February 28, 2020

ՀՀ և Արցախի պատգամավորների հայտարարությունը Բաքվում հայերի ջարդերի դատապարտման մասին

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության խորհրդարանների պատգամավորները համատեղ հայտարարություն ընդունեցին, որով դատապարտեցին 30 տարի առաջ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կազմակերպված և իրականացված հայերի ջարդերը: Հայտարարությունը միաձայն ընդունվեց ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված համատեղ հատուկ նիստի ավարտին:

Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«1990 թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պետական իշխանությունների իմացությամբ և թողտվությամբ իրագործվել է հայ բնակչության համակարգված և զանգվածային կոտորած: Էթնիկ հողի վրա իրականացված բռնություններին զոհ են դարձել հարյուրավոր հայեր: Թալանի և բռնագրավման է ենթարկվել հայերի ունեցվածքը: Ֆիզիկական ոչնչացման անմիջական սպառնալիքի ներքո Բաքվի ավելի քան քառորդ միլիոն տեղահանված հայությունը, որպես փախստական, բնակություն է հաստատել աշխարհի տարբեր երկրներում: Հայերի զանգվածային կոտորածը Բաքվում հետևանք է դեռևս 20-րդ դարասկզբին կովկասյան թաթարական ծայրահեղական ուժերի և հետագայում Ադրբեջանի իշխանությունների կողմից սանձազերծված, և ցայսօր շարունակվող հայերի նկատմամբ ռասայական խտրականության լայնածավալ քաղաքականության, որը հանգեցրել է Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայ ազգաբնակչության կտրուկ նվազմանը, իսկ 1980-ական թվականների ավարտին նոր թափ առնելով, կենսական վտանգի արդյունքում Բաքվի և Ադրբեջանական ԽՍՀ այլ բնակավայրերի հայ բնակչության վերացմանը:

Արձանագրելով, որ հակառակ միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից արձանագրված փաստերի, Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս ժխտում են իրենց ցեղասպան գործունեությունները, նենգափոխում իրողությունները և խուսափում պատասխանատվությունից:

Ընդգծելով, որ Ադրբեջանում մինչ օրս շարունակվող պաշտոնական հայատյաց քաղաքականությունը և դրա համատեքստում իրականացված այս և այլ հանցագործությունները՝ Սումգայիթի և Կիրովաբադի ջարդեր, Արցախի՝ Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված Մարաղա գյուղի հայ բնակչության կոտորած, 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված ռազմական գործողություններ Արցախի քաղաքացիական բնակչության և գերեվարված զինծառայողների նկատմամբ, հայկական մշակութային ժառանգության հետևողական վերացումը, ինչպես նաև Արցախի՝ ներկայումս Ադրբեջանի օկուպացիայի ներքո գտնվող տարածքների հայաթափումը վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունների մոտ առկա է իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայերին և նրանց գոյության բոլոր հետքերը բնաջնջելու մտադրություն:

Հիմք ընդունելով Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայում, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում», «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում, և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը վերաբերող միջազգային այլ փաստաթղթերում ամրագրված սկզբունքները, որոնք նաև ամրագրված են բոլոր ժողովրդավարական պետությունների ներպետական օրենսդրություններում, Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը սույն թվականի հունվարի 18-ի համատեղ նիստի արդյունքներով ոգեկոչում է 30 տարի առաջ Բաքվում զոհված մեր հայրենակիցների հիշատակը և բարձրաձայնում հայ բնակչության կորուստների արդարացի հատուցման իրավաչափությունը և արդիականությունը: Դատապարտում է Ադրբեջանի Հանրապետությունում շարունակվող պետական հայատյաց քաղաքականությունը: Անընդունելի է համարում այլատյացության, ծայրահեղականության և ահաբեկչության ցանկացած դրսևորում: Վերահաստատում է, որ մարդկության դեմ հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ, և ընդգծում է, որ անցյալում կատարված հանցագործությունների դատապարտումը նոր հանցագործությունների կանխարգելման կարևորագույն գրավականն է: Կոչ է անում խորհրդարաններին և խորհրդարանական վեհաժողովներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպան կառույցներին՝ դատապարտել Սումգայիթի, Կիրովաբադի (Գանձակ), Բաքվի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ոճրագործությունները և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները, որոնք սպառնալիք են ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ տարածաշրջանի անվտանգության, կայունության և զարգացման համար, գործուն քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման ուղղությամբ:

Վերահաստատում է, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները, հանդիսանալով իր հայրենիքում հայ ժողովրդի խաղաղ կենսագործունեության երաշխավորները, պահանջատեր են հայերի նկատմամբ տեղի ունեցած ոճրագործությունների դատապարտման և դրանց զոհերին ու իրավահաջորդներին արդարացի հատուցում տրամադրելու համար»,- նշված է հայտարարությունում:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4