June 6, 2023

Աքչամի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող գիրքը թարգմանվել է ֆրանսերեն

Ֆրանսիայում լույս է տեսել ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի Քլարք համալսարանի դասախոս, պրոֆեսոր Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» գրքի ֆրանսերեն տարբերակը` այս մասին հայտնում է ermenihaber-ը։ 

Այդ կապակցությամբ պատմաբանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le monde պարբերականին։ Նրա խոսքով` Հայոց ցեղասպանությունը ժխտողները հաճախ հիմնականում պնդում են, թե 1915-ին տեղի ունեցածը ապացուցող փաստաթղթեր չկան։ «Սպանության հրամաններն ի չիք են դարձնում բոլոր այդ պնդումները։ Գիրքը պատմում է հայերին սպանելու ուղիղ հրամանների եղելության մասին։ Թուրքիայում ժխտողականությունը խոր արմատներ ունի, անգամ պետական համակարգում։ Այս առումով այդ ժխտողականությունը կարող ենք համեմատել Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին ռեժիմի խտրական գաղափարախոսության հետ։ Ժխտողականությունը հնարավոր է միայն հաղթահարել քաղաքականապես։ Այդ ամենը պետք է դիտարկել այն մեծ պայքարի համատեքստում, որի նպատակն է Թուրքիայում հաստատել ժողովրդավարություն։ Միայն իշխանափոխությունը կարող է փոխել Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությունը Հայոց ցեղասպանության հարցում։ Իմ եզրակացությունները կօգնեն նրանց, ովքեր պայքարում են, որ Թուրքիայում  հաստատվի ժողովրդավարություն»,- ասել է Աքչամը։

Մեկնաբանելով ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած որոշումը՝ Աքչամն ընդգծել է. «Դա պատմական որոշում էր։ Այն խորհրդանշեց հին դարաշրջանի ավարտի և նոր դարաշրջանի մեկնարկի մասին։ Այստեղ ես տեսնում եմ ոչ միայն հայ, այլ նաև թուրք ժողովրդի բարոյական հաղթանակը»։ 

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4