելու ընթացակարգը և ժամկետները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգով, որոնք պետք է ընդունվեն և ուժի մեջ մտնեն մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը:»:

Հոդված 2.  Սահմանադրության սույն փոփոխությունը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՍԴ ներսում և դրա շուրջ առկա ճգնաժամն այս պահին ունի մի քանի ասպեկտ, որոնք լրջագույն մարտահրավեր են Հայաստանի ժողովրդավարության, ինքնիշխանության և իրավական որակների համար:

ՍԴ ճգնաժամի առաջնային խնդիրը նախկինում նշանակված անդամների և 2015 թ. փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխով ընտրվող դատավորների պաշտոնների ակնհայտ բովանդակային տարբերությունն է, որի մասին իրավական հանրությունում քննարկումները գնալով ավելի են թեժանում:

ՍԴ ներկայիս կազմի պահպանմամբ լրջագույն խնդիրների է բախվում նաև ՍԴ-ն ներդատարանական հավասարության իմաստով, քանի որ.

ՍԴ ներկայիս կազմի պահպանման դեպքում 2015 թ. Սահմանադրությամբ ընտրված դատավորների և մինչ այդ նշանակված անդամների պաշտոնավարման ժամկետների միջև էական տարբերություն կա: Մինչ նորընտիր դատավորները պաշտոնավարում են 12 տարով, նախկինում նշանակված անդամները, որոնք նշանակվել են 1995 թ. Սահմանադրությամբ (ՍԴ 2 անդամ) պաշտոնավարելու են մինչև 70 տարեկանը լրանալը, իսկ 2005 թ. Սահմանադրությամբ (ՍԴ 5 անդամ) նշանակվածները՝ մինչև 65 տարեկանը լրանալը: Այլ խոսքով, ավելի պատկերավոր իրավիճակը ներկայացնելու համար, օրինակ՝ ՍԴ մի անդամը կարող է պաշտոնավարել այս դատական կազմում 33 տարի (1996 թ.-ից մինչև 2029 թ.-ը), իսկ նորընտիր դատավորի համար այդ ժամկետը սահմանափակված է 12 տարով:

Սույն փոփոխության նպատակը ՀՀ Սահմանադրական դատարանի (այսուհետ ՍԴ) կազմի սահմանադրականության և դրա նկատմամբ հանրության և իշխանության ճյուղերի կողմից վստահության բացակայության ճգնաժամերի հանգուցալուծումը և 2015 թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության (այսուհետ Սահմանադրություն) 7-րդ գլխի կանոններով նախատեսված Սահմանադրական դատարանի ձևավորումն է: 
  
Հաջորդ խնդիրը ՍԴ դեմոկրատական լեգիտիմության դեֆիցիտն է, որում ՍԴ-ն ունի ուղղակի պատասխանատվության իր բաժինը՝ նախագահական և խորհրդարանական ընտրություններում ընտրական իրավունքի և ժողովրդի կողմից իր իշխանությունն ընտրելու երաշխիքների շարունակական անտեսման պատճառով հօգուտ օրվա իշխանության: Սա կործանարար ազդեցություն է ունեցել քաղաքացիների և հանրային իշխանության մարմինների կողմից ՍԴ-ի նկատմամբ ունեցած վստահությունը կորցնելու հարցում, ինչն անթույլատրելի վիճակ է սահմանադրական արդարադատության մարմնի համար: Իրողություն է, որ ՍԴ-ն այս պահին իր անդամների կազմով ամենացածր հեղինակություն վայելող հանրային իշխանության մարմիններից է և այդ հեղինակության վերականգնումն անհնար է նույն կազմի պահպանման դեպքում:

7-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովը՝ որպես վերջին 20 տարիների ընթացքում ազատ ընտրության իրավունքի բոլոր երաշխիքների և Սահմանադրության 2-րդ հոդվածի անշեղորեն պահպանմամբ ձևավորված ժողովրդավարական առաջնային մանդատով օժտված բարձրագույն մարմին, որն ունի Սահմանադրության փոփոխություն կատարելու լիազորություն, այսպիսով նպատակ ունի վերջնական և հիմնարար լուծում տալ ՍԴ-ի 2015 թ. Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով ձևավորման խնդրին:

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4