July 11, 2020

Ուժեղ Հայաստան-ուժեղ Սփյուռք. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ամփոփում է տարին

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Վեց ամսվա ընթացքում Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակ է այցելել 100 հայրենադարձ, 400-ից ավելին դիմել է կապի այլ միջոցներով, խնդիրները հիմնականում իրավական, մաքսային, կրթական, բնակարանային են: Հայրենադարձվողների մեծ մասը Լիբանանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից են: Այս մասին «Արմենպրես»ի հետ ամփոփիչ հարցազրույցում նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

-Պարոն Սինանյան, ավարտվում է 2019 թվականը, ինչպիսի՞ տարի էր այն հանձնակատարի գրասենյակի համար, ի՞նչ արդյունքներ կառանձնացնեիք:

-Ինչպես գիտեք, գրասենյակը մոտավորապես 7 ամիս է, ինչ կազմավորվել և գործում է: Ունենալով գործառույթների լայն շրջանակ և կառույցի առջև դրված լուրջագույն խնդիրներ՝ մենք նախևառաջ հստակեցրել ենք սփյուռքի հետ աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները, որոնք արտահայտված են նաև 2020 թվականի բյուջեում: Այս տարի մեզ համար մեկնարկային էր, այդ առումով եղան ծրագրեր, որ պահպանեցինք և հաջող իրագործեցինք, սկսեցինք սփյուռքի տարբեր համայնքների հետ երկխոսությունն ու փոխճանաչությունը, առկա խնդիրների վերհանումը, որոնց հիմա վրա էլ նոր ծրագրեր ենք մշակել և նախանշել գալիք տարվա անելիքները: Հիմք դրեցինք սփյուռքի ուսումնասիրման աշխատանքներին, և պատահական չէր, որ առաջին այցս եղավ հենց Ռուսաստանի Դաշնություն, որն իրավամբ սփյուռքի ամենամեծ, ամենաբազմազան և բարդ համայնքն է: Եվս մեկ այց եմ ունեցել Ռուսաստան, սակայն այս երկու այցելություններս, բնականաբար, բավարար չեն հսկայական համայնքը ճանաչելու և բոլոր խնդիրներին ծանոթանալու համար: Արդյունավետ այցեր եմ ունեցել Կիպրոսի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի հայ համայնքներ: Վերջինս սփյուռքի մեծությամբ 4-րդ համայնքն է՝ ահռելի, չիրացված ներուժով, որը երկար տարիներ գտնվել է հայրենի պետության հոգածությունից և ուշադրությունից դուրս: Այս այցերով անուղղակիորեն նախանշեցինք նաև սփյուռքի քարտեզագրման աշխատանքները:

Իրականացրել ենք  «Քայլ դեպի տուն» ծրագիրը, որին այս տարի մասնակցեցին 357 պատանիներ՝ 28 երկրներից: Ծրագիրը կարևորում եմ հոգեբանական հայրենադարձության տեսանկյունից, և մյուս տարի ևս այն պահպանելու ենք որոշ ձևաչափային փոփոխություններով: Անցկացվեց երիտասարդ առաջնորդների վերապատրաստման ծրագիրը, մասնակցեցին 24 երիտասարդ համայնքային գործիչներ՝ 6 երկրից: Համայնքներում առաջնորդության խթանման, համայնքային կազմակերպվածության և համախմբման առումով ծրագիրն արդյունավետ է: Ընդամենը 10 օր առաջ ամփոփեցինք «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական սթարթափերի ծրագիրը, որն այս տարի իրականցվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ: 17 երկրից ընտրված 47 տեխնոլոգիական սթարթափերի 80 ներկայացուցիչներ Դիլիջանի միջազգային դպրոցում զարգացրին իրենց սթարթափերը, ունկնդրեցին ոլորտի լավագույն մենթորներին ու քոուչներին, ստեղծեցին ցանցային հարաբերություններ և պայքարեցին պետական դրամաշնորհների համար: Հայրենադարձության առումով կարևոր ձեռքբերում էր Ազգային ժողովի գիտության, կրթության, սփյուռքի, սպորտի և երիտասարդության մշտական հանձնաժողովում Հայրենադարձության մասին օրենքի մշակման աշխատանքների մեկնարկը, որին ակտիվ մասնակցում են մեր գրասենյակը, ոլորտին քաջատեղյակ հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ, անհատներ: Այս օրենքին զուգընթաց՝ օր օրի նկատելի են դառնում հայրենադարձության գործընթացին խոչընդոտող օրենսդրական բացերը, որոնց բարձրաձայնման և բարեփոխումների ուղղությամբ ևս մենք աշխատում ենք: Անցնող տարվա ընթացքում նաև երկու հավաք ունեցանք. գործարարների համաժողովը, որին մասնակցեցին 197 մասնակից՝ 27 երկրներից, և Սրտաբանության եվրակովկասյան համաժողովը, որին մասնակցեցին 380 սրտաբաններ Հայաստանից և սփյուռքից:

-Ինչպես նշեցիք, օրերս իր հանգուցալուծմանը հասավ կարևոր ծրագրերից մեկը՝ «Ներուժ»-ը: Ասացեք խնդրեմ, ընդհանուր առմամբ ի՞նչ ակնկալիքներ ունենք այս ծրագրից, ի՞նչ արդյունքների ենք սպասում առաջիկայում:

-Դեկտեմբերի 20-ին Դիլիջանի միջազգային դպրոցում ամփոփեցինք «Ներուժ»-ի այս տարվա արդյունքները: Այս տարի ծրագիրն իրականացրինք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ: 17 երկրից ընտրված 47 տեխնոլոգիական սթարթափերի 80 ներկայացուցիչներ ժամանել էին հայրենիք: Քառօրյա հավաքը բավականին արդյունավետ ընթացք ունեցավ, և հատկապես նշանակալի ծրագիր է իր երկու բաղադրիչներով՝ Հայաստանի տնտեսության զարգացմանը և հայրենադարձությանը նպաստելու: 15 000 – 30 000 դոլարին համարժեք պետական դրամաշնորներ ստացան 6 սթարթափեր: Սթարթափերը վերաբերում են գյուղատնտեսության, աղբահանության, սպորտի, ծառայությունների ոլորտների զարգացման և բարելավման նպատակով էլեկտրոնային հարթակների ստեղծմանը: Միջոցներ կներդրվեն սթարթափների հետագա ինկուբացիայի, աքսելերացիայի և գլոբալ շուկաներ դուրս բերելու միջոցառումների իրականացման համար: Վերջինս հասանելի է լինելու ինչպես դրամաշնորհի արժանացած սթարթափերին, այնպես էլ նրանց, որոնք անկախ մրցանակ չստանալու փաստից, ամեն դեպքում կցանկանան ռեալիզացնել իրենց գաղափարը հայրենիքում: Մրցանակային պարգևներից բացի՝ չորս օրերի հավաքի ընթացքում սթարթափերները հնարավորություն ունեցան ծանոթանալ և շփվել հայկական սթարթափ էկոհամակարգի դերակատարների հետ, ստանալ գործնական ուսուցում և ուղղորդում հայաստանյան և միջազգային փորձագետների կողմից, ներկայացնել իրենց սթարթափը ժյուրիի առաջ՝  կազմված միջազգային և տեղական ներդրողներից, աքսելերատորների ու ինկուբատորների ներկայացուցիչներից, տեխնոլոգիական ոլորտի փորձագետներից:

«Ներուժ»-ն արդեն իսկ հաջողել է, և դա են ապացուցում ծրագրի անցած տարվա հաղթողների հաջողությունները: Նրանք հաստատվել են Հայաստանում, հայրենադարձվել են, աշխատատեղեր են բացել, և վստահաբար այս տարվա հաղթողները ևս կարողանալու են նույն արդյունքը գրանցել:

Ձեր պաշտոնավարման ընթացքում բազմիցս ճանապարհորդել եք, եղել եք տարբեր երկրների հայ համայնքներում: Ի՞նչ հարցեր ու խնդիրներ եք վեր հանել: Առանձնացրե՞լ եք, արդյոք, թե Հայաստանը առաջիկայում ի՞նչ հարցերում կարող է աջակցություն ցուցաբերել:

Ինչպես նախորդ հարցի պատասխանում նշեցի, այցելություններ եմ ունեցել սփյուռքի 4 համայնքներ, որոնք միմյանցից նկատելիորեն տարբեր են, և բնականաբար, բարձրաձայնված խնդիրները ևս միմյանցից տարբերվում են: Շատ հաճախ համայնքներում պարզապես առկա է չհասկացվածություն հայրենի պետության կողմից, որի համար հիմք են դարձել երկար տարիներ Հայաստան-սփյուռք հարաբերություններում առկա ձևականությունը, անբովանդակ երկխոսությունը, անկեղծության պակասը: Մի շարք խնդիրներ բխում են հենց այս պատճառից:

Գաղտնիք չէ, որ սփյուռքն այսօր, առավել քան երբևէ, կանգնած է ձուլման, ինքնության կորստի մարտահրավերների առաջ: Գալիք տարիները և՛ Հայաստանից, և՛ սփյուռքից պահանջելու են ուժերի լարում և համատեղ գործողությունների իրականացում, որպեսզի դանդաղեցվի և կասեցվի ձուլման գործընթացը: Այս կոնտեքստում ևս մեկ անգամ կարևորվում է «Ուժեղ Հայաստան-ուժեղ սփյուռք» բանաձևը, որտեղ հզոր, զարգացած, առաջադեմ Հայաստանը ամուր սփյուռք ունենալու գլխավոր գրավականն է: Ցանկացած հայ պետք է ցանկանա, ոգեշնչվի իր ինքնությունը կապել հայրենիքի, հայկականության հետ: Այսօր սփյուռքում խնդիր է արևմտահայերենի պահպանումը, ընդհանրապես լեզվի կորուստը, հայկական դպրոցների մրցունակության բարձրացումը, ադապտացված, մատչելի և ժամանակակից ուսումնական գրականության պակասը:

Մի շարք խնդիրներ, օրենսդրական բացեր են առկա հայրենադարձության  գործընթացում, Հայաստանի կյանքին սփյուռքի ներգրավվածությունն ընդլայնելիս, բարեգործություններ իրականացնելիս, հայաստանյան մի շարք պետական օղակների հետ սփյուռքահայերի շփումներում: Այս ուղղությամբ սփյուռքն իրապես ակնկալում է մեր աջակցությունն օրենսդրական բարեփոխումների, ընթացակարգերի դյուրինացման, որոշակի ինտեգրացիոն և աջակցման ծրագրեր մշակելու հարցում: Սրանց ուղղությամբ մենք աշխատում ենք: Ինչ վերաբերում է հայապահպանությանը, այստեղ էական է պետականակենտրոն մոտեցումը, սփյուռքի և Հայաստանի միջև ֆիզիկական և հոգեբանական վստահելի կապերի ստեղծումը, հայաստանյան կյանքին սփյուռքի լիակատար ներգրավվածության ապահովումը, փոխվստահության  մթնոլորտի ձևավորումը: Վերջերս աշխատանքային այցով ԱՄՆ-ում էի, և իմ հանդիպումներից մեկն ամբողջությամբ նվիրված էր արևմտահայերենի պահպանման, Հայաստանում արևմտահայերենի կենտրոն ունենալու խնդրին:

-Տևական ժամանակ խոսվում է այն մասին, որ մեծացվի սփյուռքի ներգրավվածությունը հայաստանյան կյանքին: Ի՞նչ ծրագրեր կան նախանշված այս ուղղությամբ:

Այո, արդեն մասամբ անդրադարձա այս հարցին: Նախևառաջ անհրաժեշտ են օրենսդրական դաշտի բարեփոխումներ, որոնք սահմանափակում կամ պարզապես անհնարին են դարձնում սփյուռքահայերի ներգրավումը Հայաստանի պետական համակարգում, քաղաքական կյանքին, որոշակի պաշտոնների նշանակվելիս: Վերջերս իմ  հարցազրույցներից մեկում նշել եմ, որ ապազգային մտածելակերպ է, որ սփյուռքահայն իրավունք չունի խառնվել Հայաստանի ներքին կյանքին: Եվ այս ուղղությամբ մենք պետք է համառորեն աշխատենք: Արդեն իսկ մյուս տարվա ծրագրերում առկա են որոշ բաղադրիչներ, որոնցով նպաստելու ենք հատկապես պետական համակարգում սփյուռքի լավագույն ներուժի ներգրավմանը: Այս ամենին էապես նպաստելու է նաև սփյուռքի քարտեզագրումը, որով հասկանալու ենք, թե աշխարհի որ ծայրում կոնկրետ ինչպիսի ներուժ է առկա, և ինչ հնարավոր տարբերակներ կան այս ներուժը ինչ-որ կերպ Հայաստանին կապելու, Հայաստան բերելու համար:

-Տարբեր երկրներ այցերի ընթացքում ՀՀ վարչապետը նշում էր, որ չկա մեկ միասնական սփյուռքի կառույց, ըստ այդմ, այս կամ այն հարցի վերաբերյալ չենք կարողանում ունենալ սփյուռքի միասնական կարծիք: Ըստ ձեզ՝ ի՞նչ անելիքներ կան այս ուղղությամբ:

Գալիք տարվա մեր 3 համաժողովներից մեկը լինելու է համահայկական համաժողովը, որն իր բովանդակությամբ և ձևաչափով էականորեն տարբերվելու է նախկինում իրականացված նմանատիպ համաժողովներից: Հիմնական հարցերից մեկը, որը դրված է լինելու համաժողովի առջև, համահայկական խորհրդի գաղափարի քննարկումն ու դրա ստեղծման հնարավորություններն են լինելու: Հուսանք՝ կկարողանանք որևէ ձևաչափով, լինի դա խորհրդատվական կամ այլ, հասնել նման մարմնի կազմավորման, որը էապես կնպաստի Հայաստան-սփյուռք հարաբերությունների ակտիվացմանն ու գործակցության արդյունավետությանը:

– Անդրադառնանք ՀՀ կառավարության խոշոր նախաձեռնություններից մեկին՝ հայրենադարձության խթանմանը: Սփյուռքի գլխավոր հանձնակատարի հիմնական անելիքը այս գործում ո՞րն է լինելու, և ի՞նչ ծրագրեր կան նախատեսված այս ուղղությամբ:

Հայրենադարձության գործընթացի կանոնակարգման և ակտիվացման համար անհրաժեշտություն է համապատասխան օրենքի ընդունումը: Արդեն նշեցի, որ Ազգային ժողովի գիտության, կրթության, սփյուռքի, սպորտի և երիտասարդության մշտական հանձնաժողովում՝ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ, մեկնարկել են «Հայրենադարձության մասին» օրենքի մշակման աշխատանքները մեր գրասենյակի և ոլորտին առնչվող այլ շրջանակների հետ: Միևնույն ժամանակ, հայրենադարձություն այսօր էլ տեղի է ունենում, մեզ ամեն օր դիմում են հայրենադարձներ: 6 ամսվա ընթացքում գրասենյակ են այցելել 100 հայրենադարձներ, 400-ից ավելին դիմել են կապի այլ միջոցներով, նրանց խնդիրները հիմնականում իրավական, մաքսային, կրթական, բնակարանային են: Հայրենադարձվողների մեծ մասը Լիբանանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից են:

Հայրենադարձության բաղադրիչ ունեն նաև մյուս տարվա մեր գրեթե բոլոր ծրագրերը, որտեղ մենք շեշտը դրել ենք, մասնավորապես, հոգեբանական հայրենադարձության վրա:

-2020 թվականին որո՞նք են լինելու Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի առանցքային ծրագրերը: Ի՞նչ անելիքներ կան նախատեսված հաջորդ տարվա համար:

2020 թվականին ծրագրերի իրականացումը մենք բաժանել ենք 2 հիմնական ուղղության՝ Հայաստան-սփյուռք գործակցության իրականացում և ՀՀ զարգացման գործընթացներում սփյուռքի ներուժի ներգրավում, որոնց համար ընդհանուր կպահանջվի 775 մլն ՀՀ դրամ: Կշարունակենք «Քայլ դեպի տուն» ծրագիրը: Հաջորդ տարի մենք նախատեսում ենք սփյուռքից հյուրընկալել 13-22 տարեկան մինչև 800 մարդու: Ծրագրի նորությունն այն է, որ այս տարի երեխաները հնարավորություն կունենան այցելել Արցախ: Երիտասարդ առաջնորդների վերապատրաստման ծրագրին կմասնակցեն մինչև 40 երիտասարդներ: Նախաձեռնել ենք բոլորովին նոր մի ծրագիր, որի ընթացքում կազմակերպելու ենք Հայաստանի հանրային ոլորտում աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտ սփյուռքահայ երիտասարդ մասնագետների պրակտիկան: Այն նպատակաուղղված է բարձրագույն կրթությամբ, մասնագիտական բարձր որակավորմամբ սփյուռքահայ մասնագետներին Հայաստան բերելուն: Իրականացնելու ենք Հայաստան-սփյուռք գործակցության վերաբերյալ իրազեկման ծրագիր, որի շրջանակում պատրաստվելու են փոխճանաչությանն ուղղված մեծաթիվ մեդիանյութեր: Լինելու եմ սփյուռքի բազմաթիվ համայնքներում և տեղում ծանոթանալու եմ խնդիրներին, առաջարկներին:

Բոլորովին առանձին և մեծ ծրագիր է սփյուռքի համայնքներում ուսումնասիրությունների իրականացմանը և ներուժի բացահայտմանն ուղղված ծրագիր: Սա ենթադրում է բոլոր հնարավոր և արդիական միջոցներով տվյալների հավաքագրում, մշակում, համադրում: Այստեղ առաջին հերթին մենք գործ ունենք սփյուռքի ներուժի քարտեզագրման հետ, որը պետք է իրականացվի ամենաբարձր մակարդակով ու անընդհատ թարմացվող ռեժիմով: Վիրտուալացվելու են քարտեզագրման աշխատանքների ընթացքում  ձեռք բերված տվյալները, ընդհանուր նորարարական, պաշտպանված հարթակ կստեղծվի, կներդրվեն թարմացման մեխանիզմներ:

Հաջորդ տարի նախատեսում ենք կազմակերպել 3 համաժողով: Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովում ակնկալվում են մինչև 1500 մասնակիցներ սփյուռքի գրեթե բոլոր համայնքներից: Համաժողովը նախատեսվում է անցկացնել Երևանում՝ 3 օր տևողությամբ: Համահայկական նշանակության խնդիրները քննարկելու, համատեղ լուծումներ գտնելու և աշխարհին ճիշտ ներկայացնելու նպատակով նախատեսվում է Երևանում կազմակերպել սփյուռքահայ քաղաքական գործիչների և պետական պաշտոնյաների համաժողով, որին հրավիրվելու են աշխարհում հայազգի պետական պաշտոնյաները, քաղաքագետները, միջազգայնագետները և այլն: Ակնկալվում է մինչև 100 հոգու մասնակցություն սփյուռքից: Սփյուռքի ներդրումների և բարեգործության համաժողովի նպատակն է լինելու սփյուռքի գործարարներին և ներդրողներին ներկայացնել ՀՀ-ում ներդրումային պետական քաղաքականությունը, Հայաստանի և սփյուռքի գործարարների միջև համագործակցության հաստատումը, ինչպես նաև համատեղ ներդրումային ծրագրերի կազմումը և իրականացումը, համակարգային խնդիրների վերհանումն ու քննարկումը, անցյալի փորձից դասեր քաղելը: Համաժողովի նպատակն է նաև  ուսումնասիրել սփյուռքի կողմից տարբեր տարիներին իրականացված բարեգործական ծրագրերը, դրանց արդյունքները, համադրել իրականացվող բարեգործական ծրագրերը, բարեգործների միջև փոխադարձ համագործակցության հաստատումը և իրականացվող ծրագրերին սփյուռքի կողմից վերահսկողության մեխանիզմների մշակումը: Համաժողովին նախատեսվում է Հայաստան հրավիրել մինչև 300 սփյուռքահայ գործարարների, ներդրողների, տնտեսագետների, բարեգործների:

Աննա Գզիրյան

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4