February 28, 2020

Սփյուռքի հայ մասնագետները կարող են մասնակցել Հայաստանի կառավարմանը. նոր ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2020թ. իրականացնելու է պիլոտային ծրագիր, որը նախատեսում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարբեր ոլորտների բարելավման նպատակով ներգրավել սփյուռքահայ արհեստավարժ մասնագետների: «Արմենպրես»ի հետ զրույցում ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Կարեն Ավանեսյանը նշեց, որ ծրագրի նպատակն է սփյուռքի մրցունակ մասնագետների փորձն ու գիտելիքները ներդնել Հայաստանի զարգացման գործում, խթանել Հայաստան-Սփյուռք գործակցությունը, նպաստել «ուղեղների վերադարձին»:

«Նախապես մենք դիմել ենք պետական մարմիններին: Յուրաքանչյուրում տարբեր մասնագետների կարիք կա՝ տնտեսագետ, իրավաբան, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ, սոցիոլոգ և այլն: Երբ մենք ծրագրի մեկնարկի հետ կապված հայտարարությունը տանք, այնտեղ կլինի առցանց գրանցվելու ձև, որտեղ դիմողները կընտրեն այն աշխատավայրը, որը ցանկանում են»,-ասաց Կարեն Ավանեսյանը:

Ծրագրի շրջանակներում հիմնականում սփյուռքահայ մասնագետները կհրավիրվեն և կաշխատեն Հայաստանի պետական մարմիններում՝ ոլորտային հետազոտությունների, ուսումնասիրությունների կատարման, համապատասխան առաջնային ծրագրերի, ռազմավարությունների մշակման և իրականացման ուղղությամբ:  Ծրագրին կարող են դիմել սփյուռքահայ այն մասնագետները, որոնք ունեն մագիստրոսի կամ ավելի բարձր աստիճան:

Ծրագիրը մեկնարկելու է 2020թ. հուլիսի 1-ից և տևելու է 12 ամիս: Ծրագրի իրականացման ծախսերը մասնակիցների համար կապահովի ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, մասնավորապես՝ ավիատոմս (դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ), կացարան:

«Այդ մասնագետները վճարվելու են, բայց դա չի լինելու աշխատավարձ, այլ՝ առօրյա ծախսերի համար: Ովքեր ցանկանում են իրենց մասնագիտական ներդրումն ունենալ Հայաստանի զարգացման գործում, ապա սա լավ հնարավորություն է նրանց համար»,-ասաց նա: Այս տարվա ծրագիրը պիլոտային է և առայժմ նախատեսված է առավելագույն 20 հոգու համար:

Մասնագետներին ընտրելու ընթացակարգը կիրականացվի երկու փուլով: Առաջին փուլով կամփոփվեն բոլոր դիմումները և հաջորդ փուլ կանցնեն միայն այն դիմումները, որոնք համապատասխանում են ծրագրի պահանջներին: Երկրորդ փուլով կընտրվեն ծրագրի մասնակիցները և նրանց վերջնական ընտրությունը կկատարվի հարցազրույցի միջոցով:

«Մասնակիցներից արդեն որպես աշխատող ընտրելու են այն պետական մարմինները, որոնք ներկայացրել են թափուր տեղեր: Այդ մասն ավելի շատ թողնում ենք գերատեսչության վրա: Կարծում եմ՝ լավ հնարավորություն է ոչ միայն մասնագիտական ներդրում ունենալու հայրենիքում, այլև մեկ տարի ապրել, ծանոթանալ պայմաններին, հասկանալ՝ կցանկանան այստեղ շարունակել իրենց գործունեությունը, թե ոչ»,-ավելացրեց Կարեն Ավանեսյանը:

Ծրագրի վերաբերյալ հայտարարությունը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կտարածի առաջիկայում:

Աննա Գզիրյան

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4