September 21, 2020

Պոլսո պատրիարքարանը հայտարարություն է տարածել Հրանտ Դինքի եւ Սեւակ Բալըքչըի սպանության գործերով դատավարությունների մասին

Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել` անդրադառնալով Թուրքիայում սպանված զինծառայող Սեւակ Բալըքչըի եւ հայտնի լրագրող Հրանտ Դինքի գործերով դատավարություններին: Այս մասին տեղեկացնում է «Ակօս» պարբերականը:

Պատրիարքարանն իր գոհունակությունն է հայտնել Սեւակ Բալըքչիի գործով կայացված դատավճռի կապակցությամբ` միեւնույն ժամանակ նշելով, որ Դինքի սպանության գործում արդարության փնտրտուքները շարունակում են ապարդյուն լինել:

Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

«2011 թվականի ապրիլի 24-ին զինվորական ծառայության ժամանակ դաժանաբար սպանված Սեւակ Բալըքչըի գործով կայացված դատավճիռը մասամբ հագեցրել է մեր արդարության ծարավը: Չնայած դատավճիռն ի վիճակի չէ հետ բերել Սեւակին, այնուամենայնիվ, հանցանքի արձանագրումն ու հանցագործին արժանի պատիժ տալը հուսադրող է մեր երկրի արդարադատության համակարգի համար:

Նշված արդյունքի համար շնորհավորում ենք Սեւակ Բալըքչըի ընտանիքին, փաստաբաններին, իրավապաշտպան կազմակերպություններին, որոնք երկար ժամանակ պայքարեցին այս արդյունքի համար: Արդյունքը կարեւոր է այնքանով, որ Թուրքիայում այն անձինք կամ խմբերը, որոնք ռասիզմի հողի վրա սպանություններ են գործում` կարծելով, թե անպատիժ կմնան, այժմ կփոխեն իրենց կարծիքը:

Այս առիթով կրկին մեր աղոթքն ենք ուղղում առ Աստված` Սեւակ Բալըքչըի հոգու հանգստության համար, եւ Աստծո մեծահոգությունն ենք հայցում նրա ընտանիքի եւ բարեկամների համար:

Հույս փայփայելով, որ Հրանտ Դինքի սպանության գործով նույնպես նման դատավճիռ պետք է կայացվի, նրա սպանության 13-րդ տարելիցի կապակցությամբ եւս մեկ անգամ բարձրացնում ենք մեր արդարության պահանջը:

Համոզմունք ունենք, որ արդեն ժամանակն է ամբողջ աշխարհի առաջ տեղի ունեցող այս արդարության փնտրտուքն ավարտվի, քանզի ուշացած արդարադատությունն արդարադատություն չէ: Հույս ենք հայտնում, որ դատավարության ընթացքում կայացվելիք վճիռը հպարտության առիթ կլինի Թուրքիայի արդարադատության համար:

Սիրելի Հրանտի մահվան օրը` հունվարի 19-ին, մեր բոլոր եկեղեցիներում աղոթք ենք հղելու առ Աստված` հանգուցյալի հոգու հանգստության համար: Այս առիթով սգավոր այրուն` Ռաքելին, երեխաներին եւ եղբայրներին հայտնում ենք մեր ցավակցություններն ու աղոթք ենք բարձրացնում նրանց համար»:

Սեւակը սպանվել է Թուրքիայի Բաթմանի Քոզլուք շրջանում (պատմական Սասունի տարածքի մի մասը) պարտադիր զինվորական ծառայությունն իրականացնելու ընթացքում՝ զորացրվելուց  23 օր առաջ։ Նրան սպանած անձը օրեր առաջ դատապարտվել է գրեթե 17 տարվա ազատազրկման:

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջեւ` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է ավելի քան 10 տարի եւ դեռեւս չի գտել իր հանգուցալուծումը:  

NEWS.AM

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4