
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հայկական համայնքից խլված Սանասարյան հանի հետ կապված գրավոր հարցադրում է ուղղել Մշակույթի եւ տուրիզմի նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Bıanet–ը, Կարո Փայլանը հետաքրքվել է, թե ինչպես է պատահել, որ դեռեւս դատական գործընթացում գտնվող անշարժ գույքը տենդերով հանձնվել է 35 տարվա վարձակալության։ Փայլանի հարցադրումներից մի քանիսը հետեւյալն են.
«Դուք, որպես նախարար, հաստատելո՞ւ եք 35 տարվա վարձակալության պայմանագիրը, երբ այն հայ համայնքին վերադարձնելու հետ կապված դատական գործընթաց է տեղի ունենում ներկա պահին։ Ի՞նչ պատճառով է տենդերը լրատվամիջոցների համար փակ անցկացվել եւ ինչ սկզբունքով է որոշվել այն հանձնվել Gapsan Eserler ընկերությանը։ Երբ գույքի վերադարձի հարցում Հայոց պատրիարքարանը հաղթի, ինչպիսի՞ն է լինելու գույքի ճակատագիրը»։ANNONS
«Սանասարյան հանը» կառուցվել է հայ բարեգործ Մկրտիչ Սանասարյանի կողմից 1895 թվականին։ Շենքի ճարտարապետն է եղել Հովսեփ Ազնավուրը։ Նախատեսված է եղել շենքի վարձակալությունից ստացված հասույթն օգտագործել Էրզրումի հայտնի Սանասարյան վարժարանի կարիքների համար։
Թուրքիայի հանրապետության օրոք այն խլվել է հայերից, սակայն արք, Արամ Աթեշյանը 2014–ին դիմել էր դատարան եւ կարողացել հաղթել դատը, բայց պետությունը բողոքարկել էր դատական վճիռը եւ նորից հետ խլել։ Ներկա պահին դատական գործընթացը շարունակվում է, սակայն պետությունը շենքը 35 տարվա վարձակալության է հանձնել 5 աստղանի հյուրանոց կառուցելու համար։
news.am
Leave a Reply